«Մտածել, որ Քոչարյանը կփախչի, նշանակում է՝ չհարգել նրա զբաղեցրած պաշտոնը: Դա վիրավորանք է եւ հոգեբանական ճնշում: Իր անցած ճանապարհով եւ սխալներով հանդերձ՝ կարող եմ ասել, որ մտացածին է այդ պնդումը»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի պնդմանը, թե ազատության մեջ գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը կխուսափեի քննությունից, ասաց իրավապաշտպան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը չբավարարեց Քոչարյանի պաշտպանների՝ կալանավորման դեմ ուղղված բողոքը, եւ երկրորդ նախագահը, որը Մարտի մեկի քրեական գործի շրջանակում մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար, կշարունակի մնալ կալանքի ներքո:
«Քոչարյանը չէ կարեւոր խնդիրը, այլ դատական իշխանության անկախության ապահովումը»,-շեշտեց Լարիսա Ալավերդյանը: «Ներկայում քաղբանտարկյալներ կա՞ն» հարցին նա այսպես պատասխանեց. «Ստացվում է, որ կան: Ես չէ, որ պետք է ձեւակերպում տամ, բայց Քոչարյանի պաշտպանները որոշակի հիմքեր ունեն պնդելու, որ նրա հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում»:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական կենսագրության համար է հալածվում. «Հստակեցնենք՝ նրա մեղադրանքը պետակա՞ն հանցագործություն է, թե ոչ: Նրան կալանքի տակ պահել չի կարելի: Բա որ պարզվի՝ անմեղ է»:
Լարիսա Ալավերդյանն իր հերթին ասաց. «1996թ.-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը զավթել է իշխանությունը, նա չի հաղթել: Պետք է երկրորդ փուլ լիներ ընտրությունների, որը չի եղել»: Ազատ Արշակյանն էլ խորհուրդ տվեց Տեր-Պետրոսյանին «չդիպչել». «ՀՀ անկախությունը հռչակվել է Տեր-Պետոսյանի օրոք, Արցախն ազատագրվել է նրա օրոք: Համաձայն չեմ, երբ խոսում են այն մասին, թե Տեր-Պետրոսյանին էլ պետք է մեղադրել սահմանադրական կարգի տապալման համար: ՀՀ-ն անկախ հռչակած եւ Արցախն ազատագրած մարդն անձեռնմխելիություն ունի, հանգիստ թողեք նրան»:
Լարիսա Ալավերդյանը չհամաձայնեց. «Մենք քաղաքականացրել ենք իրավունքը: Մեկին կարելի է, մյուսին՝ ո՞չ: Քոչարյանի ժամանակ էլ, երբ նա Արցախի նախագահն էր, ունեցել ենք հաղթանակներ եւ նվաճումներ: Ուստի Արցախը պահանջում է վերաբերմունք ցուցաբերել առաջին նախագահի հանդեպ: Իրավունքը պետք է պաշտպանվի առանց խտրականության»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ