Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան․ «Կրթության ոլորտին հասցված ցանկացած վնաս սպառնում է երկրի անվտանգությանը»․ «Փաստ»

Փետրվար 09,2019 12:07

Կառավարության կողմից ներկայացված ծրագրի՝ կրթությանը վերաբերող հատվածը ոչ միայն չի բավարարում ներկայի պահանջները, այլև չի կարող անգամ լավ կենաց համարվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն այսօր բոլորովին այլ մակարդակի կրթության ծրագրի կարիք ունի, համոզված է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Ըստ նրա, ծրագրում որևէ խոսք չկա «Կրթության մասին» օրենքով պահանջվող կրթության զարգացման ծրագիր-օրենքը վերջապես ընդունելու մասին, որի ժամկետները խախտվել են դեռևս նախորդ իշխանությունների կողմից: Եվ եթե նոր իշխանությունները նույն՝ նախորդների ոգով են շարունակելու առաջ ընթանալ և չեն վերականգնելու բացթողումները, ապա կարող է իրավիճակն ավելի բարդանալ, համոզված է փորձագետը:

Նրա կարծիքով, ամեն նոր կառավարություն գալիս է, նախորդի արածը փնովում, հետո իր ծրագիրը ծուռ կառուցում: Մինչդեռ կրթության հետ այսպես վարվել չի կարելի, քանի որ ոլորտին հասցված ցանկացած վնաս ուղղակիորեն սպառնում է երկրի անվտանգությանը: Անգամ կարող է այն շատ լուրջ հարցականի տակ դնել երկրի անվտանգությունը, քանի որ կրթությունը պետական անվտանգության երաշխիքն է հանդիսանում:

«Լավ կլիներ, որ ցանկացած նոր իշխանություն գոնե իր նախորդի իրականացրած ճիշտ ու լավ քայլերը շարունակեր: Ցավալի է, որ կառավարության ծրագրի նախագծում ոչ մի խոսք չկա այն մասին, որ վերջապես պատրաստվում են կրթության զարգացման ծրագիր-օրենքն ընդունել: Առանց դրա, նշանակում է, մենք շարունակելու ենք խախտել «Կրթության մասին» օրենքը: Նախագծում որևէ խոսք չկա նաև այն մասին, թե որքան է այսօր կրթության ֆինանսավորումը և հաջորդ տարիներին ինչ է կանխատեսվում»,- ասաց Ա. Բախշյանը:

Հիշեցնենք, որ օրենքով նախատեսված է, որ ամեն տարվա՝ կրթությանը հատկացվող բյուջեն չի կարող ավելի պակաս լինել, քան նախորդ տարի է եղել, սակայն այս դրույթը կարծես թե նույնպես շարունակում է անտեսված մնալ:

«Նախորդ իշխանությունների ձեռագիրը մենք գիտենք: Ամեն տարի կրթությանը հատկացվող գումարները գնալով նվազում էին: Նոր իշխանությունների ներկայացրած ծրագիրն ընթերցելիս առաջինն ուզում էի տեսնել կրթության ֆինանսավորումը բարձրացնելու ինչպիսի՞ միտումներ կան: Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ այս մասին բացարձակ ոչ մի խոսք չկա, ինչը չափազանց մտահոգող է: Բացի այդ, ծրագրում գրված նախադասություններն իրենց մեջ ո՛չ մեխանիզմներ են պարունակում, ո՛չ էլ ասվում է, թե 5 տարի հետո ինչպե՞ս պետք է արդյունքները չափվեն: Հասկանալի չէ նաև, թե դպրոցներն ինչպե՞ս պետք է վերածվեն զարգացման կենտրոնների և նպաստեն համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ:

Հարց է ծագում, թե այս նախադասություններն ու իրականությունն ինչքանո՞վ կարող են միմյանց համահունչ լինել: Ինչպե՞ս պետք է համայնքի դպրոցը դառնա զարգացման կենտրոն և նպաստի համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին: Իսկ եթե զարգացման կենտրոններ էինք ուզում ունենալ, ապա պետք չէր անտեսել նախկինում սկսած մի շատ լավ ծրագիր, որի ճակատագիրը, չգիտես ինչու, սառեցվեց: Եվ հիմա դրա փոխարեն ի՞նչ ենք ուզում անել՝ պարզ չէ»,- ասաց Ա. Բախշյանը:

 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728