Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծաղկաքաղ անել եւ արագ ֆեյսբուքում հերյուրանք տարածել, որ որեւէ էական բան չի փոխվել, շատ ծիծաղելի է»

Փետրվար 09,2019 15:30

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ Աշոտյանի «մանիպուլյացիայի» մասին

«Freedom House-ի զեկույցում ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ընդամենը 2 միավորով՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի երկու վերջին ընտրությունների «ազատ եւ արդար» լինելու փուչիկը»,- Facebook-ի իր էջում գրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, թե անգամ մեր նոր իշխանություններին սիրող Freedom House-ը գեղեցիկ տեքստի կողքին շատ չի կարողացել նկարել նույնքան տպավորիչ թվեր։ Խոսքը Freedom in the World 2019 զեկույցի մասին է, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:

Աշոտյանի ասած՝ «ոչ տպավորիչ» թվերը հետեւյալն են՝ ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ընդամենը 2 միավորով (6՝ 12-ից), կառավարության գործունեությանը վերաբերող գնահատականը մնացել է նույնը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին (4՝ 12-ից), քաղաքացիական ազատություններին վերաբերող հսկայական հատվածը ավելացել է ընդամենը 1 միավորով (31՝ 60-ից)։ Այս թվերը ներկայացնելով՝ Աշոտյանը եզրակացրել էր. «Ճոխ եւ ճռճռան տեքստերի կողքին առկա են չոր թվեր, որոնք վկայում են այն մասին, որ իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել, անգամ ժողովրդավարության համար»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վստահեցրին, որ Արմեն Աշոտյանը մանիպուլյացիա է անում: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց, որ արդեն հոգնել է նախկին իշխանության ոչ տրամաբանական մեղադրանքներից. «Այդ զեկույցում փաստվում է, որ Հայաստանը ամենամեծ առաջընթաց գրանցած երկրներից է»:

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն ասաց. «Նախ՝ զեկույցի ներառական մասում նշված է, որ Հայաստանը աննախադեպ հեղափոխական քայլեր է արել: Երբ որ Արմեն Աշոտյանը ծաղկաքաղ է անում վերեւի երկու պարբերությունները, պետք է նշել, որ այնտեղ երկու կետով ավելանալը շատ լուրջ քայլ է: Այսինքն՝ երբ որ 4-ից 6 է դառնում, դա լուրջ առաջընթաց է: Երբ որ ամբողջ պարամետրերն ես նայում, այլ պատկեր է լինում: Մարդու իրավունքներով ամենամեծ առաջընթացն է, ինքը վերցնում է միայն մի քանի կետերը եւ փորձում է դա ներկայացնել՝ որպես շատ փոքր քայլ: Բայց դա այդպես չի: Իրականում դա լուրջ առաջընթացի սկիզբ է: Ժողովրդավարությունը հետընթացներ եւ առաջընթացներ ունի, եւ այստեղ կարեւոր է տեսնել, որ էականորեն փոփոխությունը դեպի ժողովրդավարություն ֆիքսվում է: Ծաղկաքաղ անել վերեւի երկու հատվածները եւ արագ ֆեյսբուքում հերյուրանք տարածել, որ որեւէ էական բան չի փոխվել, շատ ծիծաղելի է»:

Մենք ճշտեցինք, այսինքն՝ Աշոտյանի մանիպուլյացիան այնտեղ է, որ նա ներկայացնում է մեկ-երկու կետի առավելությունը որպես չնչին առավելությո՞ւն, Սոս Ավետիսյանը պատասխանեց. «Ընդհանուր չի նայում: Երբ որ նշում է, որ այստեղ ռեւերանսներ է արված Հայաստանի իշխանությանը, այստեղ ռեւերանսների խնդիր չկա: Անկախ կառույց է, որը տալիս է իր գնահատականը, ներածականում հստակ նշված է, որ սա լուրջ առաջընթաց է»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ լուրջ պայքար է տարվում, արմատախիլ է արվում կոռուպցիան, համակարգային կոռուպցիա չկա, բայց զեկույցում այդ առաջընթացը չի երեւում, եթե հիմա արմատախիլ ենք արել ու 4-րդն ենք՝ 12-ից, էլ ի՞նչ պետք է անենք, որ ամենաբարձր միավորներին հասնենք, Ավետիսյանը պատասխանեց, որ «Թրանսփարենսն ինթերնեշնըլն» էլ է կոռուպցիայի գծով զեկույց կազմում ու այս տարի նշում է, որ աշխարհում երկու երկիր կա, որը մոտ է լավագույն ցուցանիշին. «Այստեղ համակարգային աշխատանք է պետք տանել, որ բարելավում ունենաս: Գլոբալ առումով կոռուպցիայի դեմ պայքարը բավականին դժվար է: Իրենց մեթոդաբանությամբ, իրենք չեն նայում միայն 2018-ի մասով, կան գործոններ, որոնք 2017-ից ունեն իրենց ազդեցությունը եւ կտրել այդ մասն ու ասել՝ տեսեք, որեւէ բան չի փոխվել, շատ մանիպուլյատիվ է… Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մեկ տարում կիսաիշխանության պարագայում հնարավոր էր ամբողջապես փոխել, վերցնել կադրային կտրել ու ասել՝ այսպիսին է պատկերը, բավականին էժան մանիպուլյացիա է»:

Պատգամավորը հիշեցրեց, որ նախկին իշխանության օրոք, երբ այդ զեկույցներում 1 կետով բարձրացում էր լինում, դա դառնում էր Հանրային հեռուստատեսության մի ամբողջ ռեպորտաժ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

08.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728