ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում անորոշությունը ցավոտ հարց է կազմակերության համար, բայց դա չի ազդում կառույցի մարտունակության և արդյունավետության վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:
«Այն, որ մեզ չի հաջողվում արագ ղեկավար նշանակել այն բանից հետո, երբ հետ կանչվեց Հայաստանի ներկայացուցիչը, գուցե, ցավոտ է կազմակերպության համար»,- ասել է Պանկինը՝ հավելելով, որ իրավիճակը պետք էր լուծել հնարավորինս արագ:
«Կանոնակարգային փաստաթղթերով ենթադրվում է, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է ինչ-որ տարվա հունվարի 1-ից՝ երեք տարի ժամկետով: Բայց կտեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը: Մենք այս իրավիճակից հեռուն գնացող եզրակացություններ չէինք անի… այն մասին, որ ՀԱՊԿ անդամներից մեկը վեճեր ունի կազմակերպության մյուս անդամների հետ, և փոխըմբռնում չկա»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ՀԱՊԿ-ը շատ կարևոր գործիք է խաղաղության և տարածաշրջանային անվտանգության պահպանման համար, «ուստի կազմակերպությունը պետք է հստակ գործի»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ