Եթե մարդ ես և ճակատագիր ունես, ապա անխուսափելիորեն պիտի ունենաս նաև ի վերուստ տրված խաչն ու սույնը պիտի կրես ողջ կյանքիդ ընթացքում: Իսկ եթե մարդ չես և ճակատագիր էլ չունես բնականաբար, միևնույն է, պիտի կրես խաչը, որն, ինչ խոսք, տրվում է ի վերուստ: Ահա հենց այս կուռ տրամաբանությամբ՝ իմ պետության խորհրդարանը կյանքի է կոչել հույժ կարևոր մի օրենք, որն անխափան աշխատում է շուրջ 30 տարիներ:
Ես դեռ կխոսեմ օրենքի մասին, բայց մինչ այդ կուզենայի մեջբերել հիշարժան մի մանրամասն: Ահավասի՛կ: Բոլոր նրանք, ովքեր կրկնել են Քրիստոսի սխրանքը մեր թվականությունից առաջ, չեն կոչվել քրիստոնյաներ: Նրանք կորած մարդիկ են, որովհետև Աստծո որդին դեռ չէր եկել երկիր: Իսկ բոլոր նրանք, ովքեր կրկնել են Քրիստոսի սխրանքը մեր թվականության օրերում, արդարացիորեն կոչվում են քրիստոնյաներ: Նրանք գտնված մարդիկ են, քանզի Քրիստոսի սխրանքը կրկնելով՝ հայտնել են իրենց պատրաստակամությունն առ այն, որ կվերցնեն չարչարանաց խաչն ու կկրեն ցմահ: Ահա այսպես, օրերից մի օր, իմ ցեղը քուն մտավ հեթանոսական խաղաղությամբ և արթնացավ քրիստոնեական բարբարոսության մեջ: Ոմանք խաչվեցին կամավոր, ոմանք՝ կարճ չեմուչումից հետո:
Անցան ծանր տարիներ:
Իմ ցեղը սկսեց մոռանալ քրիստոնեական իր անցյալը, ոմանք հրաժարվեցին գթասրտությունից, ոմանք էլ այնքան առաջադիմեցին գթասրտության մեջ, որ գթասրտության դրսևորում դարձրին սուտը, կեղծիքը, պատերազմն ու խեղճի վրա թքելը: Հենց այս էր պարագան, երբ իրավունքի ուժով ընդունվեց հույժ կարևոր այն օրենքը, որի մասին խոսեցի վերևում: Օրենքի տառը պահանջում էր.
«Աբորիգենների պետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա նվազագույնը 1 մետր 58 սանտիմետր երկարությամբ և 68 սանտիմետր լայնությամբ անձնական օգտագործման խաչ՝ փայտից կամ ալյումինից: Տնից դուրս եկող յուրաքանչյուր ոք, կլինի՝ կին, տղամարդ, պառավ, թե երեխա, պետք է մեջքի վրա կրի անձնական օգտագործման իր խաչը՝ ի ցույց ամենքի, ի շահ պետության և ի փառս Քրիստոսի: Խաչ չունեցող յուրաքանչյուր աբորիգեն կհամարվի ազգի դավաճան»:
Դեռ երկու օր չանցած, գործարար մարդիկ հանրապետության ողջ տարածքում բացեցին առաքինության արհեստանոցներ, որտեղ ամենատարբեր խաչեր էին արտադրվում: Երկրում թափ էր հավաքում մանր արհեստագործական բիզնեսը: Եվ ահա, շուրջ 30 տարի մենք բոլորս մեր խաչերն օրն ի բուն շալակած ենք ման գալիս և ազատվում ենք դրանցից սոսկ անկողին մտնելիս: Խաչը դնում ենք մահճակալի տակ ու քնում ենք մուշ-մուշ: Տերը պահապան:
Քանի որ խաչը երթուղային տաքսի կամ անձնական օգտագործման մեքենայի խցիկ խցկելը դժվար գործ է, ձեռներեց գյուտարարները հորինեցին ծալովի խաչեր, որոնք շատ հարմար են կյանքի բոլոր դեպքերում՝ հիվանդության օրերին, պսակադրվելիս և կամ որպես նվեր մատուցելու համար: Իմ ցեղի մարդիկ բարի են, և իմ երկրում հաճախ են լսվում այսպիսի խոսակցություններ:
– Սիրելիս, շնորհավորում եմ տարեդարձդ: Վերցրու, խնդրեմ, այս խաչը, որ սրտիս նվերն է:
– Ի՞նչ խաչ:
– Զարդատուփը բաց, հիմարիկս:
Եվ կամ…
– Երեխաներ, ոտքի՛:- Սա սովորական մի դրվագ է մանկապարտեզում կրթվող երեխաների կյանքից: Ահա նրանք մի կերպ վեր են կենում՝ յուրաքանչյուրն իր խաչն իր մեջքի վրա մի կերպ հարմարացնելով, իսկ դաստիարակը շարունակում է.- Քանի որ մեր պետությունը շրջապատված է սոսկալի թշնամիներով, պիտի սովորեք խաչն արագ ծալելու և արագ տեղաշարժվելու տեխնիկան, որպեսզի հեշտ վազեք մարտադաշտում, բայց կյանքը լավ ապրելու համար խաչը բաց ու պարզ ճակատով պիտի տանեք հավիտյանս:
– Ամեն,- պատասխանում էին երեխաները միաձայն:
Այս 30 տարիների ընթացքում բազմաթիվ խառնաշփոթներ եղան: Մշակույթի գործիչներն օրն ի բուն բեմադրում են «Խաչերով պարը», որտեղ արհեստավարժ մեկը չկա նմուշի համար: Բոլորը խամ ու անտեղյակ գյուղացիներ են: Չգիտես ինչու, գյուղմթերքի գները բարձրանում են շարունակ, իսկ ավտոմեքենա ներկրողների խաչերը շատ դժվարությամբ են մաքսազերծվում: Ոմանք էլ սկսեցին գողանալ պատվավոր մարդկանց խաչերը: Օրինակ՝ աղբատար մեքենայի վարորդը Գիտության և կրթության նախարարի խաչը շալակած է դուրս գալիս իր մեքենայի խցիկից, իսկ անվադողերի գործարանում ռեզին փչող բանվորը ազգի պարծանք աստղագետի խաչն է յուրացրել:
Չի կարելի ասել, թե սրանք հաջողությամբ պսակվող գործընթացներ չեն: Այս իրավիճակն ամեն օր ներկայանում է և այլ լույսով, քանզի պետության ղեկին մոտ կանգնած այրերն ու կինարմատները հանկարծ այնպիսի խաչեր են շալակում, որ մարդ ակամա զարզանդում է: Օրինակ՝ ոմն պաշտոնյա ՆԳՆ-ից, չգիտես ինչու, պահածո գողացողի խաչով էր եկել աշխատանքի, իսկ Վեհափառ սուրբը, մի անգամ, ծննդատուն էր գնացել գաջ քաշողի խաչով: Էլ չասեմ, որ վարչապետը Առաջին նախագահի խաչն է շալակում երբեմն, իսկ մութ ուժերը բյուր քաջագործություններ են կյանքի կոչում հանրապետության փողոցներում՝ օգտագործելով անօրեն խաչեր, որոնք բոլորն էլ օրենքի զորություն ունեն:
Հիմա ես ի՞նչ անեմ:
(Շարունակելի)
Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ