Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի եւ «Իմ քայլի» կառավարությունների ծրագրերում նույն մոտեցումներն են

Փետրվար 09,2019 14:30

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրապարակել է առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը: Թեեւ նախօրեին կառավարությունը հավանություն չտվեց ծրագրին, սակայն այն որոշ խմբագրական շտկումներից հետո հավանաբար այսօր կհաստատվի, ապա կներկայացվի Ազգային ժողով:

Այս կառավարության ծրագիրը հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Իմ քայլի» կառավարության ծրագրի գլխավոր, կարելի է ասել, ուղերձն է՝ ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացին:

Իսկ երջանկության համար կառավարությունը խոստանում է. «Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն»:

Ի՞նչ է ծրագրել կառավարությունը առողջապահության ոլորտում. «Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի եւ հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով արդիական, բարձր որակի եւ համապարփակ առողջապահական ծառայությունների մատուցումը: Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել եւ զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը եւ շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը»: Այսպիսի մոտեցում ուներ նաեւ նախորդ իշխանության ձեւավորած կառավարությունը, որի 2017-2022 թվականների ծրագրում գրեթե նույն ուղղություններն են, ինչ այս կառավարությունն է նշել: Օրինակ՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն կառավարության ծրագրում, թեեւ «երջանիկ քաղաքացի» գաղափարը չկար, բայց նախատեսել էին «մինչեւ 2018-ի ավարտը մշակել բուժօգնության առաջնային օղակի բարեփոխումների հայեցակարգ՝ նպատակ ունենալով տնտեսել առավել թանկ հիվանդանոցային օղակին դիմելիության ուշացած դեպքերի հետ կապված պետական միջոցները. վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ հսկման արդյունավետ կառավարում, ոչ վարակիչ հիվանդությունների՝ ՈՎՀ-ի եւ դրանց ռիսկի գործոնների արդյունավետ կառավարման (կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ վերահսկման) միջոցով նվազեցնել ծխախոտի եւ այլ վնասակար նյութերի օգտագործումը: Ապահովել ՈՎՀ-ի թիրախավորված վաղ հայտնաբերումը, 2017-2018 թվականներին ամփոփել ընթացիկ սքրինինգային ծրագրերը»:

Կոալիցիոն կառավարությունը նախատեսում էր օրենքով ամրագրել ծխախոտի օգտագործման վայրերի եւ գովազդի սահմանափակումները եւ սահմանել ծխելու դեմ պայքարին նպաստող ենթաօրենսդրական նորմերը:

Ծխելու դեմ պայքարը տասնամյակի պատմություն ունի. նախորդ կառավարությունն էլ, ինչպես այս կառավարությունը, փորձում էր այդ հարցում ավելի խիստ լինել, չհասցրեց:

«Իմ քայլի» ձեւավորած կառավարության ծրագրով առողջապահության ոլորտի մեկ այլ նպատակն է՝ «Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման համար անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որ բժշկական օգնության եւ բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ եւ ժամանակին տրամադրվեն այդ ծառայությունները՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից եւ սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի եւ որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը»:

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն ծրագրում էլ բժշկական ապահովագրության ուղղությամբ նմանատիպ խոստումներ կային՝ «Պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովման, էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, առողջապահական ծառայությունների շուկայական եւ մրցակցային գնագոյացման մեխանիզմների շնորհիվ ստեղծել հիմքեր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին աստիճանաբար անցնելու համար… Մշակել ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ (համաձայնությամբ) Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգ»:

Ներկայիս կառավարության ծրագրով նախատեսվում է հատուկ ուշադրության կենտրոնում պահել մոր եւ մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի եւ դեռահասության առողջապահական խնդիրները, սրտանոթային եւ քաղցկեղային հիվանդությունների բուժման եւ վերահսկման արդյունավետության բարձրացումը:

Նոր կառավարությունը խոստանում է՝ «Կառավարության համար կարեւոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների եւ պատրաստվածության շարունակական բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ եւ համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման եւ վերահսկման բարելավումը, այդ թվում՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրումը»:

Այս ուղղությամբ ի՞նչ էր ծրագրել նախկին իշխանությունը՝ «Բնակչության բուժման ելքերի բարելավման եւ բուժսպասարկման գործընթացների որակի բարձրացման, վերահսկողության եւ թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է շարունակաբար զարգացնել բուժաշխատողների մասնագիտական հմտությունները եւ կարողությունները, այդ թվում՝ ա. առողջապահական մարդկային ներուժի որակի կառավարում շարունակական մասնագիտական զարգացման (CPD) եւ շարունակական մասնագիտական կրթության (CME) կրեդիտավորմանը վերաբերող միջազգայնորեն ընդունված ուղեցույցներին համահունչ սահմանել շարունակական մասնագիտական զարգացման եւ կրթության շրջանակներում կրեդիտավորմանը ներկայացվող պահանջները մինչեւ 2017 թվականի ավարտը: 2017-2021 թվականների ընթացքում իրականացնել հավաստագրման գործընթացի աստիճանական ներդնում, այդ թվում` մինչեւ 2017-ի ավարտը ներդնել ՀՀ-ում հավաստագրման նպատակով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների գիտելիքները գնահատող համակարգ (թեստավորման համակարգ): Մշակել եւ հաստատել ՀՀ-ում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության կարգը մինչեւ 2017-ի ավարտը»:

Ներկայիս կառավորության ծրագրում առողջապահության ոլորտին վերաբերող նպատակներն ամփոփվում են՝ «Նշված նպատակներին հասնելու համար կարեւոր են լինելու էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրումը, առողջապահական եւ բժշկական տվյալների թվայնացումը, բժշկագիտության եւ դեղարտադրության ոլորտի զարգացումը: Դեղերի որակի, անվտանգության, արդյունավետության եւ նշանակման, բաշխման վերահսկողության արդյունավետ համակարգերի ներդրումը նույնպես առանցքային ուղղություններից է լինելու»։

Դեղերի անվտանգության ու էլեկտրոնային առողջապահության ապահովման համար նախորդ կառավարության ծրագրում էլ ծավալուն նպատակներ էին նշված:

Այս երկու՝ իրարից տարբեր կառավարությունների ծրագրերում առողջապահության ոլորտում թիրախներն ու նպատակները գրեթե նույնն են:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

08.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728