2019 թ. հատուկ տարի է Եվրամիության հետ մեր Արեւելյան գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների առումով։ Այս տարի մենք նշում ենք իրական եւ կենսունակ գործընկերության՝ Արեւելյան գործընկերության տասնամյակը։
Շատերը չէին հավատում, որ այս գործակցությունը տարածաշրջանում որեւէ փոփոխություն կբերի, սակայն մինչ այժմ հիշում ենք այն հուզմունքը, որը համակել էր բոլորին ԱլԳ առաջին տարիներին. սա կապված էր այն համոզմունքի հետ, որ կառուցում ենք ինչ-որ նոր եւ շրջադարձային բան։
Տարիների ընթացքում այս գործընկերությունը տեսել է իր բաժին դժվարությունները։ Եվ այնուամենայնիվ, այն ոչ միայն կարողացել է դիմակայել, այլեւ զարգացել, հասունացել եւ հասել է ավելի մեծ արդյունքների, քան կարելի էր այն ժամանակ կանխատեսել։
Արեւելյան գործընկերությունը մնում է ԵՄ կողմից իր Արեւելյան գործընկերների հետ հարաբերվելու միակ համակողմանի ձեւաչափը։ Դրա նպատակները եւ գերակայությունները լայնորեն ընդունված եւ ճանաչված են։ Այն ավելի մեծ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) մաս է եւ մի հովանոց է, որի ներքո գործընկերները կարող են խորացնել իրենց հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ քննարկել ընդհանուր կարեւորության հարցեր։
Այսօր մենք վստահ կարող ենք ասել, որ այս եզակի գործընկերությունը ԵՄ-ի արտաքին քաղաքականության նախաձեռնություններից ամենահաջողվածներից մեկն է։ Այստեղ հարաբերությունները խորապես հիմնված են մեր ընդհանուր արժեքների՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ լավ կառավարման, ինչպես նաեւ ամեն երկրի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքի կենտրոնական սկզբունքի վրա, ինչը ԵՄ-ը եւ իր անդամ պետությունները միաձայն եւ մշտապես պաշտպանել են այս տասը տարիների ընթացքում։
Քաղաքական վերափոխումը, սակայն, դեռեւս չի անցել հետդարձի անհնարինության կետը, եւ տակավին դեռ շատ բան կա անելու։ ԱլԳ երկրների քաղաքացիների մեծ մասը, այնուամենայնիվ, եվրոպական արժեքների եւ եվրոպական ինքնության կրողն են, ինչը ոգեշնչում է նրանց՝ շարունակելու իրենց ջանքերը այս նպատակին հասնելու գործում։
Արեւելյան գործընկերության միջոցով Եվրամիությունը եւ իր Արեւելյան գործընկերները շարունակաբար իրենց ջանքերն են ներդրել Եվրոպայի արեւելքի զարգացման, անվտանգության եւ կայունության գործում։
Ի՞նչ ենք իրագործել այս տասը տարվա ընթացքում։
Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ Ասոցիացման եւ Ազատ առեւտրի համաձայնագրերը բարեփոխումների ճանապարհ հարթեցին եւ թափ հաղորդեցին տնտեսական, սոցիալական եւ տարածաշրջանային զարգացմանը։ Այս շրջանակներում գործընկեր երկրներին ընձեռվեց ԵՄ 500 մլն սպառող ունեցող շուկա մուտք գործելու հնարավորություն, եւ որ ավելի կարեւոր է, մի շուկա, որն ունի հստակ կանոններ եւ որակի չափանիշներ։ ԵՄ-ն արդեն ԱլԳ երկրների ամենամեծ առեւտրային գործընկերն է։ Եվ առեւտրի ծավալները կայուն կերպով աճում են։
Մենք ակնկալում ենք, որ աճող առեւտրին կհետեւի ներդրումների աճը։ ԵՄ-ն մեկնարկել է Արտաքին ներդրումների պլանը, ինչը ներդնել ցանկացող գործարարներին կտրամադրի ֆինանսական օգնություն, երաշխիքներ եւ տեխնիկական աջակցություն։ Աճող առեւտուրը եւ ներդրումները մեր ընդհանուր տնտեսական շահերից են բխում։
Աճող առեւտրային հոսքերն ապահովելու, ներդրումների հնարավորություն տալու եւ տնտեսական աղերսներն ամրապնդելու նպատակով խոշոր ներդրումներ են անհրաժեշտ տրանսպորտի, թվային եւ էներգետիկ ենթակառուցվածքներում։ ԵՄ-ը վերջերս ընդլայնել է Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցը (ՏԵՏՑ)՝ ընդգրկելով նաեւ ԱլԳ երկրները։ Համաշխարհային բանկի հետ այժմ մշակվում է մոտ 13 միլիարդ եվրո ծավալով ներդրումային ծրագիր, որի միջոցով ընդհանուր առմամբ 4,800 կմ ճանապարհ, երկաթգիծ եւ վեց նավահանգիստ կկառուցվի։
Էներգետիկայի բնագավառում ԵՄ-ն խրախուսում է դիվերսիֆիկացիան, տրանսֆորմացիան, արդյունավետությունը եւ վերականգնվող էներգետիկան։ Մենք աշխատում ենք ածխաթթու գազի արտանետումների էլ ավելի կրճատման եւ արտանետումների արդյունավետ ազգային մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ։ Սա կարեւոր է մրցունակության, ավելի կայուն տնտեսական զարգացման եւ մարդկանց կյանքի իրական օգուտ բերելու առումով։
Թվային ոլորտում մենք ԱլԳ երկրներին խրախուսում ենք ներդաշնակեցնելու իրենց ռոումինգային վճարները՝ որպես ԵՄ ռոումինգային ծածկույթի հետ ներդաշնակեցման առաջին քայլ։
2014 թ.-ից ի վեր՝ ավելի քան 30,000 երիտասարդ է մասնակցել փոխանակման, շարժունակության եւ կամավորության ծրագրերի՝ «Էրազմուս+»-ի միջոցով, իսկ «ԵՄ-ն՝ Երիտասարդների համար» (EU4Youth) ծրագիրն աջակցում է գործընկեր երկրներում շուրջ 23,000 երիտասարդի զբաղվածության ապահովմանը եւ ձեռներեցությանը։
Սակայն մեր գործընկերությունը ավելին է, քան Ասոցիացման համաձայնագրերը, Ազատ առեւտրի տարածքները, առանց վիզայի ճամփորդությունները եւ երիտասարդների կարողություններիզարգացումը։ Այն կայուն զարգացման եւ նորարարության մասին է։ Այն կենսունակության մասին է։ Այն միավորում է երկրների ու մարդկանց եւ ընդգրկում է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ աջակցություն քաղաքացիական հասարակությանը, բազմակարծությանը եւ անկախ մամուլին, ինչպես նաեւ գենդերային հավասարության եւ խտրականության բացառման ապահովում։
Մեկնարկից ի վեր՝ փոխըմբռնում կար այն հարցի շուրջ, որ պետք չէ բոլորին նույն սկզբունքներով մոտենալ։ Ուստի ԱլԳ-ն ունի տարբերակված մոտեցում։ Այն երկրները, որոնք ցանկություն ունեն ավելի մոտ լինել ԵՄ-ին, ունեն այդ հնարավորությունը՝ հարմարեցված իրենց ձգտումներին եւ արագությանը։
Հայաստանը եւ ԵՄ-ն ստորագրել են Ընդլայնված համագործակցություն եւ համագործակցություն համաձայնագիրը։ Ադրբեջանը եւ Բելառուսն ընտրել են իրենց հատուկ ուղիները։ 2017 թ. Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ ԵՄ եւ գործընկեր երկրների առաջնորդները մեկ անգամ եւս ընդգծել են տարբերակված մոտեցման եւ տարամասշտաբ աջակցության կարեւորությունը։
Մեր աջակցությունը բարեփոխումներին, իհարկե, արժանիքների հիման վրա աջակցություն է։ Առաջընթացը եւ քաղաքական կամքը այն գործիքներն են, որոնցով մենք չափում ենք հավակնությունը։ Այս առումով ուժեղ քաղաքական կամքի առկայության անհրաժեշտություն կա գործընթացում։ Գործընկեր երկրները պետք է շարունակեն կրել հստակ պատասխանատվություն բարեփոխումների իրականացման գործում։
Մենք ակնկալում ենք, որ գործընկեր երկրները կհռչակեն ավելի բարձր հավակնություններ՝ անկախ ԵՄ-ի հետ իրենց պայմանագրային հարաբերություններից՝ բարեփոխումների գործում հաջողության հասնելու նպատակով։ Ավելի մեծ աշխատանքը կբերի ավելի մեծ աջակցություն։ Սակայն, նույն կերպ եւ մենք կարձագանքենք ավելի քիչ աջակցությամբ՝ ավելի քիչ աշխատանքի փոխարեն, եթե դրա անհրաժեշտությունը ծագի։
Մենք ցանկանում ենք օգտվել այս տասներորդ տարեդարձի առիթից՝ արձանագրելու մինչ օրս ձեռք բերված հաջողությունները։ Բայց ոչ միայն սա։ Այս տարի մենք կքննարկենք՝ ուր ենք մենք ուղեւորվում եւ ինչպես կարող ենք հասնել այդտեղ։
Ինչո՞ւ դեռ ունենք Արեւելյան գործընկերության կարիքը, ինչո՞ւ է համագործակցությունը եւ խնդիրների միասնաբար լուծումը մեզ համար ավելի լավ։ Ինչպե՞ս պահպանել եվրոպականացման ճանապարհին ակտիվ բարեփոխումների ձգտման գրավչությունը գործընկեր երկրների համար։ Մենք պետք է լուրջ եւ խորը վերլուծություն իրականացնենք մեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ եւ թե ինչ կարող ենք առաջարկել մեկս մյուսին։
Արեւելյան գորընկերների հետ հարաբերությունները տարբերվում են մեկ երկրից մյուսը։ Միեւնույն ժամանակ, Արեւելյան Եվրոպան կարեւոր է ԵՄ-ի համար՝ որպես ամբողջություն, ինչպես եւ ԵՄ-ն կարեւոր է Արեւելյան գործընկերների համար։ Արեւելյան գործընկերությունը երկակի բնույթ ունի. այն թույլ է տալիս բոլորիս փոխադարձաբար սովորել, ադապտացվել եւ ներգործել միմյանց վրա։ ԱլԳ-ը վերափոխական քաղաքականություն է, ինչը Արեւելյան գործընկերներին եւ նրանց քաղաքացիներին ավելի է մոտեցնում ԵՄ անդամ պետություններին, իսկ մեզ՝ մոտեցնում է նրանց։
Եվրոպային՝ որպես մեկ միասնականություն, եզակի է դարձնում ոչ միայն քաղաքականությունը եւ տնտեսությունը, այլեւ մշակույթը։ Արեւելյան գործընկերության բոլոր երկրները եվրոպական մշակույթի մաս են։ Եվրոպայի էներգիան եւ հարմարվողականությունը կախված կլինի նաեւ մեր միասնական ժառանգության հարուստ եւ զանազան ավանդույթներից օգուտ քաղելու պատրաստակամությունից եւ ունակությունից։
Պետք է ընդունենք, որ ապրում ենք տեղեկատվության եւ հաղորդակցության պատերազմի կենտրոնում։ Ուստի եկեք հստակորեն արձանագրենք, որ անկասկած մենք այժմ ավելի լավ հանգրվանում ենք, քան կարող էինք լինել Արեւելյան գործընկերության միասնական ջանքերի բացակայության դեպքում։ Շարունակական բարեփոխումները, որոնք ստանում են ԵՄ-ի աջակցությունը, առաջնորդել են մեր Արեւելյան գործընկերների արդիականացումը՝ վերափոխելով հասարակությունները՝ դարձնելով դրանք ավելի կենսունակ եւ բարգավաճ, եւ բարելավելով մարդկանց կյանքը։
Արեւելյան գործընկերության տասներորդ տարեդարձին, անկախ ապագա խորը վերլուծության արդյունքներից, հիմնական հրամայականը պարզ է. մենք պետք է վերստանձնենք Արեւելյան հարեւանների հետ աշխատանքի հանձնառությունը եւ նոր դինամիզմ հաղորդենք հաջորդ տասնամյակին։
Առաջ նայելով՝ մենք կարիք ունենք թե նվիրվածութան, թե ստեղծագործականության՝ գտնելու քաղաքական ներգրավվածության եւ հավակնությունների ճիշտ բանաձեւը։ Մենք պետք է գտնենք ճիշտ գործիքներ, որոնք թույլ կտան այս գործընկերությունը շարունակելու գրավիչ լինել՝ որպես զարգացման եւ արդիականացման շարժիչ։ Այս նպատակով մենք պետք է զրուցենք մեր նպատակների, գերակայությունների եւ միջոցների մասին։ Քանզի, որպես եվրոպացիներ՝ թե ԵՄ ներսում եւ թե ԵՄ-ից դուրս՝ մենք Ավելի Ուժեղ ենք Միասին։
Այն, ինչ անում ենք այսօր, պայմանավորելու է մեր ապագան։
ՄԱՐԳՈՏ ՎԱԼՍԹՐՅՈՄ
Շվեդիայի արտաքին գործերի նախարար
ՅԱՑԵԿ ՉԱՊՈՒՏՈՎԻՉ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար
ՏՈՄԱՇ ՊԵՏՐԻՉԵԿ
Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար
«Առավոտ» օրաթերթ,
09.02.2019