«Առավոտը» էլեկտրոնային փոստով ստացել է Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի «Անի» պանդոկի տարածքում իրականացված ծառահատումների նկարներ:
Ըստ քաղաքացիների ահազանգի, ցանկապատված տարածքի ծառերը, այդ թվում նաեւ եղեւնիները, մեկ շաբաթ առաջ ամբողջությամբ կտրվել են: Նկարում պատկերված են հաստ արմատները:
«Քաղաքի կենտրոնում ո՞վ իրավունք ունի ծառ կտրելու»,-հարցրել էին ահազանգողները, ապա տեղեկացրել, որ պանդոկի հարեւանությամբ մարզպետի տունն է, եւ հնարավոր չէ՝ նա տեսած չլինի կատարվածը:
Ակնկալում ենք պատասխան:
Սեփ. լր.
«Առավոտ». Թերթի այս հրապարակումը կայքում տեղադրվելուց հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեզ փոխանցեց հետեւյալ պատասխանը. «Այս ծառահատումների օրը դեպքի վայրում առաջիններից մեկը ես եմ եղել, անցնելիս նկատելով այս անթույլատրելի արարքը։
Անմիջապես ահազանգել ենք ոստիկանություն, ժամանել են Աբովյանի ոստիկանության բաժնի խումբը` փոխոստիկանապետի գլխավորությամբ։ Արձանագրվել է հատումների փաստը (թեև այն մասնավոր տարածք է), հաշվարկվել են հատված ծառերը և այժմ նյութեր են պատրաստվում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում։
Իրազեկել ենք նաև Աբովյանի քաղաքապետարանին։
Այլ մանրամասների համար կարող եք դիմել Ոստիկանության Աբովյանի բաժին։
Հ.Գ. Ցավով նշեմ նաև, որ այս դեպքի հետ կապված որևէ ահազանգ որևէ քաղաքացուց ոստիկանությունում չի ստացվել, բացի իմ օգնականի զանգից իմ կարգադրությամբ։
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին` ավելի սրտացավ և հետևողական լինել մեր համայնքների և շրջակա միջավայրի նկատմամբ»: