Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի լուսաբացին ոստիկանության կողմից ցուցարարների դեմ բռնություն եւ բախում նախատեսված չի եղել». Հայկ Ալումյան

Փետրվար 09,2019 13:22

Ըստ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Քոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ 2008 թ. Մարտի մեկի առավոտյան իրադարձությունների վերաբերյալ օրերս իր հայտարարության եւ Ռոբերտ Քոչարյանի գրքում նկարագրվածի միջեւ ԶԼՄ-ները հակասություններ են տեսել, մինչդեռ այդպիսիք իրականում չկան: «Տարբերությունը պայմանավորված է ձեւաչափով: Գրքում նկարագրված են մանրամասն իրադարձություններ, եւ այլ է հարցը, երբ գրվածի վերաբերյալ հակիրճ մեկնաբանություններ է անում պաշտպանը»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքում կա հետեւյալ դրվագը.

«Վրանների զննության օպերացիան ոստիկանությունը որոշեց իրականացնել մարտի 1-ի վաղ առավոտյան:

Նախորդ օրը երեկոյան ընդունելություն խնդրեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանը: Գրիշան ինձ հետ աշխատել է Ղարաբաղում՝ ՊՊԿ ղեկավարի պաշտոնում իմ նշանակվելու առաջին իսկ օրվանից:  Լավ աշխատող եւ ինձ նվիրված անձնավորություն. նա այդ օրն ակնհայտորեն շփոթված էր: Ոստիկանությունից տեղեկանալով օպերացիայի մասին՝ նա հարցրեց՝ ի՞նչ պետք է անի, եթե Տեր-Պետրոսյանը հանկարծ հրապարակում լինի: Օրենքով Գրիշայի պարտականությունների մեջ էր մտնում պաշտոնաթող նախագահի անվտանգության ապահովումը:

-Գրիշա, տես, թե ձեր կանոնակարգերում ինչ է գրված, եւ գործիր խստորեն համաձայն դրանց:

-Այնտեղ գրված է, որ եթե պահպանվող օբյեկտի կյանքին վտանգ է սպառնում, ապա մենք պարտավոր ենք նրան անհապաղ էվակուացնել անվտանգ տարածք: Իսկ եթե նա հրաժարվի՞:

-Իսկ այնտեղ նրա համաձայնության մասին որեւէ բան գրվա՞ծ է:

-Կարծես՝ ոչ:

-Խորհուրդս՝ գործիր հրահանգներին խստորեն համապատասխան: Եվ տես՝ նախկին նախագահի հետ ոչինչ չպետք է պատահի»:

Իսկ թե ինչ է տեղի ունեցել լուսաբացին, Հայկ Ալումյանը նշեց. «Առավոտյան ոստիկանական գործողության վերաբերյալ նախնական պայմանավորվածություն է եղել՝ որեւէ բռնություն եւ կոշտ հակադրություն չպետք է լինի ցուցարարների հանդեպ»:

Ըստ պաշտպանի՝ ոստիկանության կողմից ուժի կիրառում չէր նախատեսվում, այլ զննություն պետք է կատարվեր. «Օրեր շարունակ ստացվում էին օպերատիվ  տեղեկություններ այն մասին, որ ցուցարարներից ոմանց մոտ առկա են զենքեր, այդ թվում՝ մարտական նռնակներ եւ ինքնաձիգեր: Կրկնում եմ՝ բռնություն եւ կոշտ գործողություններ նախատեսված չեն եղել, բայց ցուցարարները քարեր են նետել, դիմադրել ոստիկաններին, ինչի պատճառով ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, ցրել ցուցարարներին: Այս զարգացման մասին Ռոբերտ Քոչարյանը իմացել է առավոտյան, երբ եկել է աշխատանքի: Սրա մասին է ասված եղել նրա գրքում, իսկ ես հակիրճ եմ ասել դա»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ նախապես պլանավորված չի եղել, որ ոստիկանությունը բախման մեջ է մտնելու Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների հետ. «Նախատեսված է եղել զննություն, որի մասին զեկուցված է եղել նախագահին: Բայց բախումների մասին նա իմացել է առավոտյան, երբ ժամանել է աշխատանքի վայր: Անգամ վարույթն իրականացնող մարմինը չի համարում, որ Քոչարյանը ցուցում է տվել ուժ կիրառել ցուցարարների հանդեպ: Դրա համար նրա մեղադրանքում նման բան գրած չէ, մարտի 1-ի առավոտյան իրադարձությունները Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված չեն»:

Իսկ թե ում հրահանգն է կատարել լուսաբացին ոստիկանությունը, երբ ուժ է կիրառել ցուցարարների հանդեպ, Ալումյանն ասաց, որ չի տիրապետում տեղեկությանը: Ապա նշեց, որ եթե ոստիկանությունը որեւէ գործողություն է կատարում եւ հանդիպում դիմադրության, իրավունք ունի ուժ կիրառել. «Այլ է հարցը, որ ուժի կիրառումը համաչափ պետք է լինի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728