Մտավորականների հետ զրույցի շարքում հյուրընկալել ենք գրականագետ Դավիթ Գասպարյանին:
Գինին, երկիրն ու զտման ճանապարհը
Զրույցի սկզբում Դավիթ Գասպարյանը գինի պատրաստելու գործընթացն է բացատրում: Նա հենց այդ կերպ է նկարագրում այն իրավիճակը, որն այսօր ունենք և հետագայում պետք է ունենանք:
«Գինին որ քաշում են, այն մի շրջան ապրում է պղտորության մեջ: Հետո նաև զտվում է, այնուհետև մի քանի անգամ քամում են, և գինին նոր դառնում է գինի: Մեր աչքի առաջ այսքան տեղաշարժեր, փոփոխություններ եղան: Անուններ շրջանառվեցին, ոմանք դիրքերից ընկան, ոմանք վեր բարձրացան: Մենք աստիճանաբար պետք է գնանք դեպի զտում, որպեսզի մեր երկիրը զարգացման ուղի մտնի, ինչպես ասում են, տնտեսական հեղափոխություն կատարվի»,- մեզ հետ զրույցում ասաց Դ. Գասպարյանը:
Գրականագետը շեշտեց՝ բոլոր որոշումների հիմքում պետք է հաշվի առնել մարդուն:
«Ժողովուրդը ոգևորվեց, ժողովուրդը դուրս եկավ փողոց, ժողովուրդը արեց հեղափոխություն կամ իշխանափոխություն: Ժողովուրդը իր ներկայացուցիչներին ընտրեց, հասցրեց Ազգային ժողով, և հիմա ինչ-որ մի լավ բանի, լավ կյանքի է սպասում: Իհարկե, կառուցվածքի վերանայումները, միգուցե, անհրաժեշտ են արդյունավետ կառավարման համար, բայց կադրային ջարդը իմ սրտով չէ: Մարդիկ պետք է իրենց տեղն ունենան կյանքում: Մարդկանց հանդեպ շատ նուրբ պետք է վարվել: Մարդն աշխատում է մի կտոր հացի համար, նա պայքարել է, նա փողոց է դուրս եկել, ու հիմա նրան ուղարկում եք տուն, որ ի՞նչ անի»,- ասաց նա և մի օրինակ բերեց:
Ժողովրդի ուշադրությունը բևեռել նրա վրա, թե այսօր ում ձերբակալեցին, ում բաց թողեցին, հեռանկար չունեցող զբաղմունք է
«3-4 տարի առաջ Լոնդոնում որոշել էին մեքենայացնել մետրոն հսկող կետերը, որտեղ աշխատում էին տարեց թոշակառու 1000 կանայք: Ի վերջո, մեքենայացրեցին և նրանց հեռացրեցին աշխատանքից, բայց հետո եկան այն համոզմանը, որ չի կարելի մարդկանց վիրավորել: Մարդն աշխատում է, և իր վաստակը պետք է ունենա: Կադրային քաղաքականության մեջ մենք ևս պետք է զգույշ լինենք, որպեսզի երեկ ոգևորությամբ փողոց դուրս եկած մարդը չհիասթափվի: Մենք արդեն ուզում ենք, որ արդյունքներ երևան թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ: Ուզում ենք արդյունքներ տեսնել նաև տնտեսության մեջ, և հատկապես մեր գրական, մշակութային ավերակ ոլորտներում, որտեղ ամեն ինչ իջել և հասել է շրիշակի մակարդակի:
Վերջին 100 տարում ժողովուրդը քանի՞ հեղափոխություն ապրեց»: Նկատեց Դ. Գասպարյանը, թվարկեց բոլորն ու ասաց. «Բայց հասարակությունը կայունություն է սիրում: Յուրաքանչյուր արագ փոփոխություն չի նպաստում նրա արագ առաջընթացին ու զարգացմանը, որովհետև կապեր են խզվում, կադրեր են փոխվում, պայմանավորվածություններ են խախտվում և այլն: Մեր նոր իշխանությունները պետք է շատ արագ ներքին լարվածությունը վերացնեն: Ով որևէ հանցանք է գործել ժողովրդի հանդեպ, անպայման պետք է պատժվի, ով թալանել է, գողացել է, պետք է հետ բերի, ով սպանել է, պետք է պատժվի: Օրինականության այս դաշտը պետք է ապահովենք, բայց ողջ ժողովրդի ուշադրությունը բևեռել նրա վրա, թե այսօր ում ձերբակալեցին, ում բաց թողեցին, մի տեսակ հեռանկար չունեցող զբաղմունք է»,-նշեց նա՝ ընդգծելով, որ ուզում է տեսնել, թե ինչ հիմնադրվեց, ինչ ստեղծվեց:
Ուղղումները պետք է գործընթացի ժամանակ անել
«Ուզում եմ տեսնել՝ մի նոր գործարան բացվե՞ց, կամ, օրինակ, «Նաիրիտի» ճակատագիրն ի՞նչ է լինելու, Երևանի կառուցապատումների հետ ի՞նչ է լինելու: Ես շատ դժգոհ եմ այն բանից, որ գործընթացները կանգնեցվում կամ դադարեցվում են: Խոսքը ճանապարհաշինության, հանքարդյունաբերության, նաև գիտական համակարգերի մասին է: Գործընթացը չի կարելի կանգնեցնել, ուղղումները պետք է գործընթացի ժամանակ անել, որովհետև յուրաքանչյուր գործընթացի դադարեցում նշանակում է գործ ունենալ մարդկային ճակատագրերի հետ: Մեզ համար բարձրագույն արժեքը պետք է մարդը լինի: Ամեն ինչ արվեց մարդու համար, բայց հիմա հակառակը, մարդու դեմ ենք, գործից ազատում և ուղարկում ենք տուն: Շատ զգույշ պետք է լինենք, որ որևէ մեկը չնեղանա»,- նշեց Դ. Գասպարյանը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում