«ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում գտնվող գործերի հանդեպ վտանգավոր մոտեցում է սկսել ցուցաբերել: Ապագայում կայացվելիք վճիռները փորձ է արվելու օգտագործել քաղաքական նպատակներով: Նախանշանները կան»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. Փարիզում ելույթներից մեկը: Ըստ Ալումյանի՝ Փաշինյանն այդ ժամանակ ընդգծել է, որ ի սկզբանե մտածել է՝ ճիշտ կլինի, որպեսզի պետությունը հաշտության գա ՄԻԵԴ դիմող ՀՀ քաղաքացիների հետ: «Բայց հիմա մենք այդ ճանապարհով չենք գնալու: Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր գործերը թող պարտվեն ՄԻԵԴ-ում, եւ հետ գան: Այդ ժամանակ նրանք պատասխան կտան՝ ո՞նց է եղել, որ տասնյակ գործերով ՀՀ-ում ապօրինի վճիռներ են կայացվել»,- Փաշինյանի խոսքերը հիշեցրեց Հայկ Ալումյանը:
Նրա բնորոշմամբ՝ վարչապետի նման ելույթը ենթադրում է, որ ՄԻԵԴ վճիռները փորձելու են օգտագործել քաղաքական մրցակիցների դեմ պայքարում. «Սա հրահանգ է ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչներին, որ չառարկեն դիմումատուների գանգատների դեմ: Վարչապետի կողմից հրահանգավորվում է գործերը պարտվել ՄԻԵԴ-ում, որպեսզի վարչապետն ապացուցի, որ նախկին իշխանություններն օրինախախտ են եղել: Սա շատ վտանգավոր միտում է: ՄԻԵԴ-ը շուտով մարտի մեկի գործեր է քննելու: Եթե մեր կառավարությունը չներկայացնի հակափաստարկներ, ՄԻԵԴ-ը կփաստի, որ մարդկանց իրավունքները խախտվել են մարտի մեկին: Մինչդեռ, եթե հակափաստարկներ ներկայացվեն, գուցե ՄԻԵԴ-ն այլ վճիռներ կայացնի, բայց, փաստացի, մեր կառավարությունն առաջիկայում ՄԻԵԴ-ում չի դիմադրելու: ՄԻԵԴ վճիռներն այստեղ քաղաքական նպատակներով են օգտագործվելու»:
Հայկ Ալումյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ներկայում փորձեր կան Մուշեղ Սաղաթելյանի գործն օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել էր խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքների խախտումներ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ