Ավելի քան 40 երկրներից ժամանած բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկներ, ովքեր մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում, երեկ այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց շրջայց գորգերի թանգարանում: Հյուրերը ծանոթացան հայկական գորգերի ստեղծման պատմությանը, ականատես եղան դրանց գործելու ընթացքին, ինչպես նաև՝ հայկական ավանդական լավաշի թխման պրոցեսին:
Հայկական ավանդական ցանկացած բան հիացրել ու զարմացրել էր հյուրերին:
Միջոցառմանը հյուրերին ողջունեցին ՀՀ վարչապետի տիկին «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Մանկական ուռուցքաբանության բնագավառի խնդիրների, վիճակագրության և զարգացման մասին խոսեցին Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ինչպես նաև այս օրերին ԵՊԲՀ-ում տեղի ունեցող Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսի մասնակիցները:
Նշենք, որ Երևանում մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որը կազմակերպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից:
ԵՊԲՀ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ