Երկար ժամանակ է, ինչ ուզում եմ առաջարկել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 27-ին Իրան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Իրանի պետական պաշտոնատարների հետ հանդիպումներից բացի ավելի նպատակահարմար կլինի ՀՀ վարչապետը և նրան ուղեկցող պետական բարձրաստիճան պատվիրակությունը ոչ պաշտոնական հանդիպում կայացնեն իրանահայ գործարարների, արհեստավորների, ներդնողների, արդյունաբերական բաժնում աշխատող գործարարների, անկախ լրագրողների, արվեստագետների և հայ հասարակության ակտիվիստների հետ:
Նման հանդիպումն անկասկած կարող է շատ ավելի արդյունավետ ու օգտաշատ լինել իրանցի և իրանահայ տնտեսվարողներին ուղղորդելու և քաջալերելու Հայաստանում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման համար և հայ գործարարների միջև առևտրային կապերի հաստատման և ամրապնդման գործում:
Անցյալում ՀՀ նախորդ նախարարների կամ պետական պաշտոնյաների՝ Իրան կատարած այցերի ժամանակ պրոտոկոլային սովորության համաձայն Հայաստանի պետական պաշտոնյաները այցելում էին տեղի հայ համայնքի ազգային առաջնորդարան կամ հաստատություններ և մասնավոր հանդիպում ունենում համայնքային պատասխանատու մարմինների կամ հոգևոր առաջնորդի հետ, որը ոչ մի արդյունքի չեր հանգում մինչ օրս Հայաստանում ներդրումային ծրագրերի կամ Հայաստան-Իրան համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:
Անկասկած նման հանդիպումները մնում են միայն ձևական դաշտում և համայնքային պատասխանատու մարմինները կամ կարևորություն չեն տալիս իրանահայ տնտեսվարողների՝ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը, կամ էլ փորձում են միայն հատուկ շրջանակների և կուսակցական մարմիններին և ազգային հաստատություններին մոտ կանգնած ոչ պրոֆեսիոնալ անձանց համար հնարվորություն ստեղծել հարաբերվելու Հայաստանի իշխանությունների և պետական պատասխանատուների հետ՝ ապահովելով իրենց նեղ կուսակցական կամ խմբակցային շահերը:
Այժմ, երբ Հայաստանում իրավիճակ է փոխվել և Հայաստանի նոր իշխանությունները փորձում են վերջ տալ նախկին խմբիշխանական տիրույթին և ավելի լայն, բաց ու թափանցիկ քաղաքականություն վարել ներքաղաքական և աշխարհասփյուռ հայության հետ, կարծում եմ, որ ավելի լավ կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք պաշտոնական այցի օրակարգի շրջագծում մասնավոր հանդիպում անցկացնել իրանահայ համայնքի այն շրջանակի հետ, ովքեր ավելի շատ հակված են Հայաստանի և Իրանի տնտեսական, քաղաքական և մշակութային երկկողմ հարաբերությունների ու հայ-իրանական հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ ջանք գործադրող իրական և պոտենցիալ ուժ ներկայացնող անձանց ու գործարարների և ակտիվիստների հետ:
Չպետք է անտեսել՝ ներկայիս դրությամբ մեծ թվով իրանահայեր երկքաղաքացիության կարգավիճակով բնակվում են Հայաստանում և անընդհատ կապի ու հաղորդակցության մեջ են ծննդավայր Իրանի հետ, իսկ ոչ այնքան պակաս իրանահայ գործարարներ, արհեստավորներ, արդյունաբերողներ, փոքր և միջին առևտրականներ շահագրգռված են սեփական արտադրամաս ստեղծել Հայաստանում, միայն նրանց պետք է պետական մակարդակով օգնել և տեղեկացնել Հայաստանում սեփական աշխատանք ստեղծելու պայմանների ու հնարավորությունների և օրենքների վերաբերյալ:
Այդպիսի հանդիպումն անկասկած առավել քան երբևէ կնպաստի երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության մի շարք խնդիրների և ծրագրերի իրականացմանը, որոնք մինչ այժմ անտեսվել կամ դիտավորյալ շրջանցվել են որոշ շրջանակների ու խմբակցությունների կողմից:
Անկասկած այս հանդիպման կազմակերպման գործում մեծ դերակատարություն կարող է ունենալ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը, Իրան-Հայաստան առևտրական պալատը և Իրանում աշխատող հայ անկախ գործարարական շրջանակը: Հանդիպումը կարելի է ձևակերպել Թեհրանում ՀՀ դեսպանության կողմից տարածվող հայտարարությամբ, որևէ սրահում, որը կապված չլինի տեղի համայնքային կազմակերպության կամ միության հետ:
Իսկ հանդիպման կազմակերպման ծախսերի հետ կապված հարցերը հնարավոր է կարգավորել հենց իրանահայ արհեստավորների և գործարարների կողմից տրամադրվող նյութական աջակցությամբ: Ենթադրում եմ, որ այս քայլին նաև կաջակցեն Իրանի պետական համապատասխան մարմինները: Միայն մնում է կամք, ծրագրավորում և երկկողմ փոխգործակցության մթնոլորտի ստեղծում և նոր հարաբերությունների մեխանիզմների մշակում:
Սահակ Շահմուրադյան
Լրագրող, Թեհրան, Իրան