Այսօր «Դեբատ» ակումբում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ հանդիպումներին, նկատեց՝ դրանք բանակցային հանդիպումներ չեն եղել: Սարգսյանի դիտարկմամբ՝ նախաձեռնված հանդիպումների ժամանակ որեւէ կոնկրետ քննարկումներ չեն եղել այն ձեւաչափից դուրս, որը կա Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությամբ. «Այսօր Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը չեն բանակցում, հանդիպում են, քննարկում են, անդրադառնում են բանակցությունների պատմությանը»:
Սարգսյանի խոսքով՝ հիմա Հայաստանը հայտարարել է, որ Արցախը նույնպես պետք է լինի բանակցության կողմ եւ պետք է ներկա լինի բանակցությունների սեղանի շուրջ. «Սա բավականին բարդ է կյանքի կոչել, որովհետեւ Ադրբեջանի նախագահը չի գա այն բանակցություններին, որտեղ ներկա կլինի Արցախի նախագահը կամ այլ ներկայցուցիչ: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը մինչեւ վերջ չենք կարողանալու տանել, եւ բանակցությունները կարող են տապալվել»:
Սուրեն Սարգսյանը նաեւ նկատեց՝ Մինսկի խմբի համանախագահները, երբ այցելում են տարածաշրջան, այցելում են Արցախ. «Այս առումով Ստեփանակերտը ներգրավվածություն ունի»: Այսինքն՝ Արցախը ե՛ւ կա, ե՛ւ չկա բանակցություններում. «Բանակցությունները շարունակվելու են այնպես, ինչպես եղել են վերջին 25 տարիներին, նոր սկզբունքներ, նոր մոտեցումներ չեն լինելու: Հիմա մի քիչ դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ-որ փաստաթղթի շուրջ կողմերը բանակցո՞ւմ են, թե՝ ոչ, անհասկանալի է՝ կա՞ն դեռեւս Մադրիդյան սկզբունքները, արդյո՞ք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ