Երեկ մեկնարկեց «Եվրամիությունը Լոֆտ Գյումրիում» երիտասարդական ծրագիրը, որի նպատակը Եվրամիության անդամ պետություններից յուրաքանչյուրի պատմությանը, մշակույթին, խոհանոցին, ազգային ավանդույթներին ծանոթացնելն է։ Կանցկացվեն ազգային խոհանոցի վարպետության դասեր, որոնք կկազմակերպվեն դեսպանատների ու խոհարարների հետ, կուսուցանվեն նաև ազգային երգեր ու պարեր, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, կցուցադրվեն ֆիլմեր բնօրինակ լեզուներով։ Մի խոսքով, յուրաքանչյուր երկիր ներկայացնելիս՝ կստեղծեն այդ երկրին բնորոշ միջավայր։
Ծրագրի մեկնարկին մասնակցում էր ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ներկա էր նաև Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե որքա՞ն է Եվրամիությունը տրամադրել այս ծրագրի իրականացման համար, ասաց․ «Մենք առաջարկել ենք դրամաշնորհ, բայց այդ գումարն այս նախաձեռնությունների շրջանակում խորհրդանշական է, շատ չնչին, եթե չեմ սխալվում խոսքը 9 հազար 500 եվրոյի մասին է։ Ընդհանուր առմամբ, այս տարածքը նախատեսված է Եվրամիության անդամ երկրների դեսպանությունների հետ տարբեր միջոցառումների իրականացման համար, հույս ունեմ, որ բոլորն այստեղից կքաղեն օգուտ և հաճույք կստանան»։
Եվրամիության դեսպանն իր ելույթում հետաքրքիր մի ծրագրի մասին գաղտնազերծեց։
Նա, ինչպես միշտ, այս անգամ ևս շեշտեց, որ Գյումրին Հայաստանի ամենաեվրոպական քաղաքն է․ ունի Եվրոպայի անվան հրապարակ ու ասաց․
«Գյումրիում Եվրոպայի տուն կառուցելու գաղափար կա 2019 թվականի գործողությունների պլաններում ընգրկված, և ինձ տեղեկացնում են, որ Հայաստանի կառավարությանն այդ գաղափարը դուր է եկել։ Իհարկե, դրա իրականացումն այդքան էլ շուտ տեղի չի ունենա, որովհետև եվրոպական ծրագրերը հերթի մեջ են, իսկ դա բավականին երկար է տևում, բայց հույս ունեմ, որ 3-4 տարի անց մենք Գյումրիում կունենանք Եվրոպայի տուն»։
Դեսպանը լրագրողների հետ զրույցում էլ նշեց, որ Եվրամիությունը շարունակելու է Հայաստանին աջակցել հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում։
«Այս ուղղությամբ աջակցություն ենք տրամադրելու՝ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը վերաբերում է հակակոռուպցիոն մարմնի կամ կոռուպցիայի դեմ պայքարի մարմնի ստեղծմանը Հայաստանում։ Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա ամուր քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Բայց, իհարկե, այդ նախաձեռնությունն առաջին հերթին պահանջում է հանրության կողմից անհրաժեշտ աջակցություն և նաև ինստիտուցիոնալ ու օրենսդրական կառույցների առկայություն»,– ասաց Պյոտր Սվիտալսկին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ