ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը սոցցանցի իր էջում անդրադարձել էր հանրային քննարկման դրված՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թ.-ի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծին՝ նկատելով, որ եթե այս որոշումն ընդունվի, ապա կխախտվի Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը:
«Խախտումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
Այսինքն՝ կառավարությունը լիազորված է ընդունել միայն այնպիսի որոշումներ (ենթաօրենսդրական ակտեր), որոնք ընդունելու համար ունի օրենքով ուղիղ հանձնարարություն (լիազորվել է), իսկ եթե չկա այդպիսի հանձնարարություն, ապա իրավունք չունի ընդունել»,-գրել էր Արսեն Բաբայանը:
Նա հավելել էր, որ օրենսդրությամբ ՀՀ կառավարությանը տրված չէ պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու լիազորություն, հետևաբար՝ քննարկվող որոշման ընդունումն արգելվում է: «Այդ որոշման նախագիծը սահմանում է պարգեւավճարների միասնական կարգ, իսկ եթե կարգ է սահմանում, ուրեմն պարգեւավճարի մասին համապատասխան օրենքը կա: Այսինքն, այդ որոշմամբ՝ դետալացվում է օրենքը: Տվյալ նախագծով սահմանվում է ոչ թե պարգեւավճար տալ-չտալու հարցը, այլ պարգեւավճարների միասնական կարգ է սահմանվում:
Սա օրենքից բխող երեւույթ է եւ իրավական նորմի որոշակիության խնդիր չկա: Հակառակը, այս որոշման նախագծով հակասահմանադրական վիճակն է վերացնում, որովհետեւ ինքնապարգեւատրումների շքերթ եղավ: Նման երեւույթները կանխելու նպատակ ունի այն, որպեսզի այդ ամենը բերվի օրենքի ոլորտ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Արսեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նշյալ նկատառման հետ չհամաձայնեց. «Օրենքը դետալացնելու իրավասություն Կառավարությունն օրենքով պետք է ունենա: Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը հստակեցնում է՝ որպեսզի կառավարությունը եւ որեւէ մարմին չկարողանա ինչն ուզի՝ դետալացնի, կամ ինչ որոշում ուզի՝ ընդունի, կարող է կարգավորել միայն այնպիսի հարցեր, որոնց կարգավորումն օրենքով վերապահված է իրեն:
Այս պարագայում Կառավարությունը չի կարող նման բան անել, քանի որ որեւէ օրենքով սահմանված չէ, որ պետք է պարգեւավճարների մասին միասնական կարգ սահմանի: Պարգեւավճարների կարգ սահմանելու կարիք էլ չկա, որովհետեւ դա արդեն իսկ կարգավորված է օրենքով: Իմ մասնագիտական կարծիքով՝ եթե կառավարությունն ընդունեց այս որոշումը, այն կլինի հակասահմանադրական, որովհետեւ որեւէ օրենքով կառավարությունը լիազորված չէ պարգեւավճարների միասնական կարգ սահմանել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ