Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական հեղափոխությունը կլինի, երբ հեղափոխական օրենսդրական փոփոխություններ բերվեն ԱԺ և կյանքի կոչվեն». «168 ժամ»

Փետրվար 09,2019 11:40

Հարցազրույց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանի հետ․

– Պարոն Ավագյան, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից Ձեր հրաժարականի վերաբերյալ նշել եք, որ այդ որոշմանը մեկ օրում չեք հանգել: Նշել եք, որ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով, և պարզագույն արդյունավետության հարցն է եղել խնդիրը, որը Ձեզ չի բավարարել: Կմանրամասնե՞ք՝ ինչն է խնդիրը, ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը, ճնշումներ եղե՞լ են:

-Իհա՛րկե ոչ, իմ դեպքում ճնշումների մասին եկեք չխոսենք: Ես շատ կարևորում եմ թիմային աշխատանքը և կարծում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ կառավարության աշխատակազմում կան իմ նման մարդիկ, ովքեր ոչ մի քաղաքական թիմի անդամ չեն, բայց մաս կազմելով կառավարությանը՝ ստանձնում են պատասխանատվություն այդ թիմի սխալների, հաջողությունների համար: Երբ տարբեր առիթներով քննարկվում էր որևէ օրենսդրական փոփոխություն կամ նախաձեռնություն, բնական է, ես էլ իմ հերթին պետք է բարձրաձայնեի, զգուշացնեի կառավարության ղեկավարին կամ որոշում ընդունող պատասխանատուին, որ դրանով մենք վատթարացնում ենք բիզնեսի, մասնավորապես իմ դեպքում՝ ՓՄՁ-ի, հայկական ապրանք արտադրողի կյանքը:

Շատ դեպքերում իմ հակառակ կարծիքն ընդունվում էր՝ որպես ընդդիմախոսություն և ոչ միանշանակ: Ինձ համար արդյունավետության չափելիության հարցը շատ հստակ օրինակների վրա էր հիմնված՝ նախաձեռնություններ, որոնք քնեցվում էին, և վտանգը կանխող կարծիքներ, որոնք անտեսվում էին:

Մի քանի ցայտուն, հանրությանը հայտնի օրինակներ բերեմ. երբ վարչապետի մոտ առաջարկվեց խորհրդատվական (հաշվապահներ, փաստաբաններ և այլք) ոլորտում ծառայություն մատուցողներին տեղափոխել ԱԱՀ-ի դաշտ, հակառակվեցի՝ բերելով այն փաստարկները, որոնք հետո ներկայացնում էին ոլորտի շահառուները:

Հիշեցրի անգամ, որ նախկինում նման փորձ արվել է, և նորից ետ ենք փոխել այդ դրույթը, պետք չէ կրկնել նույնը: Արդյունքում՝ այդ վատթարացնող նորմը դրվեց նախագծում, ոլորտի ներկայացուցիչները բողոքի ալիք բարձրացրեցին, հիմա արդեն այդ դրույթից հրաժարվում ենք: Նման էր խնդիրը՝ հանրային սննդի ոլորտի փոփոխությունների հետ կապված, երբ մի քանի անգամ մեր կողմից թե՛ վարչապետին, թե՛ որոշումն ընդունող բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացվել են դրա հետ կապված վատթարացումները:

Առանձին հանդիպումներ ենք ունեցել հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հետ մեր նախարարությունում, կազմել տեղեկանքներ, ներկայացրել առաջարկներ աշխատանքային խմբին: Հետո տեսնում ենք՝ հանրային սննդի ոլորտի մասնակիցները բողոքի ակցիա կազմակերպելու նախազգուշացնող պաստառներ են տեղադրում, նոր կանչում ենք քննարկման: Նույնն է խնդիրը ՀԴՄ սարքերի մասով, որի մասին քննարկումներ ենք սկսել դեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամսից սկսած՝ կանխատեսելով, որ հունվարի 1-ից խնդրի առաջ ենք կանգնելու, և առաջարկել ենք լուծումներ:

Նման օրինակները շատ են, երբ դու ինքդ գոնե ակնհայտ վտանգների ու դժգոհությունների մասին զգուշացնում ես, առաջարկում լուծումներ, բայց այդ խնդրին անդրադարձ է լինում միայն այն դեպքերում, երբ լինում է բողոքի ակցիա կամ ֆեյսբուքյան աժիոտաժ, ապա վարչապետը հենց ինքն է անձամբ անցնում դրա լուծմանը: Կարծես գործում ենք բողոքների արձագանքման շատ ավելի պարզ մեխանիզմով:

Նման օրինակներին գումարվեց նաև այն, երբ ներկայացվեց կառավարության կառուցվածքի նախագիծը՝ Գյուղատնտեսության նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությանը միացնելու դրույթով: Անկախ նրանից, որ ներկայացվեցին միջազգային փորձի մասին տեղեկանքներ, հիմնավորումներ, դրանք ևս չլսվեցին:

Իմ երազանքն էր՝ տեսնել Էկոնոմիկայի նախարարությունը՝ որպես ռազմավարական տնտեսական պլանավորման, այդ պլանի մշտադիտարկման և տնտեսության զարգացման քաղաքականություն մշակող կառույց: Բայց այսօր ավելի ուժեղ է ֆիսկալ քաղաքականությունը, դրա մասին մտածողներն ու պահպանողականները: Գուցե սխալվում եմ, բայց իմ կանխատեսումներով՝ մոտակա առնվազն 6 ամիսներին Էկոնոմիկայի նախարարության արդյունավետությունն այդ միացման գործընթացն իրականացնելու հետևանքով ավելի կընկնի:

– Հրաժարականի դիմումում կանխատեսել եք «առաջիկայում հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ կյանքի կոչելու փոքր հավանականությունը»: Մինչդեռ նույն գերատեսչության՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխությունն արդեն սկսվել է: Եթե հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ կյանքի կոչելու հավանականությունը փոքր է, ինչպե՞ս է սկսվել տնտեսական հեղափոխությունը և արդյո՞ք սկսվել է:

– Ընդհանրապես սովորույթ չունեմ մարդկանց հայտարարությունները մեկնաբանելու այն պարզ պատճառով, որ ես չգիտեմ, թե այդ հայտարարությունն ասելով՝ ինչ է նկատի ունեցել հեղինակը: Այս դեպքում ևս թույլ տվեք չմեկնաբանել պարոն Խաչատրյանի հայտարարությունը:

Իսկ իմ կարծիքով՝ տնտեսական հեղափոխությունը կարելի է համարել սկսված, երբ դրան նպաստող մի շարք հեղափոխական օրենսդրական փոփոխություններ բերվեն ԱԺ և կյանքի կոչվեն: Այո, այս պահին մենք արձանագրում ենք, որ նոր կառավարության գալով վերացվել է բիզնեսում հովանավորչությունը, զգալի նվազել է կոռուպցիան, բայց այդ ամենին պետք է գան փոխարինելու ինստիտուտներ և մեխանիզմներ, որպեսզի անձերի փոփոխությունից անկախ՝ այդ վատ երևույթները նորից գլուխ չբարձրացնեն:

 

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728