Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ օրենք է, մնում է իրագործել

Փետրվար 09,2019 10:00

Ծխելու դեմ պայքարի մասին օրինագիծը նոր չէ՝ այն շրջանառության մեջ էր դրվել դեռեւս հեղափոխությունից առաջ: Հիշո՞ւմ եք, թե ինչպիսին էր հասարակության, այդ թվում՝ ֆեյսբուքահայության արձագանքը: «Էս ժողովրդին ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ հիմա էլ վրեն 800 հազար տուգանք եք դնում»: «Մարդիկ դարդից են ծխում, հենց որ սերժենք գնան, միանգամից կթարգեն»: «Հը՞, Լեւոն Ալթունյան, հերթական գրանտն ես ստացել, ուզում ես ուտե՞ս»: Հիմա, ինչպես հայտնի է, իրավիճակ է փոխվել: «Դարդից ծխելու» կարիք այլեւս չկա, որովհետեւ ներկայումս դարդ չկա՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Աշխատավարձի մասով վստահ չեմ, որ ինչ-որ էական բան է փոխվել, բայց ընդհանուր առմամբ մարդկանց մեջ ապագայի նկատմամբ հավատ է առաջացել, հետեւաբար, կարծում եմ, կարգազանց քաղաքացիները սիրով կմուծեն տուգանքը:

Մի խոսքով, բուռն բացասական արձագանքներ չկան, եւ դա հրաշալի է: Մնում է օրենքն ընդունել եւ առաջարկվող խստացումները կյանքի կոչել: Այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում: Նախ՝ ծխողները կսկսեն խոսել իրենց իրավունքների մասին եւ պահանջել, որ սրճարաններն ու ռեստորանները բաժանվեն ծխողների եւ չծխողների սրահների: Բայց նախ՝ դա շատ դեպքերում տեխնիկապես դժվար է, «օբյեկտներից» շատերը երկու՝ իրարից մեկուսացված սրահներ չունեն: Երկրորդ՝ «օբյեկտների» սեփականատերերը, միեւնույն է, նստեցնում են ծխող հաճախորդներին «չծխող» դահլիճներում, եթե ծխողների մոտ տեղ չկա՝ հո դուրս չեն անի մարդկանց՝ հաճախորդ կորցնելով: Այնպես որ՝ եթե արգելել, ապա, այո, արգելել ամբողջությամբ, բոլոր հանրային փակ տարածքներում:

Բայց առավել մեծ խնդիր է առաջանում օրենքի կիրառման ոլորտում: Պատկերացնենք տարբեր իրավիճակներ.

1/ Հաճախորդը ծխում է, սեփականատերը նրան նկատողություն է անում, տեղի է ունենում վեճ, հնարավոր է՝ բախում: Ո՞վ պետք է դուրս անի փրփրած հաճախորդին՝ սրճարանի, ռեստորանի անվտանգության աշխատակիցնե՞րը (եթե կան), թե՞ բոլոր նման դեպքերում պետք է ոստիկանություն կանչվի:

2/ Հաճախորդը ծխում է, եւ բոլորը դա հանդուրժում են՝ «մենք հո գործ տվող չենք»:

3/ Հաճախորդը ծխում է, մյուս հաճախորդն ահազանգում է, «օբյեկտի» վարչակազմը ոչ մի ձեւով չի արձագանքում: Ի՞նչ պետք է անի բողոքող հաճախորդը՝ դիմի՞ ոստիկանություն, թե՞ թողնի գնա:

Այնպես որ, օրենքը ողջունելի է, հանրային փակ տարածքներում ծխելը վնաս էր թե՛ նախորդ հանցավոր ռեժիմի, թե՛ ներկա հեղափոխական ռեժիմի ժամանակ: Պարզապես պետք է օրենքում ամրագրված լինեն իրագործման մեխանիզմները: Թե չէ ավելի լավ է ընդհանրապես օրենք չունենալ, քան ունենալ միայն թղթի վրա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Իրատես says:

    Օրենքների շարքից՝մի առաջարկ էլ իմ կողմից,եթե կարելի է, սկսած սովետների ժամանակներից,ինպես նաեւ՝նախորդ իշխանությունների օրոք՝ձերբազատվել, այն բոլոր,մանր ու միջին պաշտոնյաներից,որոնք պաշտոններ էն ձեռք քցել այդ ժամանակահատվածում,քանի որ,բոլորիս է հայտնի,թե ինչ զարտուղի ճանապարներով էն նրանք հասել այդ պաշտոններին,(ի°նչ արհեստավարժություն, ինչ ազնվություն) և հենց նրանք էլ՝այսօր արգելակում էն ամեն մի,փոքր ի շատե առաջընթացին,բացառություններ,եսիմ կլինեն թե ոչ…

  2. Հ.Շ. says:

    Ծխախոտի գործածութիւնը նուազեցնելու ամենէն ազդու ու լաւագոյն միջոցը, միաժամանակ նպաստելով Պետական եկամուտին, վաճառքի վրայ հարկ հաստատելն է:  Նոյնպէս, ոգելից ըմպելիքի պարագային:
     
    Մինչ այժմ երկուքի պարագային, Հայաստանի մէջ, գիները չափազանց ցած են: Ինչ որ կը խրախուսէ անոնց չափազանցեալ գործածութիւնը:

    Այստեղ կան նաեւ յաւելեալ նկատառումներ: Հանրային վայրում ծխելու արգելքը, տուգանքի պատիժով, կը միտի պաշտպանելու չծխողների առողջութիւնը: Մինչ վերոնշեալ մօտեցումի նպատակն է նաեւ նուազեցնել շատ ծխողների եւ շատ խմբողների առողջութիւնը: Իսկ այդ ալ միայն իրենց օգուտին համար չէ, այլ հաւաքականութեան, նկատի ունենալով որ Պետութիւնը կը հոգայ կարգ մը բժշկական ծախսեր – յուսալով որ մի օր ել նա կը ստանձնէ քաղաքացիի առողջութեան լրիւ անվճար խնամքը – :

    https://haytougchamlian.blog/

    ..

    • Հ.Շ. says:

      «նուազեցնել շատ ծխողների եւ շատ խմողների այդ պատճառներով իրենց առողջութեան հասցուցած ծանր վնասները», գրել կ’ուզէի անշուշտ, կը ներէք.
      այս կէտի կապակցութեամբ, ոմանք կ’առարկեն թէ անհատական ազատութեան հարց կայ. թէ որ այդպէս է, գոնէ հարկերի միջոցաւ այդ ազատութեան գինը թող բարեհաճին վճարել Ընկերութեան, անոնք որոնք այդպէս իմաստալից կերպով կ’ուզեն ինքնասպան ըլլալ.

      իսկ ոգելից խմիչքի գործածութիւնը հարկերի շնորհիւ նուազեցնելու պարագային, ծխախոտի նման չէ, չխմողների առողջութիւնը պաշտպանելու հարց չկայ, ճիշդ է. այլ կայ՝ ուղղակի անոնց կեանքերը փրկելու միտող միջամտութիւն… (re: վթարներ եւ մարմնային բրտութիւն)

      (յստակացում՝ ես չեմ ծխեր, սակայն առիթներով՝ կը խմեմ, հաճոյքով. այնպէս որ, այստեղ «առաջին քարը նետելու» հաւակնութիւն չկայ…)

  3. Լավատես says:

    Արդեն մի տասը տասնհինգ տարի ծխելը թարգել եմ,դրանից առաջ մի քսան քսանհինգ տարի ծխել եմ, թարգելու փորձեր շատ եմ արել, քանի դեռ հենց նենց փստացնում ես, կարծում ես խնդիր չկա, երբ ուզենամ կթարգեմ, բայց գալիս է մի շատ աննկատ պահ, որ էլ երբ ուզենամ հենց նենց չեմ կարող թարգել, էդ թակարդի մեջ սկսում ես թպրտալ, ինքդ քեզ ու ուրիշների մոտ արդարացնել’ սուրճ խմելուց ո՞նց չծխես, ջղայնացրին’ ո՞նց չծխես ու նման լիքը ինքնախաբեություններ, կարեւորը հերթական պարտությունից հետո համոզված լինես, որ վաղ թե ուշ մեկ ա հաղթելու ես:

  4. gohar says:

    Հարգելի պ-ն Աբրահամյան , կարծում եմ որ օրենքը շատ՜ ուշացած է։ Բայց նորից շնորհակալություն ,որ ուշադրության և քննարկմնան առարկա է դարձել։
    Ապրում եմ Նյու Յորքում։ Սակավաթիվ ազգականներս ամիսներով խուսափում են մեզ հյուր գալու։ Պատահական իմացանք, որ մեր տանը իրենց հարմարավետ չեն զգում , քանի որ մեր Շենքը իր 112 բնակարաններով անդամագրվել է որպես չ՛ծխողների շենք։ Քո սեփական բնակարանում իրավունք չունե՛ս ծխելու։ Հակառակ դեպքում վերևի, ներքևի , կողքիդ բնակարաններում ապրողները կարող են հայտնել 911 կամ 311 և ստիպված կլինենք մեծ գումար տուգանք վճարելու ։ Մնում է , որ ասենք մեր հյուրը , որը չի դիմանում , իջնի 6-րդ հարկից փողոց, կանգնի շենքի շքամուտքից 5 մետր հեռու և ” վայելի” իր սիգարետը։ Է, էլ ո՞վ կգա ։
    Այս վերջերս էլ անընդհատ քննարկվում է, որ փողոցով քայլել ու ծխելը ևս արգելվի ։ Հետևությունը թողնում եմ կարդացողներին ։

  5. henri says:

    Եղած առաջարկները օգտակար են անշուշտ – հարկ է նաև հանրային մետիաներէն /Հեռատեսիլ-ֆիլմեր- հարցազրոյցներ/ հանել ծխողներ ցոյց սուող անձերը -որոնց ձախ ձեռքի մատներու արանքին անպայման գլանիկ մը կայ մինչ աջով կը խօսին …
    Այս սկզբունքը սկսած է գործադրուիլ արեւմուտքի մէջ յաջողութեամբ;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728