Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնապես լուրջ հետևանքներ վիզաների դյուրացումից-չդյուրացումից ՀՀ-ի համար չեմ ակնկալում, եթե չլինեն արտառոց հանգամանքներ, ինչպես Ուկրաինայի դեպքում». Ռուբեն Եգանյան

Փետրվար 08,2019 23:52

«Աշխարհում միգրացիոն հոսքերը միշտ աճի տեմպեր ունեն»,-Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում «Շարժունակություն և միգրացիոն հոսքեր. ՀՀ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով քաղաքականության սեմինարին հայտարարեց սփյուռքի փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը: Նրա ներկայացմամբ՝ ընդհանրապես շարժունակությունը համարվում է զարգացման խթան, բայց Հայաստանը, ունենալով մի շարք կարևոր առանձնահատկություններ, մի քիչ դժվար ընկալելի է դարձնում միգրացիայի հետ կապված զարգացման հեռանկարները: Այս առիթով փորձագետը մանրամասնեց. «Արտագաղթի և պոտենցյալ արտագաղթի բարձր մակարդակը, մարդկային կապիտալի արտահոսքը և ելքի երկրում դրա վերարտադրման խնդիրները, ներգաղթյալների և վերադարձածների ինտեգրման խնդիրները և մի շարք այլ հարցեր. օրինակ՝ հարևան երկրների ժողովրդագրական ճիշտ հակառակ՝ աճի տեմպերը լուրջ խնդիրներ են: Դրանք առանձնահատուկ կերպով մոտեցում են պահանջում միգրացիոն քաղաքականության՝ հաշվի առնելով հետհեղափոխական և նոր կառավարության նոր մոտեցումները: Անհրաժեշտ է մշակել միգրացիոն ռազմավարություն»:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հայկանուշ Չոբանյանը  ներկայացրեց այն գործընթացները, որ սկսվել են ԵՄ-ի հետ, նաև այն հնարավորությունները, որոնք կարող ենք ունենալ վիզաների ազատականացումից հետո. «Գործընթացի օրակարգը գալիս է ԵՄ-ից: ԵՄ-ն հարցեր է դնում, թե ինչ հարցերի շուրջ պետք է համագործակցել: Կնքված փաստաթղթերը սահմանում են հնարավորություններ, որի միջոցով քաղաքակիրթ են կազմակերպվում միգրացիայի հետ կապված հարցերը: Սա Հայաստանի համար կարևոր հնարավորություն է և գործիք: Մենք նախաձեռնել ենք որոշակի բարելավումներ համաձայնագրերի կիրարկման համար»:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, պ.գ.թ. ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը ներկայացրեց, թե ինչ է փոխվել վիզաների դյուրացումից հետո Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում. «ԵՄ-ի այս ազատ վիզայի ռեժիմը գործում է 60 երկրի համար, որին գումարվեցին Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: Ազատ վիզայի ռեժիմից հետո Մոլդովայից մեկնող քաղաքացիների 300.000-ը չի վերադարձել: Վրաստանում համաձայնագրի ստորագրումից հետո 2,5 անգամ աճեց Վրաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք սկսեցին այցելել եվրոպական երկրներ, ավելացավ Վրաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք սկսեցին ապաստանի հայցեր ներկայացնել: Ավելացավ ուկրաինացիների արտահոսքը դեպի Լեհաստան»:

Ժողովրդագիր, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս Ռուբեն Եգանյանն այդպիսի կարծիք հայտնեց. «Վիզաների դյուրացում և ռեադմիսիա հասկացություններում առաջնային դերը պատկանում է ռեադմիսիային, որ թեթևացվի ռեադմիսիոն պայմանագրերի կնքումը: Ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար է արվում, այլ որ ավելի հեշտ դրսում հայտնված մարդկանց հետ ուղարկվի: Այն կարգի քաղաքացիների համար, որոնք այդ հնարավորությունը ունեին՝ տուրիստական, ուսման նպատակով գնում էին, նրանք մինչև հիմա էլ ունեին այդ հնարավորությունը՝ մուլտի վիզաներ էին ստանում: Այնպես որ, դյուրացում պետք է լինի այն մարդկանց կատեգորիայի համար, որոնք չունեին այդ հնարավորությունը: Հիմնականում աշխատանքային միգրանտներին է վերաբերում, բայց բոլոր պայմաններում նշվում է, որ դա չի վերաբերում միգրանտներին: Առանձնապես լուրջ հետևանքներ դյուրացումից-չդյուրացումից ՀՀ-ի համար չեմ ակնկալում, եթե չլինեն արտառոց հանգամանքներ, ինչպես Ուկրաինայի դեպքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728