Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ են երազներն Աստծուց

Փետրվար 09,2019 12:00

Վստահիր միայն տանջանքների ու դատաստանի մասին հայտնող երազներին

Աստված մարդուն քնելու հնարավորություն է տալիս, որպեսզի մարդը հանգստանա, կազդուրվի եւ կարողանա շարունակել հաջորդ օրը: Իսկ դեւերը ցանկանում են դրան խանգարել: Նրանք մարդկային հոգին վնասելու համար ի գործ են դնում երազներ, որոնք հիմնականում կազմված են լինում մեր անկապ մտքերից ու ցնորքներից: Մարդիկ դրանց կարեւորություն են տալիս, որովհետեւ փոխանակ մտահոգվեն, թե ինչպես պահել Աստուծո պատվիրանները, նրանց ավելի շատ հետաքրքրում է ապագան: Ինչպե՞ս իմանալ, որ երազներն են Աստծուց:

«Պատրանքների Մասին» ժողովածուի մեջ, որը հեղինակված է Իգնատի Բրանչանինովի, Սիլուան Աթոսացիու եւ Աբրահամ վանահոր կողմից, եւ որը կարող եք լսել Grqaser.org կայքում, հեղինակներն այսպես են գրում, թե որ դեպքում են երազներն Աստծուց:

«Չափազանց հազվադեպ, ծայրահեղ կարիքի դեպքում, հնարավոր է, որ երեւան Աստուծո հրեշտակները, կամ մեր վախճանը, կամ էլ մեր դատաստանը: Այսպիսի երազատեսությամբ մեր մեջ առատանում է Աստուծո հանդեպ երկյուղ, խանդավատանք, լաց սեփական անձի նկատմամբ: Բայց այդպիսի երազատեսությունը տրվում է չափազանց հազվագյուտ ճգնավորների, կամ նույնիսկ ակնհայտ եւ անգութ մեղավորներին աստվածային հատուկ նախախնամությամբ: Սա տրվում է չափազանց հազվադեպ, ոչ թե մեր հանդեպ աստվածային ժլատության պատճառով, ոչ, այլ հազվադեպ է այն պատճառով, որ մեզ հետ կատարվող այդպիսի երազները, ինչը դուրս է ընդհանուր կարգից, մեր մեջ կարող է առաջացնել ինքնահավանություն, պարծենկոտություն, թե տեսեք-տեսեք՝ ես հրեշտակ եմ տեսել, ու այդպես մարդու մեջ կկոտրեն խոնարհությունը, որն այնքան կարեւոր է մեր փրկության համար»:

Աստուծո կամքը շատ հաստակ է գրված Աստվածաշնչում: Պետք է կարդալ, սովորել, հիշել ու կատարել: Նույնիսկ եթե մեռելներից մեկը հարություն առնի ու գա մեզ խոսի, կամ երազների մեջ մի բան ասի, դա չի օգնի, ասաց Տեր Հիսուսը, երբ պատմում էր Աղքատ Ղազարոսի առակը: Տեր Հիսուսն ասաց՝ նրանք ունեն Աստուծո Խոսքը, եթե Տիրոջ Խոսքը չեն լսում, մարդու խոսքն առավել չի համոզի նրանց: (Ղկ. 16:29-31):

Փորձը ցույց է տվել, որ երբ մարդիկ երազում ահեղ դատաստան, տանջանքներ ու սարսափներ են տեսել, միայն կարճ ժամանակով են ապաշխարել: Նրանք միայն կարճ ժամանակ են երազից ցնցված մնացել, այնուհետեւ նորից զվարճացել են ու զեխացել: Անձամբ ճանաչում եմ մի երիտասարդի, ով ԱՄՆ-ում է ապրում ու անհոգ կյանք էր վարում: Մի անգամ արյան ռակով հիվանդացավ: Երբ գնացինք այցելելու, սկսել էր Աստվածաշունչ կարդալ ու հայրերի գրվածքները: Բերանից միայն Աստուծո Խոսքն էր: Հրաշքով բուժվեց: Բայց դրանից հետո երեւում է Աստծուն մոռացավ: Էլի նույն կիսամերկ ու կարճ հագուստները, ու բարերում բարձրակրունկ կոշիկներով սելֆիները: Էլ չեմ ասում, որ եկեղեցու ճամփեն էլ մոռացավ:

Երազների մեջ դեւերը հիմնականում ցույց են տալիս բարեկամների, կամ գուշակում են ապագան, կամ զարմացնում են անկապ բաներով, նույնիսկ հրեշտակների տեսքով: Իսկ երբ հազվադեպ, նորից եմ ասում չափազանց հազվադեպ, երազը լինում է Աստծուց, ապա հրեշտակները սովորաբար ցույց են տալիս տանջանքներ, դատաստան, մահ, որի պատճառով մենք արթնանալով լցվում ենք երկյուղով ու վշտով: Արդյունքում մարդը ուզում է փոխվել: Նա սկսում է տեսնել, որ սխալ կյանք է վարում եւ ուզում է հետեւել Քրիստոսին: Բայց եթե դուք երազ եք տեսնում ու դրանից ձեր կյանքում ոչ մի բան չի փոխվում, եթե դուք դրանից չեք սկսում ապաշխարել, այլ էլի առաջվա նույն մարդն եք մնում, ուրեմն դեւերը ձեզ խաբել են, որոնք կարող են հրեշտակի պես կերպարանավորվել ու ձեզ մեծամտնության ու պարծենկոտության տանել: Զգույշ մնացեք:
Սրբերն ասում են՝ երազներին հավատացողները լրիվ անփորձ են, իսկ երազներին բոլորովին չհավատացողները՝ ճշմարիտ իմաստասերներ:

Վստահիր միայն այն երազներին, որոնք քեզ հայտնում են տանջանքների ու դատաստանի մասին: Բայց լավ հիշեք հետեւյալը: Եթե դրանց պատճառով ընկնում ես հուսահատության մեջ, ապա իմացիր, որ այդպիսի երազները նույնպես դեւերից են: Քանի որ Աստված մեզ հույս է տվել, խոստում է տվել, իր սերն է մեր նկատմամբ ցուցադրել ու մեզ գուրգուրել, որպեսզի մենք չհուսահատվենք, այլ ամեն դժվարության մեջ հավատանք ու հետեւենք Քրիստոսին: Որովհետեւ ուր Նա է, այնտեղ էլ իր պաշտոնյան պիտի լինի (Հովհ. 12:26):

Երազներին մի վստահեք, դրանց մեջ իմաստ մի փնտրեք: Դրանք անչափ վտանգավոր են: Դուք հեշտությամբ կխաբվեք: Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց անձը վերանորոգում են Սուրբ Հոգով, նրանք արդեն այլ օրենքներով են ապրում: Նրանք այլ բաներին են ուշադրություն դարձնում: Նրանք այլ բաների են կարեւորություն տալիս: Նրանք այլ բաների մասին են խոսում: Գիշեր թե ցերեկ նրանք Աստուծո հետ են: Այսպիսի մարդկանց մտքերն ու ցանկությունները դուրս են մարդկային բանականությունից ու կամքից, քանի որ նրա, երբ աղոթում են, սրտով են աղոթում, երբ ասում են՝ «թող քո կամքը լինի»: Այսպիսի մարդիկ առաջնորդվում են Սուրբ Հոգով: Օրինակ, Տիրամոր նշանածը՝ Հովսեփը արդար մարդ էր: Նրան երազով տրվեց իմանալ Քրիստոսի մարդեղության խորհուրդը ու նրան երազով ասվեց, որ մանկանն ու մորը վերցնի ու փախչի Եգիպտոս, եւ նույնպես էլ այնտեղ երազով ասվեց, թե երբ վերադառնա:

Դուք նայեք ձեր անձերին, ձեր վարքին ու ձեր մտքերին ու հարցրեք ինքներդ ձեզ, դուք ունե՞ք Սուրբ Հովսեփի խոնարհությունն ու արդարությունը: Դուք ունե՞ք աստվածաշնչյան այն բոլոր սուրբ ու խոնարհ մարդկանց արդարությունն ու հեզությունը, որոնց Աստված տեսլիքով հայտնում էր իր կամքը:

Միշտ հիշեք: Աստված երբեք հրաշք չի անում, կամ հայտնվում մեկին՝ զարմացնելու համար: Այդպես դեւերն են անում: Այլ աստվածային երազներն ու տեսիլքներն արդեն բացատրեցինք, թե որ հազվագյուտ դեպքերում են տրվում ու որ դրանք ունեն անդիմադրելի համոզմունք: Այդ համոզմունքը հասկանալի է Տիրոջ սրբերի եւ անհասկանալի է դեռեւս կրքերի հետ պայքարի մեջ գտնվողների համար:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

08.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728