«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում է արգելել տոտալիզատորների, բուքմեյքերական ընկերությունների, շահումով խաղերի գովազդը ԶԼՄ-ներում, լուրջ ֆինանսական կորուստներ կբերի կայքերին:
«Կայքերի ֆինանսական հիմնական մուտքերը գովազդներից է, կարեւոր ու խոշոր գովազդատուներն էլ բուքմեյքերներն են: Եթե բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելվեն, կայքերը լուրջ ֆինանսական կորուստներ կունենան: Մյուս կողմից վստահ չեմ, որ եթե գովազդ չի լինում, մարդը չի օգտվում այդ ընկերություններից կամ գովազդի հանումը ինչքանով է նպաստում խաղային բիզնեսի նվազմանը:
Բարեբախտաբար, օրենսդրական նախագիծը փոփոխություն է կրել, հիմա խոսում են այն մասին, որ ոչ թե գովազդը հանվի, այլ ինչ-որ ձեւով կարգավորվի, չափերը, ժամային սահմանափակումներ լինեն, կայքերում այդ գովազդի էֆեկտները նվազեցվեն: Ամեն դեպքում, բոլորովին ժամանակը չէ այս գովազդով զբաղվելը, վստահ եմ, որ շատ ավելի կարեւոր հարցեր կան մեր երկրի առջեւ կանգնած, եւ օրենսդիր մարմինը, եթե 1000 նոր օրինագիծ պիտի ընդուներ, այս օրինագիծը պետք է լիներ 999-րդը»:
Irakanum.am կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանն էլ կարծում է՝ գովազդային դաշտն ազատ է, ու ԶԼՄ-ները կարող են որոշել՝ օգտվել այս կամ այն ընկերության գովազդից, թե՝ ոչ.
«Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանի պատգամավոր աներորդուն զբաղվել առավել հասարակական նշանակություն ունեցող օրենսդրական ակտերով, որոնք միտված են հասարակության խնդիրների վերհանմանն ու լուծմանը: ՀՀ բնակիչների գոնե 80 տոկոսը «Իմ քայլը» դաշինքին եւ Հրաչ Հակոբյանին գործուղել է խորհրդարան, որ աշխատանքով զբաղվեն, ոչ թե ընկնեն ԶԼՄ-ների կամ լրագրողական հանրության հետեւից: Սա հերթական փորձն է ճնշում գործադրել մամուլի նկատմամբ, զրկել ֆինանսական այն միջոցներից, որոնցով կարող են լրատվամիջոցները գումար վաստակել:
Գուցե ինչ-որ մեկն այդ հարցում ուղղորդել է Հրաչ Հակոբյանին, բայց քանի որ իրենք էլ ունեն լրատվամիջոց, որը ընտանեկան բիզնես է, հետաքրքիր է՝ արդյոք նա հարցրել է իր քրոջ ու փեսայի կարծիքը, ինչպես են նրանք վերաբերվում իր այդ նախաձեռնությանը: Պատգամավորին խորհուրդ կտամ գործ անել, ոչ թե ընկնել ԶԼՄ-ների հետեւից, հանգիստ նստի իր տեղում կամ իր իրական գործով զբաղվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ