«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը կառավարության սահմանած 5 տոկոս տնտեսական աճը համարում է զգուշավորություն
– Ի՞նչ բնորոշում կտաք կառավարության ծրագրին:
– Կառավարության ծրագիրը ուսումնասիրում եմ, նախնական տպավորությունս այն է, որ դեռեւս տեղ ունենք ծրագրի վրա աշխատելու: Մենք մեր առաջարկներով, իհարկե, կփորձենք հարստացնել այն՝ հատկապես ռեֆորմների մասով եւ այն փոփոխությունների, որոնք մենք ենք տեսնում, որ կառավարությունը պետք է անի:
– Մեկ-երկու կարեւոր ռեֆորմներ կնշե՞ք, որոնք կառավարությունը պետք է անի եւ ծրագրում չկա՝ տնտեսական առաջընթաց ապահովելու եւ դրա սոցիալական էֆեկտը ստանալու համար:
– Օրինակ՝ տնտեսական առաջընթաց ապահովելու համար, իհարկե, կառավարությունը շատ լավ բնորոշումներ ունի առաջիկա գործողությունների, բայց մենք տեսնում ենք, որ գործարարության հետ կապի հարթակների մասով ծրագիրը բարելավվելու պոտենցիալ ունի: Մենք կառաջարկենք, որպեսզի կառավարությունը ստեղծի մեխանիզմներ, հարթակներ, որպեսզի գործարարներն անընդհատ կարողանան իրենց կարծիքն ասել կառավարությանը եւ կառավարությանը գործողությունների հանրային պատվեր տան: Մենք, վերջիվերջո, պետք է ոչ թե մեկանգամյա գործողություններով պայմանավորենք մեր ծրագրերը, այլ մեխանիզմներով, որով անընդհատ հետադարձ կապ ենք ապահովում: Այս առումով կառավարությունը պետք է նաեւ ներդրումներ անի՝ գործարարների միություններ, ասոցիացիաներ ստեղծելու եւ դրանց աջակցելու գործընթացում: Դա ոչ միայն գործարարներին է անհրաժեշտ, այլեւ պետությանը: Այսինքն՝ ծրագրի տնտեսական մասով ես կարծում եմ, որ հանրային պատվեր ստանալու մեխանիզմի հետ կապված փոփոխություն է պետք անել:
– Բավական ուշագրավ եւ ոչ միանշանակ ընկալվող ձեւակերպում կա կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում` «կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի»: Ինչպե՞ս եք դա պատկերացնում անել:
– Ծրագրում նշված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի միասնական հանձնաժողով պետք է ստեղծվի: Ես կարծում եմ, որ դա այն մեխանիզմն է, որով մենք կփորձենք հարցի իրավական կողմը նայել եւ անկախ մարմին ունենալ, որը կարողանում է վերահսկել բոլոր մարմիններին: Կոռուպցիայի դեմ կարող է պայքարել եւ ոստիկանությունը, եւ ԱԱԾ-ն եւ այլն, բայց մեզ անկախ մարմին է պետք, որը նաեւ ԱԱԾ-ին վերահսկի, ոստիկանությանը վերահսկի:
Այստեղ, իհարկե, նաեւ կրթական բաղադրիչը կա. իրականում կոռուպցիան հանրության մեջ պետք է չարիք համարվի, այլ ոչ թե նորմալ պայմանավորվածություն: Հիմա խնդիրն այն է, որ հին իներցիայով դեռեւս նորմալ պայմանավորվածությունների մեխանիզմներն աշխատում են:
– Մենք բազում հակակոռուպցիոն հանձնաժողովներ ունեցել ենք, դրանց դառը փորձին ծանոթ ենք. ի՞նչ երաշխիք, որ այս հանձնաժողովը հաջողելու է:
– Երաշխիքը ժողովրդի վերահսկողությունն է: Հիմա դուք տեսնում եք, որ պատգամավորները որոշակի խնդրահարույց հարցերի վերաբերյալ լսում են նախարարներից մեկին:
– Նախկինում էլ ենք նման փորձեր ունեցել: Հարցն արդյունքներին է վերաբերում:
– Հիմա ես հույս ունեմ՝ արդյունքները կտեսնեք, որովհետեւ ժողովուրդն այլ կերպ է վերաբերվում գործընթացներին, ժողովուրդը վերահսկում է եւ հակված է խոսել` տեսնել եւ ասել մեխանիզմները: Սա հենց հեղափոխության հիմնական արժեքն է: Այսինքն՝ եթե հեղափոխությունից հետո ժողովուրդը չպետք է կարողանա իրական իշխանությունը վերցնել իր ձեռքը, ուրեմն այս ամբողջ գործընթացն ապարդյուն է անցել: Բայց ես տեսնում եմ, որ ժողովուրդը հիմա արդեն չի լռում եւ փորձում է իրական ու շոշափելի արդյունքներ տեսնել, մասնավորաբար, մեր աշխատանքում, որպես իրենց կողմից ընտրված պատգամավորների:
– Կառավարության ծրագիրը ոչ միայն քննադատության, այլեւ ծաղրի ու հեգնանքի հասցրեց արժանանալ` բարի ցանկությունների, դեկլարատիվ, առանց թվային հիմնավորումների, անլուրջ եւ այլ որակումներ տրվեցին: Չե՞ք կարծում, որ այդ բնութագրերում ճշմարտության հատիկ կա:
– Ես տեսնում եմ ծրագրում եւ ուժեղ կողմեր, եւ թերություններ: Իհարկե, մենք կարող ենք ծրագրում, տարբեր տեղերում եղած թվերը համախմբել ծրագրի սկզբում, մեկ աղյուսակում, որպեսզի բոլորը տեսնեն ՀՆԱ-ի նպատակային ցուցանիշները, գործազրկության, աղքատության, ներդրումների եւ այլն: Ծրագրի տարբեր բաժիններում դրանք կան, կառավարությունն ինքն իր համար ցուցանիշներ սահմանել է, որոնց ձգտելու է հասնել:
– Ծրագրում կարո՞ղ եք մատնանշել այն ներդրումային բումը, որը կառավարությունը ցանկանում էր ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով:
– Ներդրումային բումը մասնավոր հատվածի գործողություններով եւ ծրագրերով է պայմանավորված: Իհարկե, կառավարությունը պարտավոր է համապատասխան միջավայր ստեղծել, բայց մենք դա ակնկալում ենք մասնավոր հատվածում, ոչ թե կառավարության գործողություններում:
– Կառավարության ծրագրում ապահովվա՞ծ է այդ միջավայրը:
– Մենք խոսում ենք տնտեսական հեղափոխությունից` հասկանում ենք, որ դերակատարը ձեռնարկությունն է, ոչ թե կառավարությունը: Կառավարությունը միջավայր պետք է ապահովի. կա երկու մոտեցում` կոռուպցիայից զերծ, հավասար միջավայր բոլորի համար, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան զբաղվել ձեռներեցությամբ, եւ հնարավոր է մեկ այլ քայլ էլ անել` աջակցել ձեռնարկություններին, ինչը տեղ ունի ծրագրում: Օրինակ՝ «Մեկ պատուհանը» ներդրողների համար կամ զրոյից սկսող ձեռնարկություններին աջակցող ծրագրերը: Ծրագրեր կան, հնարավոր է՝ մեխանիզմները լավ նկարագրված չեն:
– Բայց կա՞ն այդ մեխանիզմները:
– Այո:
– Այդ դեպքում ինչո՞ւ դրանք հրապարակված չեն:
– Ես էլ եմ կարծում, որ ծրագրում մեխանիզմները պետք է տեղ գտնեն: Այո, դա ծրագրի թերություններից է:
– Վստա՞հ եք, որ կառավարությունում պատկերացնում են այդ մեխանիզմները:
– Կառավարության անդամների հետ իմ զրույցներից ես տեսնում եմ, որ պատկերացնում են, ուղղակի այդ պատկերացումը պետք է արտացոլվի նաեւ ծրագրում:
– Հինգ տոկոս տնտեսական աճով տարին փակելու ցուցանիշը համարժե՞ք է այն սպասելիքներին, որոնք առկա էին հեղափոխական եւ հետհեղափոխական շրջանում:
– Կոնկրետ իմ սպասելիքները գոնե երկնիշ թվերով են: Տեսեք, մի խնդիր էլ կա. ծրագրում բավականաչափ չափավոր մոտեցումներ են կանխատեսումների մասով: Այնպիսի տպավորություն է, որ մեր նախարարները չափավոր թվեր են դրել, որպեսզի հետո չստացվի, թե չեն իրականացնում դրանք: Ես վստահ եմ, որ թվերն իրականում կրկնակի կլինեն ծրագրում դրված թվերի համեմատ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ