Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր կրկին բողոքի ցույց էին անում. նրանք պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, այսինքն, որ վերջինս վաղաժամկետ դադարեցնի իր աշխատանքային լիազորությունները: Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:
Բողոքի ցույցի մասնակիցները հանդիպել են ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների հետ, որոնք բնակիչներին ներկայացնում էին, թե օրենսդրական ինչ լուծումներ են հնարավոր համայնքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ: Ըստ այդմ, պատգամավորները գյուղացիներին առաջարկել են ժամանակ տրամադրել, որպեսզի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնեն եւ որպեսզի այնպիսի իրավական լուծումներ գտնեն, որ տեղական ինքնակառավարման ինստիտուտը չոտնահարվի:
Պատգամավորները նշել են՝ հնարավոր է համայնքապետի հետկանչի մեխանիզմ ներդնել, ավագանու լիազորությունների ընդլայնում, որպեսզի ավագանու անդամները կարողանան անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին: Մինչդեռ բողոքի ցույցի մասնակիցները պնդում էին, որ իրենք ժամանակ չունեն սպասելու մինչեւ այդ օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչվի:
Թեեւ գյուղացիները համաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ, սակայն դրա դռները փակ էին:
Արշալույսի բնակիչներից եւ բողոքի ցույցի մասնակիցներն ասում էին՝ Զարզանդ Գրիգորյանը գյուղի տեր-տիրակալն է, ամեն ինչ նրա ձեռքում է. «Ասենք կարկուտը տալիս է, ու ով իրան հակա է, նրան փոխհատուցում չի տալիս: Իրա կողմնակիցներին ամեն ինչով ապահում է»:
Այս պահին բողոքի ցույցի մասնակիցները համայնքապետարանի շենքի մոտից հեռացել են, սակայն վստահեցնում էին՝ երեկոյան կրկին գալու են, խարույկ են վառելու՝ իրավիճակը «թեժ» պահելու համար, եւ ցույցերը չեն դադարեցնելու, մինչեւ իրենց պահանջը չկատարվի, եւ վարչապետ Փաշինյանին դիմեցին՝ խնդրելով ականջալուր լինել իրենց պահանջին եւ շտապ լուծում գտնել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ