Քանի որ գրեթե հույս չկա, որ «Բարգավաճ Հայաստանը» կամ «Լուսավոր Հայաստանը» կդառնան խորհրդարանական ռեալ ընդդիմություն, արտախորհրդարանական ընդդիմության գոյությունը փաստորեն դառնում է անհրաժեշտություն: Իսկ ովքե՞ր են հավակնում արտախորհրդարանական ընդդիմության դերին: Ավելի ճիշտ՝ շատերն են հավակնում, բայց ովքե՞ր շանս ունեն:
ՀՀԿ-ն Ազգային ժողովի ընտրություններում ցույց տվեց, որ 4,7 տոկոս շանս ունի: Արտախորհրդարանական ընդդիմության դերին են հավակնում նաև Ռոբերտ Քոչարյանն ու նրա համակիրները: ՀՀԿ-ին ու Ռոբերտ Քոչարյանին առանձին-առանձին ենք նշում, քանզի կյանքը ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ճակատագրերն իրարից միանգամայն տարբեր են:
Հասկանալի է, որ արտախորհրդարանական ընդդիմություն կարող են հանդիսանալ այն քաղաքական ուժերն ու անհատ քաղաքական գործիչները, ովքեր Ազգային ժողովում ընդգրկված չեն: Դավիթ Շահնազարյանն ու Հրանտ Բագրատյանն այդ իմաստով որոշակի աշխուժություն են հանդես բերում: ՀԱԿ-ին չենք նշում, որովհետև ՀԱԿ-ը առայժմ իշխանության քննադատությամբ հանդես չի եկել և հավանաբար առաջիկայում էլ դժվար թե այդ իմաստով ակտիվություն հանդես բերի: Մինչդեռ ազատության մեջ հայտնված Շանթ Հարությունյանն արդեն հայտարարել է, որ քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալելու, բնականաբար՝ արտախորհրդարանական:
Հասկանալի է, որ Շանթի կողքին կլինի նաև նրա որդին: Արտախորհրդարանական ընդդիմություն դառնալու հավակնություններ ունեն նաև «Սասնա ծռերն» ու Սեֆիլյանները: Րաֆֆի Հովհաննիսյանին չենք մոռացել, չնայած ընդդիմություն դառնալու իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե ինքն է իրեն մոռացության տվել:
Ազգային ժողովի նախավերջին ընտրությունների ժամանակ Սամվել Բաբայանն ու Սեյրան Օհանյանն էլ էին ընդդիմություն: Սամվել Բաբայանի առումով դժվարանում ենք որոշակի որևէ բան ասել, իսկ Սեյրան Օհանյանի առումով վստահաբար կարող ենք ասել, որ նա արտախորհրդարանական ընդդիմություն չի դառնա, քանի որ մարտի մեկի հետ կապված զգուշանալու լրջագույն խնդիրներ ունի:
Էլ ո՞վ մնաց: ԱԺՄ-ն ու Սադոյանն էլ են իրենք իրենց խաղից դուրս դրել: Տիգրան Կարապետիչը Հայաստանում չի, իսկ Արամ Հարությունյանին ոչ մի կերպ չի հաջողվում քաղաքական լուրջ գործոն դառնալ: Խորհրդարանից դուրս մնացած էլի քաղաքական ուժեր ու գործիչներ կան. Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», որի ընդդիմություն դառնալն էլ է ֆանտաստիկայի ոլորտից: Մյուս Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունն էլ է Ազգային ժողովից դուրս մնացել, բայց որը նույնպես արտախորհրդարանական ընդդիմություն դառնալու պոտենցիալ չունի:
Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած խորհրդարանական ընդդիմության բացակայության պայմաններում արտախորհրդարանական ընդդիմության գոյությունը դառնում է անհրաժեշտություն, այդուհանդերձ, կարող է այնպես ստացվել, որ Հայաստանում այս էտապում արտախորհրդարանական ընդդիմություն նույնպես գոյություն չունենա: Ավելի ճիշտ՝ արտախորհրդարանական ընդդիմություն գոյություն կունենա, բայց այն ուժը չի ունենա, որպեսզի իշխող «Իմ քայլին» պարտադրի որոշակի «քայլեր» անել:
Մոտավորապես այսպիսի ներքաղաքական իրավիճակ Հայաստանում մեկ էլ եղել է Ղարաբաղյան շարժումից անմիջապես հետո, երբ ՀՀՇ-ն միահեծան իշխանություն էր, բայց այն ժամանակ Հայրիկյանն ու Կոմկուսը, ճիշտ է, թույլ, բայց ոչ թե ձևական, այլ իրական ընդդիմություն էին, իսկ այնուհետև ՀՀՇ-ից առանձնացավ ու գոյացավ ԱԺՄ-ն, որը նույնպես խորհրդարանական ընդդիմություն դարձավ, և եթե հետ ենք նայում, հետխորհրդային՝ անկախացած Հայաստանի խորհրդարանում միշտ էլ խորհրդարանական ընդդիմություն եղել է, և նույնիսկ Խորհրդային Հայաստանի ամենավերջին խորհրդարանում է խորհրդարանական ընդդիմություն եղել՝ ի դեմս «Ղարաբաղ» կոմիտեի պատգամավոր անդամների։
Եվ այդ ամենը հիշելով և այդ ամենի շուրջ մտածելով՝ գալիս ենք եզրակացության, որ անկախացած Հայաստանում Ազգային ժողովի կազմում միշտ էլ խորհրդարանական ընդդիմություն եղել է, և այդ առումով ներկայիս Ազգային ժողովը կարող է առաջինն ու միակը լինել, որի կազմում ընդհանրապես ընդդիմություն գոյություն չունենա, և դա միանգամայն հնարավոր տարբերակ է, և ինչքան էլ «Բարգավաճ» և «Լուսավոր» Հայաստաններն իրար ու մեզ փորձեն հավատացնել, որ իրենք խորհրդարանական ընդդիմություն են լինելու, չենք հավատա՝ մինչև աչքով չտեսնենք ու ականջով չլսենք, և առայժմ աչքով տեսնում ու ականջով լսում ենք, որ այս երկուսն ընդամենը իրար են ընդդիմադիր, այլ ոչ թե Ազգային ժողովում մեծամասնություն կազմող իշխանական դաշինքին, բայց մեր նպատակը ոչ թե ցույց տալն էր, որ այս երկուսի ընդդիմություն լինելն անհավանական ու անիրական է, այլ այն, որ այսօրվա Հայաստանում արտախորհրդարանական ընդդիմության գոյությունն էլ հավանական ու իրական չէ, և նրանք, ովքեր կարծում են, թե խորհրդարանական ընդդիմության բացակայության դեպքում արտախորհրդարանական ընդդիմությունն իր գոյությամբ հաստատ կլցնի ընդդիմության տեղը, գուցեև ավելորդ ու անտեղի լավատեսություն են հանդես բերում, քանի որ չեն պատկերացնում, որ կարող է ընդհանրապես ու բացարձակապես ընդդիմություն գոյություն չունենա:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
բա ՀՅԴ-ն?
Եթե չառանձնացնենք խորհրդարանի ներսում և խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմադիր զանգվածները, կարող ենք փաստել, որ այն քննադատական ճնշումը, որի տակ գտնվում է Նիկոլի կառավարությունը դրսից և ներսից աննախատեպ է և ոչ մի կառավարություն նման ճնշման տակ չի եղել երբևէ: Այն որ խորհրդարանում չկա ընդդիմություն, դա Նիկոլի մեղքը չէ՝ դա է երկրի իրական վիճակը համաձայն արդար ընտրությունների: Քաղաքական դաշտում «ընդդիմության» թափուր տեղի համար կատաղի կռիվ է գնում: Մեր գիտակցության մեջ ձևավորվել է այսպիսի թյուր և մակերեսային պատկերացում, որ ընդդիմությունը դա այն ուժն է, որը պատրաստ է ընդդիմանալ ցանկացած հարցում: Սակայն մոռանում ենք, որ ընդդիմադիր ուժը պետք է լինի էլ ավելի ազնիվ և էլ ավելի բարոյական: Կարծում եմ սա է ընդդիմադիր ուժի ամենակարևոր հատկանիշը: Ընդդիմանալու համար, լինի դա ուժ կամ անձ, այն պետք է դրա բարոյական իրավունքն ունենա: Եթե այդ ուժը կամ անձը, տոգորված է Հայրենիքին ծառայելու ազնիվ մղումներով, սակայն ինչ-ինչ պատճառներով, դրա բարոյական իրավունքը չունի, թող իր կառուցողական քննադատությունները տրամադրի կառավարությանը, որպես հասարակ քաղաքացի և ոչ թե դարձնի դա վարկաբեկման միջոց, ինչը մենք տեսնում ենք այսօր: Պարզ ժողովուրդը միշտ էլ գիտեր, որ քաղաքականությունը, դա «կեղտոտ» ոլորտ է: Այդ ոլորտը առողջացման շատ մեծ անհրաժեշտություն ունի և դրա հիմքում ընկած է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ գերակայությունը: