Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդել, որ ցուցադրում եւ թեզ է պաշտպանում

Փետրվար 09,2019 12:30

Անժխտելի է, որ մոդելային բիզնեսը ուղիղ առնչվում է ֆինանսական կարողությունների հետ: Աշխարհում այդ ոլորտում գործում են հայազգի հայտնի դեմքեր, նույնիսկ այնպիսի «մոդելային» երկրում, ինչպիսին Ֆրանսիան է:

Հայաստանյան մոդելային արվեստում միջազգային ասպարեզ ելած վերջին ներկայացուցիչը 23-ամյա Էդգար Կարապետյանն է, որը 2018թ. մասնակցեց Հնդկաստանում անցկացված Mister Model Worldwide-ին: Նա գլխավոր մրցանակ չստացավ, սակայն հաղթող ճանաչվեց երկու անվանակարգերում՝ «Լավագույն ոճ» եւ «Լավագույն տաղանդ»: Այս ոլորտում հաճախ ենք լսում «համարձակ մոդել» արտահայտությունը, որին արժանանում են սեքսուալ կերպարներով, նույնիսկ մերկ լուսանկարներով ու տեսախցիկների առջեւ երեւացող արտիստները: Ի տարբերություն համաշխարհային մոդելային ինդուստրիայի, մեզ մոտ մոդելները բավականին ավանդապաշտ են: Վերջին շրջանի Ինստագրամի ամենասկանդալային հայ մոդելը Լիլի Մորտոն է, որը համաձայնել է ամբողջովին մերկանալ տեսախցիկների առջեւ: Համարձակների շարքում է Գայանե Բաղդասարյանը, որի Ինստագրամի էջը դիտումների քանակով ռեկորդակիր է: Մոսկվաբնակ հայ մոդել Արամ Գեւորգյանը հասցրել է համագործակցել այնպիսի առաջատար բրենդների հետ, ինչպիսիք են Dolce & Gabbana-ն եւ Giorgio Armani-ն: Լոս Անջելեսում հայտնի է մոդել-դերասան Ալեքս Ղարիբյանի անունը եւ այլն:

Մեր հյուրը 28-ամյա մոդել Դավիթ Ղարիբյանն է, որն այս ոլորտում է 18 տարեկանից: Հասցրել է մասնակցել միջազգային մի քանի մրցույթների: 2014թ. Պորտուգալիայում անցկացվող Mister Fashion beauty universal մրցույթում 111 երկրների թվում Հայաստանը ներկայացնող Դավիթը արժանացել է Գրան պրիի, իսկ Իսպանիայում 2011թ. կայացած Costa Blanca Fashion Week մրցույթում ընդգրկվել է լավագույն հնգյակում: Մոդելի առաջին մրցույթը 2009թ. Բուլղարիայում կայացած Best Model of the World-ն է: Զրույցի ընթացքում մոդելը նշեց, որ սեփական կապերի միջոցով վաղուց արտասահմանում կարողանում է ներկայացնել հայաստանցի իր կոլեգաներին, օրինակ՝ 2011թ. Իսպանիայում լավագույն մոդել է ճանաչվել Սեդա Սերոբյանը, դարձյալ Իսպանիայում՝ 2012թ. Սեդա Տոնոյանն արժանացել է «Լավագույն մարմին», իսկ 2017-ին Ռոմելա Թամարյանը՝ «Լավագույն քայլք» տիտղոսին:

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ վերջին մեկ-երկու տարիներին հեռացել է պոդիումից՝ իրեն տեսնելով մենեջերական գործունեության մեջ, քանի որ Հայաստանում պարզապես մոդելային բիզնես չկա, Դավիթ Ղարիբյանը պատասխանեց. «Մասնագիտությամբ մասսայական հանդիսությունների ռեժիսոր եմ: 2017թ. Բուլղարիայում անցկացվող մոդելների մրցույթի ձեւաչափով ֆիլմ եմ նկարել, որի նաեւ պրոդյուսերն եմ: Այն ցուցադրվել է հայաստանյան TV-ներով: Ինքս դեռ պոդիումից չեմ հեռացել, սերիալներում եւ տեսահոլովակներում նկարահանման հրավերներ ունեմ եւ այլն: Գլոբալ ծրագիր ունեմ Dolce & Gabbana-ի հետ իրականացնելու, ինչի արդյունքում աշխարհահռչակ այդ բրենդը կհանգրվանի Հայաստանում, իսկ մեր մոդելներն էլ կմասնակցեն ֆիրմայի ցուցադրություններին: Այս պահին ֆրանսիացիների կողմից առաջարկ ունեմ մասնակցելու Շվեդիայում անցկացվող Mister Europe մրցույթին»:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Դավիթ Ղարիբյանը պաշտպանել է թեզ՝ «Ազգային տարազը մասսայական թատերականացված հանդիսություններում» թեմայով, որն ընդգրկում է անտիկ շրջանից մինչեւ մեր օրերը: Այդ առիթով մոդելն ասաց, որ իր աշխատությունը օգնում է հայ գործընկերներին մրցույթներում «Ազգային տարազ» պարտադիր ծրագրում ճիշտ ներկայացնել հայկական տարազը՝ բնորոշ իսկապես շքեղ էլեմենտներով: Իսկ թե ինչու մեզանում այդպես էլ առաջընթաց չի գրանցվում ոլորտում, արտիստը հայտնեց իր կարծիքը. «Մեզանում քիչ են նորաձեւության տները, երկրորդ՝ ֆինանսական աջակցությունը բացակայում է, այդ թվում՝ կառավարությունից: Երբեք կառավարական մակարդակով չի խրախուսվել արտասահմանում «Հայաստան» անունը հնչեցրած որեւէ մոդել…»: Հետաքրքրությանը՝ ոլորտի սկսնակները ինչպե՞ս են գտնում իրեն կամ հակառակը, Դավիթ Ղարիբյանը հավաստիացրեց, որ ինքը Periscope կայքի օգտատեր է եւ ունի շուրջ 2 միլիոն հետեւորդ: Հավելեց նաեւ, որ շնորհիվ 2009-ից գործող modelmanagement.com կայքի, մոդելները հրավերներ են ստանում տարբեր մենեջերական կազմակերպություններից եւ պրոդյուսերներից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

08.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728