Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանի հետ:
– Տիկին Մովսիսյան, Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա մեկնարկային ասուլիսում նշվեց, որ մեծ ջանքերի շնորհիվ է, որ Կոմիտասի ծննդյան հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում, այսինքն՝ միջազգայնացվել է: Չե՞ք կարծում, որ ավելի մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի Կոմիտասը վերջապես մուտք գործի մեր «կենցաղ», դառնա յուրաքանչյուրինս… Հոբելյանական տարվա կոմիտասյան առաջին՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային մենահամերգից հետո վարչապետը նեղսրտել էր՝ տեսնելով հանդիսատեսի սակավությունը:
– Առաջին հերթին պետք է սկսել մեզանից: Կարծում եմ՝ յուրաքանչյուրի մեջ կա իր Կոմիտասը, իր պատկերացումը Կոմիտասի մասին եւ պետք է փորձենք մեր այդ սերը փոխանցել այն ունկնդրին, որը դեռեւս պատրաստ չէ ընկալել Կոմիտաս: Ի դեպ, չընկալելու պատճառները քիչ չեն: Երբեմն մեր մեծերին այն աստիճան ենք մեծարում, դարձնում կուռք… պատրաստ ենք աստվածացնել, ողբերգականացնել, երբեմն անիրական մեծություն դարձնել նույն Կոմիտասին, մոռանալով, որ առաջին հերթին նա մարդ էր, երաժիշտ, բանաստեղծ… Կարող էր ծիծաղել, տխրել, սիրել… Կցանկանայի հոբելյանը առիթ ծառայեր ճանաչելու մեկ այլ Կոմիտասի…
– Խնդրում ենք մանրամասնել «մեկ այլ Կոմիտասը»:
– Առանց լուսապսակի, պարզ ու անաղարտ, անկեղծ ու շատ մարդկային:
– Վարդապետն ունի աշխարհիկ երգերից մինչեւ պարեղանակներ ու ծիսական երգերի շարեր… Եթե անցած տասնամյակների ընթացքում դրանք մեծ հաշվով չեն մտել կենցաղ, կարծում եք՝ հիմա հնարավո՞ր է, ասենք՝ մեր հավաքների ժամանակ վայելել կոմիտասյան պարեղանակներ…
– Ոչ:
– Ինչո՞ւ, ձեր պատասխանը կարելի՞ է ընկալել, որ Կոմիտասը պահանջում է պատրաստված ունկնդիր:
– Ոչ: Պարզապես ներկայիս կենցաղային կամ սպառողի համար գրված երաժշտությունը այլ նպատակների է ծառայում եւ այլ ճաշակ ենթադրում: Ասածս վերաբերում է համերգային երկացանկին, դրա հարստացմանը ու մատուցման նոր ձեւերի միջոցով դրանց ներկայացմանը, որը կգրավի մեր ունկնդրին, գուցե արդիական տեսաշարային, համակարգչային եւ տեխնիկական այլ միջոցների, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս դեպքում՝ գուցե բառը դարձյալ օգտագործեմ, Կոմիտասը կհասնի այսօրվա ունկնդրին:
– Ձեր խոսքը վերաբերում է կոմիտասյան մերօրյա մշակումներին, ինչը նորություն չէ:
– Նաեւ մշակումների տեսքով, նորովի մեկնաբանությունների շնորհիվ: Ի դեպ, Կոմիտասը մնացել է ակադեմիական մշակույթի շրջանակներում: Ինչ խոսք՝ սա իր լավ կողմերն էլ ունի, ինչը հնարավորություն է տվել տասնամյակների ընթացքում հնարավորինս անաղարտ պահպանել կոմիտասյան գանձերը:
– Վերադառնանք տասնամյակներ առաջ: Կոմիտաս են հնչեցրել, օրինակ՝ աշխարհում ամենահին՝ Վարդապետի անվան լարային քառյակը, երաժշտարվեստի մեր մեծերը՝ առանց բացառության, օրինակ՝ Գոհար Գասպարյանը երեք համերգային տարբեր ծրագրերով Կոմիտաս է ներկայացրել աշխարհում, ինչից ոգեւորված Տիգրան Մանսուրյանը հոդվածով է հանդես եկել՝ փաստելով նման աշխատանքի կարեւորությունը: Դարձյալ անդրադառնանք կոմիտասյան նորովի մեկնաբանություններին: Երբ, օրինակ, Կոմիտասի որեւէ գործ է նման ձեւով ներկայացվում, իսկույն հնչում են հակասական կարծիքներ…
– Անշուշտ, մեր մեծերի կատարած գործն անքննարկելի է: Ասելով մատուցման նոր ձեւ՝ նկատի չունեմ առաջին հերթին բնագրի խեղաթյուրում, այլ այն հնարավորինս ավելի գրավիչ ու հասկանալի մատուցելու արվեստը: Այս ուղղությամբ անկասկած մեծ գործ ունեն իրականացնելու պրոֆեսիոնալները՝ ծայրահեղության չհասցնելու համար կոմիտասյան արվեստը ժողովրդայնացնելու գաղափարը:
– Թույլ տվեք ձեր ասածին հավելել նաեւ կոնսերվատորիայի դերակատարումն այս գործում:
– Հիշեցնեմ, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որը կազմել է միջոցառումների ցանկ, որտեղ իրենց ներկայությունն ունեն կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական լավագույն ուժերը: Ավելին՝ միջոցառումներին, այդ թվում՝ գիտական, կատարողական եւ այլն, իրենց մասնակցությունը կունենան նաեւ մեր ուսանողները, բացառապես բոլոր մասնագիտությունների գծով: Չէի ցանկանա շատ բացել փակագծերը, բայց արդեն իսկ կան հետաքրքիր նախագծեր, որոնք կխանդավառեն ոչ միայն մեր ուսանողներին, համոզված կարող եմ ասել՝ նաեւ ունկնդրին: Ի դեպ, այս տարվա «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը նվիրված է Վարդապետի հոբելյանին ու նման պատվաբեր առաքելությանը մասնակցելու համար հրավիրվել է կոնսերվատորիան՝ ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանի, մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի, կոնսերվատորիայի ուսանողական երգչախմբի… Մի խոսքով՝ տարին ընթանալու է Կոմիտասի շնչով, նրա հետ ու նրա ոգով: Հավելեմ նաեւ, որ կոնսերվատորիան իր նախաձեռնությամբ դիմել է այլ երկրների երաժշտական բուհերին՝ առաջարկել համերգային ծրագրերում ընդգրկել Կոմիտասի ստեղծագործությունները:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ,
09.02.2019
Աչքիս,հոդվածագիրը կամ Կոմիտաս չգիտե,կամ ընդունակ չէ գնահատելու նրա ԽՈՐ ազդեցությունը ,որի շնորհիվ հայ կոմպոզիտորական դպրոցը փայլել է ոչ միայն ԽՍՀՄ,այլեւ աշխարհում:Կամ էլ,հոդվածագրի հեղինակի մոտ առկա են երկուսն էլ՝,այսինք,եւ Կոմիտաս չգիտե եւ նաեւ ՆՐԱ դերն ու նշանակությունը հայ կոմպոզիտորական եւ ինչու չէ,նաեւ կատարողական արվեստի վրա:Երբ ես,անուսումս եկա ուսումնարան,իմ Գրիգոր Հախինյանը ինձ տվեց Կոմիտասի հավաքագրած մի ժողովրդական թեմ,որ ես մշակեի քառաձայն երգչախմբի համար, եւ սա իմ սրտովն էր,որովհետեւ տարիներ ի վեր «մեխանիկորեն»լսելով մեր տան ռադիոն, իմ մեջ նստել էր հայ երգ,երաժշտությունը:Ես այսօր հպարտ եմ,որ իմ երաժշտության մասին գրում են՝«Գրում է ազգային երաժշտություն ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկայով»:Սա Կոմիտասի շնորհքն է….մի նսեմացրեք:Օրինակ ,ինչ կնշանակեն այս տողերը՝ «Երբեմն մեր մեծերին այն աստիճան ենք մեծարում, դարձնում կուռք… պատրաստ ենք աստվածացնել, ողբերգականացնել, երբեմն անիրական մեծություն դարձնել նույն Կոմիտասին, մոռանալով, որ առաջին հերթին նա մարդ էր, երաժիշտ, բանաստեղծ»… Ես էլ կարող եմ ասել,որ Սովետի փլուզումից հետո Երեւանի պետ Կոնսերվատորիան «երբեմն»չափից ավելի շռայլ էր կոչումներ եւ գիտական թեզեր բաժանելու մեջ…Զօրինակ՝ կոմպոզիցիայի բաժնում ավելի շատ պրոֆեսորներ կային քան թե ընդունվող ուսանողներ….,սրան էլ գումարած արվեստագիտության թեկնածուներ,դոկտորներ. եւ եւ եւ….Կոմիտասին չկպնեք:
Լրագրող Սամվել Դանիելյանը նախկինում երաժխշտ է եղել և շատերիս նման ավարտել է Կոմիտասի անվ․ կոնսերվատորիան ․․․
Կարծում եմ, բոլոր կողմերն էլ, իրենց գործում լինելով պրոֆեսիոնալներ, այնուամենայնիվ ,,քիչ մը,, չափազանցեցրել են ․․․ Ըստ իս, այսօր, Կոմիտասին մեծարելու համար, պետք է ցույց տալ իր տնկած ,,հայ պրոֆեսիոնալ երաժշտության,, ծառի պտուղները ․․․ Կոմիտասի գործերի կողքին ներկայացնելով նաև այլ կոմպոզիտորների, այլ ժանրերի (այդ թվում` մեծակտավ) գործեր, որպեսզի երևա թե ի՞նչ պտուղներ է, 100 տարի անց, տվել այդ ծառը։ (Այս մասին, ես մի քանի օր առաջ էլ եմ գրել) … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան
Ահա թե ինչ ենք անելու Մոնրեալում Կոմիտասի 150 ի առիթով
https://www.osl.qc.ca/fr/concerts/spirituelle-arm%C3%A9nie
https://hraparak.am/post/1469265445?fbclid=IwAR1HJOnqFwIcl-U_DTAlh9eUx_XLpGv8itRK18B4whcEHR2CRn3FEBx73CI
Շնորհակալություն, Պետրոս Շուժունյան