Լրահոս
Օրվա լրահոսը

Նապաստակի որսի գնացածն անզգույշ սպանել էր մեկ այլ որսորդի

Փետրվար 09,2019 13:30

Համաներվել է

Սեյրան Մատինյանը 2018 թվականի հունվարի 6-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Իջեւան քաղաքին պատկանող «Աղայա» կոչվող սարամասում նապաստակ որսալու ժամանակ, իր ԻԺ-26 մոդելի երկփողանի որսորդական հրացանով կրակ է արձակել նապաստակի ուղղությամբ, սակայն կրակոցից արձակված մետաղական կոտորակը կպել է Կառլեն Մարկոսյանի ձախ ուսագոտուն, որով վերջինիս անզգուշությամբ մահ է պատճառվել:

2018թ. հուլիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Սեյրան Մատինյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ ճանաչել է Իջեւան քաղաքի բնակիչ Կ. Մարկոսյանին, ով իր քրոջ ամուսնու հորեղբայրն է:

Հանգուցյալը նույնպես որսորդ էր եւ ցանկություն է հայտնել նրա հետ որսի գնալ:

«Ուազ» մակնիշի ավտոմեքենայով նա, տուժողը, Արմեն եւ Արման Մարկոսյանները, եւս երկու անծանոթ անձինք, ովքեր իր հասկանալով տուժողի ծանոթներն են եղել, բարձրացել են սարամաս, որտեղ ոչ ոք չի բնակվել:

«Մեքենան կանգնելուց հետո նապաստակի հետքերով քայլել ենք մոտ 300 մետր եւ կանգ առել մի բլրի մոտ: Այդտեղ նապաստակին որսալու համար տուժողը մեզ դիրքավորեց այնպես, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է իր տեղը զբաղեցնի: Նա կանգնել է բլրի կենտրոնական հատվածում, իրենից դեպի աջ հետնամասում մոտ 30 կամ ավելի մետր հեռավորության վրա՝ ձորի բերանին պետք է դիրքավորված լիներ տուժողը, ում ես չէի կարող տեսնել: Բլրի մյուս կողմում Կ. Մարկոսյանի առաջարկով դիրքավորված է եղել Արմենը, ում դիրքը նույնպես չի երեւացել: Իսկ Արմանը եւ մյուս երկու անծանոթ տղաները եղել են շների հետ եւ նրանք շարժվել են նապաստակի թողած հետքերով»,- հայտնել էր ամբաստանյալը:

Հանգուցյալ որսորդը նրանց զգուշացրել էր նաեւ, որ անվտանգությունից ելնելով, որեւէ մեկը չպետք է իր դիրքը լքի:

Երբ ամբաստանյալը տեսել է նապաստակին, հրացանը կրակելու համար մարտական վիճակի է բերել. «Նշան բռնած վիճակում մարմինս թեքել եմ նապաստակի շարժման ուղղությամբ՝ ձախից դեպի աջ, մեկ անգամ կրակեցի, սակայն նապաստակին չկպավ, որից մոտ 5 վայրկյան անց երկրորդ անգամ կրակեցի եւ նապաստակն ընկավ: Նապաստակի ընկնելուց հետո նկատեցի Կառլենին, ով ասաց ՝ «էս ինչ ես անում» եւ ձեռքը տարավ դեպի ձախ ուսը, բռնեց ուսից ու պառկեց գետնին»:

Ըստ ամբաստանյալի, որսորդն իր նշած դիրքից շարժվել էր մոտ 20 մետր դեպի վերեւ…Տուժողին առաջինը հասել է ամբաստանյալը, ապա մյուսները: Տեսել են նրա ձախ ուսի հատվածում փոքր անցք կա, որից հետո նրան օգնել են եւ իջեցրել մեքենայի մոտ: Ուսից արյուն չի հոսել, գիտակցությունը տեղն է եղել, նրան մեքենայով տեղափոխելու ժամանակ՝ չհասած Խոլարքեր, նա գիտակցությունը կորցրել է: Տուժողին տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց:

Ամբաստանյալն ասել է. «Չի մտածել, որ տուժողը կարող է իր թիկունքից հայտնվել իր կրակային տարածքում, որի հետեւանքով տեղի է ունեցել այդ դժբախտ պատահարը, մանավանդ, նա փորձառու որսորդ էր եւ հենց նա էր բացատրել անվտանգության կանոնները՝ մինչդեռ դա խախտվել է հենց նրա կողմից»: Նախաքննության ժամանակ ամբաստանյալը հայտնել էր, որ նապաստակին առաջին անգամ կրակելուց հետո 180 աստիճանով փոխել է իր դիրքը եւ երկրորդ անգամ կրակել ու քանի որ աջ աչքը փակած է եղել, չի տեսել տուժողին:

Տուժողի իրավահաջորդը որդին է եղել՝ Ռազմիկ Մարկոսյանը:

Նա հայտնել էր, որ հայրը գտնվել է ՌԴ-ում արտագնա աշխատանքի, որտեղից վերադարձել էր 2017 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Ամանորն իրենց հետ նշելու: Հայրն ունեցել է երկու հատ օրինական որսորդական հրացան: 2018 թվականի հունվարի 6-ին, երբ առավոտյան արթնացել է, հայրը տանը չի եղել, ինքն իմացել է, որ հայրը պետք է սար գնար: Ըստ նրա, Ս. Մատինյանի հետ իրենց ընտանիքը գտնվել է բարեկամական փոխհարաբերության մեջ, համոզված է, որ չի ցանկացել սպանել իր հորը:

Նույնը պնդել է նաեւ Կառլեն Մարկոսյանի եղբայրը, որն ասել էր, թե «համոզված է, որ այդ դեպքը պատահական է եղել, քանի որ Սեյրանը եղբորն սպանելու որեւէ պատճառ չի ունեցել»:

Դատարանը Սեյրան Մատինյանին դատապարտել էր 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկման, վերացրել էր ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացրել էր ամբաստանյալի գույքի վրա դրված կալանքը, եւ նաեւ կիրառել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի» եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 01.11.2018թ. օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը եւ նրան ազատել է նշանակված պատժից` 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումից:

Մեղադրող Ա. Զարգարյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան, պահանջելով բողոքը բավարարել մասնակի, դատական ծախսերի մասով բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ Սեյրան Մատինյանից որպես դատական ծախսեր բռնագանձել քննության ընթացքում նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննության համար ծախսված ընդհանուր՝ 859.040 ՀՀ դրամ գումարը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

08.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728