Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն իրավունք ունե՞ր հումանիտար առաքելություն ուղարկելու՝ առանց խորհրդարանի համաձայնության․ «Հրապարակ»

Փետրվար 09,2019 13:07

Երեկ հայտնի դարձավ, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար առաքելությունը՝ ականազերծողներից, բժիշկներից եւ այլ հայ մասնագետներից բաղկացած (ընդհանուր՝ 83 անձ), ժամանել է Սիրիա՝ Հալեպ։ Խումբն արդեն Հալեպում է, սակայն հասկանալի չէ հայկական առաքելության կարգավիճակը, չկան իրավապայմանագրային հիմքերը, առհասարակ՝ կառավարությունն իրավունք ունե՞ր նման առաքելություն ուղարկելու՝ առանց խորհրդարանի համաձայնության։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փորձել է ներկայացնել հիմքերը․ «Որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում եւ հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաեւ Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»։ Սակայն չկա պաշտոնական որեւէ փաստաթուղթ, որը լույս կսփռի, թե ինչպես եւ ինչ իրավական հիմքով է կայացվել նման որոշում։

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանը հիշեցնում է, որ Հայաստանի՝ որեւէ պետությունում խաղաղարար առաքելությունն իրականացվում է ՀՀ օրենսդրության համաձայն։ Աֆղանստանում, Կոսովոյում նման առաքելությունն էլ համաձայնագրերի եւ միջազգային պայմանագրերի տեսքով նախ վավերացրել է խորհրդարանը։ Մինչդեռ Սիրիայի դեպքում չկա պաշտոնական որեւէ փաստաթուղթ։ «Մարդասիրական, հումանիտար եւ ընդհանրապես՝ ինչ օգնություն էլ լինի, անհրաժեշտ է համաձայնագիր կամ միջազգային պայմանագիր, որը մենք չենք տեսել։ Չգիտենք՝ հրավիրող կողմն ով է՝ Սիրիայի իշխանություննե՞րը, թե՞… Հետեւապես, գաղտնի է պահվում համաձայնագրի երկրորդ կողմը, ու դրանից կարող ես բազում ենթադրություններ անել, թե ով է երկրորդ կողմը՝ արդյոք Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ի կողմից, 70 երկրների կողմից կազմված կոալիցիան, Թուրքիան, Իսլամական պետությո՞ւնը, թե՞ ինչ-որ խմբավորումներ։

Մինչեւ չունենաք այս հարցի պատասխանը, չենք կարող եզրակացություններ անել»։ Նախկին փոխնախարարը հետաքրքրված է՝ ինչպե՞ս են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։ «Եթե մասնագետներին, Աստված մի արասցե, բան պատահի, ո՞վ է պատասխան տալու»,- հռետորական հարցադրում է անում նա ու պատասխանում․ «Օրվա իշխանություններն ունակ չեն որեւէ բանի պատասխան տալ, ես արդեն համոզվել եմ, բայց սա մի կողմն է, իսկ ո՞րն է երկրորդ կողմը»։

Թե ինչու են իշխանությունները գաղտնի պահում, թե ինչ ֆորմատով են մասնակցում այդ հումանիտար օգնությանը, նախկին պաշտոնյան միայն ենթադրում է․ «Վախենում են հասարակական կարծիքից»։

Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն մերժել ռուս գործընկերներին ու պատրաստ են Ռուսաստանի կազմում զորամիավորում ուղարկել Սիրիա, տեղեկությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, փորձագետները հորդորեցին իշխանություններին հետ կանգնել այդ մտադրությունից, քանի որ Ռուսաստանի կազմում մասնակցությունը, թեկուզ հումանիտար օժանդակության տեսքով, կարող է թանկ նստել Հայաստանի վրա, խնդիրներ առաջացնել Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի հետ, անգամ մեր երկրի նկատմամբ սանկցիաների առիթ հանդիսանալ։

Ու չնայած Փաշինյանն անցած տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարեց, որ «սա հայ-ռուսական աննախադեպ հումանիտար ծրագիր է», սակայն այսօր պարզ է դառնում, որ դա իշխանությունը չի ցանկանում հանրայնացնել։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728