Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իշխանությունը պահպանելու համար դրսում երբեք սատարում չենք փնտրել. ոչ էլ փնտրում ենք այսօր՝ իշխանության վերադառնալու համար»

Փետրվար 09,2019 18:34

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

– Պարոն Աշոտյան, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի պատվիրակությունը երկարատեւ այցով Բեռլինում էր, ապա Բրյուսելում: Ի՞նչ այց էր դա. արդյոք պատահականություն էր, որ ձեր այցելությւոնները  համընկան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բեռլին կատարած այցի եւ ԵԽԽՎ նստաշրջանի հետ:

– ՀՀԿ պատվիրակությունը Բեռլինում էր գտնվում «Կոնդրատ Ադենաուեր»  հիմնադրամի հրավերով, իսկ հետո ես արդեն առանձին  Բրյուսելում մասնակցում էի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի նիստին: Գերմանական այցի մասին խոսելիս ուզում եմ շեշտել, որ «Կոնդրատ Ադենաուեր» հիմնադրամը մեր կարեւորագույն եւ երկարաժամկետ գործընկերներից է, որի միջոցով ամրապնդվում է կապը Գերմանիայում իշխող Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության, գերմանական քաղաքական ինստիտուտների, այդ թվում՝ նաեւ Բունդեսթագի հետ, ինչպես նաեւ եվրոպական քաղաքական այլ շրջանակների հետ: Համագործակցության նոր ծրագիրը կոչվում է «Քաղաքական երկխոսություն»:

Այցերի ժամկետային զուգադիպությունների մասին թող խոսեն քաղաքական վերլուծաբանները, թեպետ ոչինչ պատահական չի լինում: Իսկ հանդիպումների ընթացքում քննարկվել են ոչ միայն միջկուսակցական՝ Գերմանիայի ՔԴՄ-ի եւ ՀՀԿ-ի համագործակցությունների, այլ նաեւ «Կոնդրատ Ադենաուեր» հիմնադրամի շրջանակներում իրականացվող ծրագրերի, Արեւելյան գործընկերության ձեւաչափով համագործակցությունների մասին:

Գերմանացի խորհրդարանականների հետ մենք քննարկել ենք նաեւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:  ՀՀԿ-ի լայն միջազգային կապերը նորություն չեն, դրանք եղել են վաղուց եւ անգամ արտախորհրդարանական կարգավիճակը չի կարող խամրեցնել կամ թուլացնել մեր այս հարաբերությունները: Քաղաքական օրակարգում կա նաեւ կուսակցության արդիականացման տեսլականը եւ ծրագիրը, որն իրականացվում է, իրականացվում է նաեւ հաշվի առնելով լավագույն միջազգային, այդ թվում՝ նաեւ եվրոպական փորձը. ինչպես են Եվրոպայում դասական կուսակցությունները պայքարել ու պայքարում պոպուլիզմի դեմ:

Մի բան, ինչի մասին մենք խոսում ենք նաեւ Հայաստանում՝ ի դեմս նոր կառավարության: Ինչպե՞ս աշխատել հասարակության հետ՝ հանրային կարծիքի  ձեւավորման վրա, ինչպե՞ս ներգրավել նոր անդամների եւ համակիրների՝ ժամանակակից տեխնոլոգիտաների օգտագործմամբ եւ բազմաթիվ այլ հարցեր:

Քաղաքական հարցերի մեջ քննարկել ենք նաեւ Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները. ՀՀԿ-ն այդ ընտրությունների արդյունքում վերահաստատեց իր դիրքերը որպես հայաստանյան առաջատար քաղաքական ուժերից մեկը՝ անկախ այն հանգամանքից, որ մի քանի հազար ձայն չբավականացրեց խորհրդարանում ներկայացված լինելու համար, այնուհանդերձ, ՀՀԿ-ն Հայաստանում 4-րդ քաղաքական ուժն է: Ակնհայտ է, որ եթե ընտրությունները լինեին հիմա կամ ապրիլին՝ ինչպես նախապես նախատեսված էր, մեր ձայները շատ ավելին կլինեին: Ինչեւէ:

Մենք ներկայացրել ենք այլընտրանքային կարծիք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, խոսել ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի իրականացման խնդիրների մասին: Խոսել ենք նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուղցած ապօրինի գործընթացի մասին: Անդրադարձել ենք նաեւ Հայաստանի ազգային եւ պետական շահերին վերաբերվող խնդիրներին, մասնավորաբար՝ Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, մարտահրավերներին, տարածաշրջանային անվտանգությանը: Մեզ հետաքրքրում էր նաեւ ԵՄ-ի ապագա քաղաքական քարտեզը:

– Մի փոքր կմանրամասնե՞ք Արցախի հարցի կարգավորման այս փուլի հետ կապված ի՞նչ խոսակցություններ եք ունեցել: Այն մտահոգությունները, որոնք ՀՀԿ-ականներն այս շրջանում արտահայտում էին, դրա՞նք եք  ներկայացրել գերմանացի գործընկերներին: 

– Ուզում եմ մեկ անգամ էլ հստակ ընդգծենք մի քանի առաջնահերթություն. ՀՀԿ-ն շարունակելու է ծառայել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների պետական շահերի առաջմղմանը՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորույթունները: Երկրորդ՝ քննադատությունն առ կառավարություն  պետք է զանազանել իրավիճակից, որը վերաբերում է պետությանը: Պետությունը կառավարությունը չէ, կառավարությունը պետություն չէ:

Պետական շահերի առաջմղման մեջ հստակ գործիքակազմ կա եւ այնտեղ, որտեղ մեր տեսլականները համընկնում են, բնականաբար,  մենք մեր ձայնով կարող ենք խոսել: Իսկ այնտեղ, որտեղ մեր տեսլականները չեն համընկնում, մասնավորաբար՝ Ղարաբաղյան հակամարտության ընթացիկ իրավիճակի, տարածաշրջանային կայունության, Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց եւ ռազմատենչ հայտարարությունների, ոչ կառուցողական կեցվածքի հետ կապված բոլոր մտահոգությունները  մենք կարտահայտենք:

– Ասացիք նաեւ, որ Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերվող հարցեր եք քննարկել. այսինքն բողոքե՞լ եք գործող իշխանությունից:

– Գիտեք, ՀՀԿ-ն երբեք Հայաստանից դուրս բողոքներով չի զբաղվելու: Ներկայացրել ենք իրավիճակի մեր տեսլականը՝ կապված Հայաստանում ասպես կոչված կոռուպցիայի դեմ պայքարից սկսած, որն ավելի շատ այս փուլում ընտրողական արդարադատություն է հիշեցնում եւ քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործընթացներ, ինչի մասին խոսում են նաեւ  ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը: Խոսել ենք ատելության խոսքի եւ անհանդուրժողականության, կեղծ լուրերի, պոպուլիզմի, Հայաստանում ազատ մեդիաների եւ մամուլի նկատմամբ կառավարության կողմից ընդգծվող սպառնալիքների մասին:

Փոխանցել ենք տեղեկություններ վերջին խորհրդարանական ընտրություններում գրանցված բազմաթիվ խախտումների մասին: Այսինքն՝ բողոքել բառն այստեղ բացարձակ տեղին չէ: Իրազեկել, պետական կարծիքին այլընտրանքային կարծիք ներկայացնել՝ այո: Դրսում սատարում երբեք չենք փնտրել իշխանություն եղած ժամանակ, ոչ էլ փնտրում ենք այսօր՝ քաղաքական սատարում, իշխանության  վերադառնալու կամ քաղաքական գործընթացների համար:

Մեր կապերը օգտագործվելու են  Հայաստանի եւ Արցախի համար, դրանք շարունակելու են օգտագործվել նաեւ կուսակցության ամրապնդման համար, քաղաքական բազմակարծություն ապահովելու համար: Ցավոք, Հայաստանի ներսում չի մնացել քաղաքական բանախոսություն, քաղաքական երկխոսության որեւէ հարթակ եւ բոլոր տեսակի հնարավորությունները վիժեցրել է հենց գործող իշխանությունը:

– Իսկ ԵԺԿ համագումարում ձեզ ընդդիմադիր կարգավիճակում ինչպե՞ս ընդունեցին:

– ԵԺԿ-ն ՀՀԿ-ի խոշորագույն միջազգային գործընկերներից է, այդ կառուցում մենք նաեւ դիտորդի կարգավիճակում ենք: Ունենք համագործակցության հսկայական  փորձ, այդ թվում՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից ընդունված բանաձեւ, ինչը հիմք հանդիսացավ բազմաթիվ եվրոպական երկրներում հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ առանց ավելորդ համեստության պետք է նշեմ նաեւ ՀՀԿ-ի եւ իմ անձնական դեակատարումը այդ գործընթացում:

Նաեւ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր ձեւավորման, նոր համաձայնագրի քաղաքական լոբբինգի հարցում: Նաեւ հիշեցնեմ, որ ԵԺԿ-ն միակ քաղաքական միջազգային կառույցն է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ համապատասխան հրատապ բանաձեւ է ընդունել եւ կոչ արել՝ վերադառնալ նախկին ռազմական դիրքերին, այսինքն զորքերը հետ քաշել:

ԵԺԿ-ն իր հստակ քաղաքական աջակցությունն է հայտնել մեզ վերջին ընտրություններում. ընտրություններին ընդառաջ  մենք ստացել էինք ԵԺԿ նախագահի ուղերձը: Համագործակցություն այդ խոշոր եվրոպական քաղաքական ընտանիքի հետ շարունակվելու է, ամրապնդվելու է՝ անկախ այն հանգամանքից, որ ՀՀԿ-ն արտախորհրդարանական ուժ է, բոլոր իմ հիշատակած ուղղություններով:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728