2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին: Այդ մասին երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց վարչապետ նիկոլ Փաշինյանը։ «Հեղափոխությունից հետո բանկերն ըստ էության տրամադրել են նույնքան հիփոթեքային վարկ, որքան ողջ 2017 թվականի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են:
Ընդ որում, հիփոթեքային վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո»,- գրել էր վարչապետը՝ ավելացնելով, որ «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը՝ 41 տոկոս, դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ աճը՝ 85 տոկոս, 2019 թվականի հունվարը 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ աճը 131 տոկոս: «131 տոկոս. սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի, բացառապես սեփական հայրենիքի հետ»,- եզրափակել էր Նիկոլ Փաշինյանը:
Ամեն դեպքում, քաղաքացիները անգամ հենց Փաշինյանի գրառման տակ և ոչ միայն փաստում են, որ հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները բարձր են, և նույնիսկ սոցիալական բնակարանաշինության ծրագրերի դեպքում դրանք մոտ են բիզնես վարկերի տոկոսադրույքներին, ինչը նորմալ չի կարելի համարել, քանի որ այն ոչ միայն չի նպաստում երկրում սոցիալական վիճակի բարելավմանը, այլև չի խթանում բնակարանաշինությունը։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դեռևս հեղափոխությունից հետո, անցած ամռանը նկատել էր, որ նոր կառավարության` հիփոթեքային շուկայի աշխուժացմանն ու տոկոսների նվազեցմանն ուղղված քայլերը դրական են։ Այն քայլերը, որ արվում են ժամկետանց տույժ ու տուգանքների ներման և տոկոսադրույքների մակարդակն իջեցնելու ուղղությամբ, ընդհանուր առմամբ ընդունելի են։ Բայց խնդիրը ոչ այնքան կառավարության, որքան շուկայի տիրույթում է։ Եվ միայն ինստիտուցիոնալ մեթոդներով տոկոսադրույքների նվազեցումը մեծածավալ արդյունքի չի հանգեցնի։ Հիփոթեքային շուկան մատչելի ու հասանելի դարձնելու ավելի կայուն գործիք կարող է դառնալ կուտակային կենսաթոշակային համակարգը և այլ գործիքներ։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում