Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ «Առաջին դեմքից». Այն մարդիկ, ովքեր սոցիալական մեդիայում իմ դեմ նախաձեռնեցին այդ գարշելի հակաքարոզը՝ նրանցից շատերն այսօր նույնպես թիրախավորված են

Փետրվար 11,2019 10:00

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, թե այն «իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով կոնկրետ իմ ու Արտակ Զեյնալյանի հասցեին խիստ ուղղորդված, համակարգված, առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից»: Նշում էր նաեւ, թե փաստեր է տրամադրել ոստիկանությանը. «Ամենաանբարո, ամենախուլիգան, ամենավիրավորական հայհոյանքներն են հասցրել ինձ, իմ երեխային, իմ ծնողներին, իմ մահացած հորը։ Դա ես չեմ ներելու, պատասխան եք տալու։ Ամբողջ կյանքս դնելու եմ նրա վրա, որ դուք՝ բոլորդ, հատ-հատ իրավական հարթության մեջ պատասխան տաք դրա համար։ Սա ես դարձնելու եմ իմ կյանքի նպատակը։ Ձեզանից յուրաքանչյուրը իրավական դաշտում պատասխան է տալու»: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանից նախ հետաքրքրվեցինք` պատասխան տվեցի՞ն: Նա պատմեց, որ բոլոր գործերով քաղհայցեր են ներկայացվել. «Բոլոր կոնկրետ անձերի դեմ՝ ոչ ֆեյքերի, քանի որ նրանց գերակշիռ մասը ֆեյքեր էին»: Սակայն ոստիկանությունն ուսումնասիրելով այդ մեկնաբանությունները՝ պատասխանել էր, թե մահվան սպառնալիքներ չկան, մնացածը վիրավորանքներ են, որոնց առնչությամբ կարող է դիմել դատարան: Այդ անձանցից շատերը նաեւ հանդիպել էին Նաիրա Զոհրաբյանին. «Նրանցից ոմանք անգամ անկեղծորեն խոստովանեցին, որ իրենց ուղղորդել են (իհարկե՝ չասացին, թե ովքեր են ուղղորդել) ուղղակի թիրախավորել ինձ, ու նրանք ներողություն խնդրեցին: Եվ հասկացա, որ ամեն դեպքում ներողամտությունը հնարավորություն տալ է նրան, ով սխալվել է, որ երբեւէ այլեւս նման արարք չանի: Եվ ես վստահ եմ՝ չարությունը, ատելությունը, վատ խոսքը բումերանգ է՝ այն անպայմանորեն վերադառնալու է նրան, ով այն նետելու նախաձեռնողն է: Եվ տեսնում եմ՝ այն մարդիկ (անուններ չեմ տա), ովքեր սոցիալական մեդիայում իմ դեմ նախաձեռնեցին այդ գարշելի հակաքարոզը՝ ցավ պատճառելով իմ ընտանիքին՝ նրանցից շատերն այսօր նույնպես թիրախավորված են: Ես չեմ չարախնդում, չեմ ուրախանում՝ հասկանում եմ, որ նրանք եւս պաշտպանության կարիք ունեն: Բայց այն պետք է լինի օրենքով»:

Արձանագրելով, որ հրապարակավ վիրավորանքներ հասցրածները նույն կերպ հրապարակավ չեն զղջումն արտահայտել, սակայն արժանացել են ներողամտության՝ անդրադարձանք վերջին շրջանում քննարկման նյութ դարձած մեկ այլ թեմայի, երբ ներում էր խնդրել այդպես էլ զղջում չարտահայտած ու իր մեղքը չընդունած ցմահ դատապարտյալը: Այժմ վերջինիս մերձավորները պնդում են, թե իրենց դեմ հետապնդումներ են իրականացվում: Հարցին՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն անդրադառնալո՞ւ է այս հարցին՝ տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Անպայմանորեն: Մեր օրակարգի առանցքային խնդիրներից մեկը լինելու է նաեւ ցմահների հարցը»: Նա վստահեցրեց, թե գրեթե բոլորի գործերը գիտի ամենայն մանրամասնությամբ. «Եվ չկա մեկը, որ կարող է մտածել, թե կարող է ինձ մանիպուլացնել ու ներկայացնել, թե ինքն անմեղ է, այդ հանցագործությունը չի կատարել: Կարծում եմ՝ հասկանում եք, թե կոնկրետ ում նկատի ունեմ»:

Առանց փակագծեր բացելու՝ Նաիրա Զոհրաբյանը նաեւ հայտնեց, որ տվյալ ցմահ դատապարտյալի մերձավորներից ստացել է սպառնալիք-վերջնագրեր. «Թե դուք դեռ կտեսնեք…»: Նա ասաց. «Անիմաստ զբաղմունք է, որ ինչ որ մեկը փորձի ինձ սպառնալ, վախեցնել: Իմ վախը վաղուց չափված է»:

Անդրադարձանք «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկվածներին էլ, որոնց առնչությամբ վերջերս հանձնաժողովի նիստում տիկին Զոհրաբյանը հայտարարել էր. «Նույն Արմենակ Մնջոյանի դեպքում ամեն օր ահազանգ է եղել, որ «Դրոյի գործով» կան սպիտակ թելեր և այլ դաշնակցականներ այսօր պետք է լինեին այնտեղ նստած, ոչ թե Արմենակ Մնջոյանը կամ Արսեն Արծրունին։ Հիմա չեմ ցանկանում նիստը տեղափոխել քաղաքական հարթություն, բայց բոլոր այս հարցերի վերաբերյալ մենք կունենանք քննարկումներ»։ Խնդրեցինք հստակեցնել, թե ո՞ր այլ դաշնակցականները պետք է նստած լինեին բանտում՝ գուցե նույն գործով նախկինում մեղադրված Հրանտ Մարգարյանն ու Գեղամ Մանուկյա՞նը: Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան վկայակոչեց Արմենակ Մնջոյանի հետ զրույցները եւ այն անունները, որոնք նա հնչեցնում էր մամուլում. «Արմենակ Մնջոյանն ինձ ասում էր, որ գործը սխալ է քննվել՝ այնտեղ այլ անձինք կան: Բայց նրանք վստահաբար Հրանտ Մարգարյանն ու Գեղամ Մանուկյանը չէին»:

Նաիրա Զոհրաբյանն այն պատգամավորներից է, որոնց անհատական երաշխավորությամբ ու միջնորդությամբ փոխվեց «Սասնա ծռեր» զինյալ խմբավորման շուրջ 30 անդամների խափանման միջոցը: Ու թեեւ նրանք հանդես էին եկել հայտարարությամբ, թե փակված են համարում զինված պայքարի էջը, սակայն, ասենք, դատական վերջին նիստում զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի ցուցմունքի ժամանակ հայտարարեց. «Այն ժամանակ էլ է բացատրվել Ձեզ, որ իշխանությունը յուրացված է եղել: Ոստիկանությունը համագործակցել է իշխանության հետ, խլել է մարդկային կյանքեր, խոշտանգելով սպանել է, հասցրել է ինքնասպանության, Երևանի փողոցներում գնդակահարել է տասնյակ քաղաքացիների: Եվ այդ պարագայում, եթե կրկնվի, մենք նույնպես սերժանտից մինչև գեներալ կպառկացնենք պոլին»: Այս եւ զինված ապստամբության դարձյալ դիմելու պատրաստակամության մասին նման այլ պնդումներ նկատի ունենալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը հարցադրում էր հնչեցրել. «Հայաստանյան այն կուսակցություններն ու անձինք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին փողոցում իրենց աջակցությունն էին հայտնում զինված խմբավորման անդամներին, տարատեսակ ակցիաներ անում, հասկացե՞լ են արդյոք, թե ում հետ գործ ունեին, հասկացե՞լ են արդյոք, թե ում էին պաշտպանում, հասկացե՞լ են, որ տեղի ունեցածն ահաբեկչություն էր` պարզապես փոքր մասշտաբներով»: Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ ասաց. «Զենքով հարց լուծելն ինձ համար անընդունելի է: Չի կարող լինել մեր երկրում զենքով քաղաքական կամ որեւէ այլ հարց լուծելու որեւէ արդարացում: Բայց մեր մոտեցումն այլ է եղել՝ ընդամենը փոխել խափանման միջոցը, ու թող դատարանը որոշի՝ ով է արդար, ով մեղավոր: Իսկ դատարանում տեղի ունեցած միջադեպը եւ ոստիկանապետի հասցեին հնչեցված վիրավորանքը բացարձակապես անընդունելի է»:

Նաիրա Զոհրաբյանը, ի դեպ, հայտնեց, որ խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում քննարկման է հրավիրելու արդարադատության նախարարին. «Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ կապ չունի՝ դաժան սպանություն է, թե մի գրիչի գողություն՝ հիմնականում խափանման միջոց է ընտրվում կալանքը: Սա սխալ ճանապարհ է»:

Օրերս Նիկոլ Փաշինյանին եւ Նաիրա Զոհրաբյանին բաց նամակով դիմեց երկար տարիներ նրանց հետ միասին «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատած՝ այժմ «Արմավիր» ՔԿՀ-ի բանտարկյալ Արմենակ (Արմեն) Դավթյանը. «Օրենքի շրջանակներում խնդրում եմ Ձեր միջնորդությունն ու երաշխավորությունը պատժիս մնացած մասը կրելու բաց կալանքում կամ գուցե հանրօգուտ աշխատանքներում ընդգրկվելով»: Մեր հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է այս առնչությամբ դրական լուծում, տիկին Զոհրաբյանը մասնավորապես պատասխանեց, թե զբաղվում է Արմենակ Դավթյանի խնդրով. «Ես պարբերաբար «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպում եմ նրան ու կարող եմ ասել՝ այն գործը, որ Արմենն անում է այժմ քրեակատարողական հիմնարկում՝ նաեւ հոգեբանի գործ է, աշխատում է կալանավորների հետ, ինքը մեծ գործ է անում: Եվ Արմենն, այո, արժանի է, որ առնվազն իր ռեժիմը փոխվի՝ որպես առաջին քայլ»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տիկին Զոհրաբյանը անդրադարձ էր կատարել լրատվական դաշտի խնդիրներին. «Ֆեյք նյուզերի, ֆեյք մեդիաների, «պադվալներում» գրանցված տարատեսակ կայքերի խնդիրը պետք է կարգավորվի»: Այս առնչությամբ հարցադրումներ են հնչում, որ եթե կան խնդիրներ անձի պատվի, արժանապատվության հետ կապված՝ մարդիկ կարող են իրավական ընթացակարգերով պատիվ պահանջել ու ստիպել, որ մամուլն ավելի պատասխանատու դառնա: Սակայն մտավախություն կա, որ դրա փոխարեն կարող են արվել օրենսդրական սահմանափակումների փորձեր, ինչպես արվում են առանձին ԶԼՄ-ներ բոյկոտելու կոչեր: Նաիրա Զոհրաբյանը յուրօրինակ «նորաձեւ» միտում համարեց՝ ընդդիմությունից իշխանություն դառնալուց հետո մամուլի հանդեպ անհանդուրժող դառնալը. «Ասեմ անկեղծ՝ կա մտավախություն: Ինքս՝ որպես հանձնաժողովի նախագահ, չեմ նախաձեռնելու նման քննարկում: Ես սպասելու եմ, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը փոխելու նախաձեռնությունը գա լրատվամիջոցներից: Քանի որ երբ փորձում ես նախաձեռնել նման քննարկում՝ անմիջապես մեղադրվում ես, թե ուզում ես ճնշել խոսքի ազատությունը»:

Նա նշեց, թե երկու ձեռքով կստորագրեր հունվարի 31-ին Քյոլնի տեխնիկական համալսարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության ներքո. «Հայաստանի պես երիտասարդ ժողովրդավարությունների համար, կարծում եմ, ազատ խոսքի իրավունքի պաշտպանությունը ավելի կարեւոր է, քան կառավարությանը կեղծ լուրերից պաշտպանելը»։ Սակայն հավելեց. «Ազատ խոսքն ամենաթողությունը չէ: Ազատ խոսքը վիրավորանքը չէ: Ազատ խոսքը շանտաժը չէ»:

Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցի ընթացքում անդրադարձել ենք տեղեկություններին, թե համաներման արդյունքում ազատված որոշ անձինք դիմել են կրկնահանցագործության։ Խոսել ենք նաեւ 44-օրյա հացադուլից հետո կալանավայրում մահացած Մհեր Եղիազարյանի մասին, որի խափանման միջոցը փոխելու ապարդյուն միջնորդած երկու պատգամավորներից մեկն է նա: Փորձել ենք պարզել Նաիրա Զոհրաբյանի վերաբերմունքը այն առնչությամբ, որ չի փոխվում նաեւ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, թեեւ անբուժելի հիվանդություններ ունի եւ նրա վիճակը վատթարացել է կալանավայրում: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ նրա ամբողջական պատասխանները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728