Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան․ «Հարցաքննվելու են բոլոր նրանք, ովքեր ունեցել են դերակատարում՝ անկախ դիրքից եւ պաշտոնից»․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 09,2019 10:50

Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ դատարանում հայտարարել էր, թե պոստ ֆակտում է տեղեկացել Մարտի 1-ի լուսադեմին տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Նրա խոսքերը փոխանցել էր պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք Քոչարյանի հրամանո՞վ էր Հայկ Հարությունյանը զննություն կամ խուզարկություն իրականացրել Ազատության հրապարակում: Ըստ Ալումյանի՝ Քոչարյանը այդ գործողությունների մասին իմացել է 08:30-ին աշխատավայրում՝ հատուկ կապի միջոցով:

Այնինչ, Փաստահավաք խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեր զրույցում հայտարարեց, որ փաստերը խոսում են լրիվ հակառակի մասին, սկսած առավոտյան դեպքերին իր անմիջական անվտանգության պետի ուղղակի մասնակցությունից: Ըստ Քոչարյանի՝ կադրերում երեւում է, որ նրա անվտանգության պետ Գրիշա Սարկիսովը մարտի 1-ի լուսադեմին՝ ժամը 06:30-ից ղեկավարել է Ազատության հրապարակի գործողությունները. «Պարզվում է՝ նա Ռոբերտ Քոչարյանին մենակ թողել գնացել էր մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելո՞ւ, իհարկե հրամանը ինքը կարող էր ստանալ միայն Ռոբերտ Քոչարյանից»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Վերջինիս հետ զրույցը՝ ստորեւ.

– Պարոն Քոչարյան, այս օրերին մի քանի անգամ հարցաքննվեց Սերժ Սարգսյանը, երեկ նույն գործի շրջանակում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրանք Մարտի 1-ի գործով ի՞նչ կարեւոր տեղեկություն կարող են հաղորդել:

– Իմ կարծիքով, թե՛ այն ժամանակվա իշխանությունը, թե՛ այն ժամանակվա ընդդիմությունը ամեն մեկն իր իմացածը պետք է հաղորդի իրավապահ մարմնին, որովհետեւ ես տեսնում եմ Հայաստանում լիակատար իրավական գործընթաց է գնում Մարտի 1-ի ամբողջական բացահայտման առումով: Այստեղ ամեն մեկն իր իմացածի եւ իր արածի համար պետք է բացատրություններ տա՝ տարբեր կարգավիճակներով: Հարցաքննվելու են բոլոր նրանք, ովքեր ունեցել են ինչ-որ դերակատարումներ՝ անկախ իրենց զբաղեցրսծ դիրքից եւ պաշտոնից:

Բացահայտման քաղաքական պատվեր է դրված եւ այդ պատվերը իրականացվում է՝ դրանով հնարավորություն տալով ուժային կառույցների թե՛ պատիվը փրկելու, թե՛ մաքրելու, թե՛ հետագայում նաեւ նրանց օրենքից դուրս չօգտագործելու համար, որովհետեւ ոստիկանը պետք է կատարի իր վրա դրված ֆունկցիոնալ պարտականությունները, բանակը՝ իր եւ այնպես պետք է չլինի, որ որեւէ մեկի մտքով անցնի՝ ոնց ցանկանա, օգտագործի անհամաչափ ուժ եւ դրա տուժողը լինի մեր պետությունը, մեր ժողովուրդը:

Ես համոզված եմ, բոլոր այն գործող անձինք, որոնք քաղաքական իշխանություն են ներկայացրել կամ քաղաքական իշխանության պատվերով, հաճույքով իրականացրել են անօրինական գործողություններ, բոլորն էլ հարցաքննվելու են: Դրանք կլինեն նաեւ այն մարդիկ, որոնք ներգրավված են եղել այսպես կոչված շտաբի կազմում, որոնք այն ժամանակվա գործող նախագահի առանձին հանձնարարությունով ինչ-որ գործողություն են արել, որի արդյունքում հավաքական եղել է Մարտի 1: Շտաբի բոլոր անդամներն էլ տարբեր կարգավիճակներում կհարցաքննվեն, մեկը՝ վկա, մյուսը՝ մեղադրյալ, այդ շտաբը շատ հայտնի է, շտաբի անդամների անունները բազմիցս հնչեցվել են, սկսած՝ Տիգրան Թորոսյանից, վերջացրած՝ Աղվան Հովսեփյանով, արանքում էլ կարելի է ասել նույնիսկ Վարդան Օսկանյանը, որը սպասարկում էր աշխարհին սխալ տեղեկատվություն հաղորդելու գործընթացում:

– Արմեն Գեւորգյանը (Ըստ Փաստահավաք խմբի տվյալների՝ նա նույնպես շտաբի անդամ է եղել,-հեղ.) մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը այդպիսի գաղտնի շտաբի մասին տեղեկություն չունի, անդամ չի եղել:

– Բա ի՞նչ եք կարծում, Արմեն Գեւորգյանը պետք է ասեր՝ տեղեկությո՞ւն եմ ունեցել, նույնիսկ մինչեւ հիմա Սեյրան Օհանյանը չի ասում, որ 0038 հրամանին ծանոթ է, երբ որ այդ հրամանի պատրաստմանը բոլորը մասնակցել են, ինչի՞ մասին է խոսքը, պետք է ասեն՝ չի եղել, բայց իրենց ասելը արդեն երկրորդական է, գլխավորը նախաքննական մարմինը կարողանում է ի հայտ բերել այնպիսի իրողություններ եւ ապացույցներ, որը իրենց ասածը դարձնում է երկրորդական եւ իրենք պետք է շարժվեն նախաքննական մարմնին ճիշտ տեղեկատվություն տալու ճանապարհով:

– Պարոն Քոչարյան, ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի կարգավիճակի փոփոխություն կլինի:

– Վկայի կարգավիճակով հարցաքննում էին նաեւ սկզբից Ռոբերտ Քոչարյանին, հետո մեղադրանքը միանգամից փոխվեց: Սերժ Սարգսյանի պարագայում ես չեմ կարող ասել՝ ինքը կմնա վկայի կարգավիճակով, թե՝ ոչ, դա արդեն նախաքննական մարմնի որոշելիքն է եւ այն փաստացի նյութի, որի շրջանակում Սերժ Սարգսյանից բացատրություններ են վերցնում:

Ես մի բանում եմ վստահ, որ նախաքննությունը իրականացվում է անկաշկանդ, առանց քաղաքական պատվերների, դա ամենակարեւոր ձեռքբերումն էր՝ այս քննությունը իրականացնելու առումով, որովհետեւ նախկինում եղել է լրիվ հակառակը՝ կոծկել, իրեղեն ապացույցները ոչնչացնել, փչացնել եւ այդ արատավոր համակարգն իրականացնողները պետք է հասկանան, որ իրենց պատասխան տալու ժամանակն էլ է գալու, դա լինի փորձագետ, թե՝ հանրապետության նախկին դատախազ:

– Ռոբերտ Քոչարյանը հակառակ պնդմանն է, ասում է՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

– Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը իրեն կհայտարարի քաղբանտարկյալ, նույնիսկ հալածյալ, բայց թե ինչ է եղել Մարտի 1-ին իր որոշումների արդյունքում, ինքը փորձում է կոծկել, շառը գցել մեռած, փախած մարդկանց, քնից ուշ զարթնելու վրա: Վերջին հաշվով՝ դու եղել ես այս երկրի համար մեկ պաշտոնյան եւ բարի լինես նաեւ պաշտոնը կորցնելուց հետո տաս այն հարցերի պատասխանը, որ քո պաշտոնավարման ընթացքում, լինելով այն ժամանակ հայտարարված միակ տղամարդը, ինչ ուզել, արել ես, հիմա ինչ ուզելու ժամանակը անցել է, Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն, այս պարզ բանը ոչ մեկ չի ուզում հասկանալ. քաղաքական սերնդափոխություն նշանակում է, որ եկել են իշխանության մարդիկ, որոնք ուզում են ամեն ինչ մաքուր էջից տանել, գուցե անփորձ են, բայց մաքուր էջը գոյություն ունի, դա իրողություն է…

Մարտի 1-ի էջը բացահայտումներով պետք է փակել, ինչքան շուտ, այնքան լավ պետության համար:

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728