«Ասելով սփյուռքի նախարարությունը պետք է, թե՞ պետք չէ, մենք ժամանակ ենք կորցնում այս հարցում»,- «Հայաստանի քաղաքական կյանքում Սփյուռքի դերակատարության հարցի շուրջ» թեմային նվիրված կլոր-սեղան ձեւաչափով քննարկմանը հայտարարեց սփյուռքահայ գործիչ Հրաչյա Գույումջյանը:
Նա նշեց, թե զանազան սփյուռքահայեր իրենց ապրած երկրներում քաղաքական որոշումներում խոսք, ազդեցություն ունեն, մինչդեռ Հայաստանում այդպես չէ ու մանրամասնեց. «Երբ նախարարություն կամ կազմակերպություն է ստեղծվում, դրան զուգահեռ գնահատում են՝ արդոք ինչպե՞ս է կատարել իր պարտականությունը: Հարցը սրա մեջ է, այլ լուծումներ կան: Սփյուռքը մեկ ակնոցով են նայել: Սփյուռքի նախարարությունը հրամցրել է աշխատանք՝ սա պետք է անենք, մենք հլու հնազանդ կատարել ենք: Երբ մենք ռոմանտիկ էինք, հետևել ենք, բայց ժամանակի հոլովույթով աշխարհը փոփոխվեց, սփյուռքի նախարարությունն էլ կակնկալեինք, որ բացվի: Այսօր մեր սփյուռքի զանազան անձերը քաղաքական որոշումներում իրենց ազդեցությունն ունեն, ինչո՞ւ ես ՀՀ-ի մեջ չեմ կարող օգտակար լինել»:
Անդրադառնալով սփյուռքահայ մամուլի դերակատարությանը՝ Հրաչյա Գույումջյանն ասաց, որ սփյուռքահայ մամուլը պետք է այստեղի մամուլին զինակից լինի: Դառնալով լեզվի խնդրին՝ ասաց, որ լեզուն մեզ պետք է նույնացնի, ոչ թե բաժանի: Նա խոսեց միասնական ուղղագրության կարևորության մասին:
Բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Դանիելյանը նշեց, որ Հայաստանում չհաջողվեց գոնե արևմտահայերենի թեքումով դպրոց բացել. «Սփյուռքը հավասար ներուժ ճանաչելու խնդիր մենք այդպես էլ չունեցանք: Սփյուռքի նախարարության առջև դրեցինք կրթական հիմնախնդիրը, արևմտահայերենի, ՀՀ-ում բարձրագույն կրթական, սփյուռքյան կրթական արևմտահայերենի ճանաչման խնդիրը, որպես առանձին կրթական օջախ, կատարվեցի՞ն՝ ոչ, նույնիսկ չկարողացանք տարրական խնդիրներ լուծել: Թե չէ միշտ կարելի է կազմակերպել օլիմպիադաներ, Արի տուն, Գնա սփյուռք, հազար ու մի բան, բայց համագործակցության, սփյուռքը հավասար ներուժ ճանաչելու խնդիր այդպես էլ չունեցանք: Մենք ամեն տեղ ոտնահարում ենք արևմտահայերենի իրավունքները, և դեռ ուզում ենք, որ սփյուռքից հոսք լինի Հայաստան: Սփյուռքի նախարարը վերջին համաժողովում հայտարարեց, որ ընդամենը երկու միլիոն արևմտահայ կա, որից 170.000-ը միայն հայերեն է խոսում, այդպես չէ՞ Սերժ Սրապիոնյան, նա էլ խեղճ ու կրակ հաստատեց՝ այդպես է տիկին նախարար: Դրանք հիմնարար փաստեր պիտի լինեն: Այդ փաստերը դրվում էին նախկին իշխանություններ առջև, նրանք էլ ասում էին՝ էլ ո՞ւմ համար ենք փորձում կրթական խնդիր լուծել »:
Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մակարյանը կարևորեց հայոց եկեղեցու դերը սփյուռքահայության կյանքում. «Չկա սփյուռքահայ, որ համախմբված չլինի հայոց եկեղեցու շուրջ: Բայց տեսնում ենք՝ ինչ ոտնձգություններ են կատարվում հայոց եկեղեցու շուրջ, իսկ հայ մտավորականության ձայնը լսելի չէ, այնինչ պետք է իր անվերապահ աջակցությունը հայտնի հայ առաքելական եկեղեցուն»:
Գրող, հրապարակախոս Հակոբ Հարությունի կարծիքով՝ դասական սփյուռքը արևմտահայ մշակույթի կրողն է, և սփյուռքի գլխավոր գործառույթը ազգային հիշողությունը պահպանելն է. «Դասական սփյուռքը արևմտահայ մշակույթի կրողն է: Իսկ դա նշանակում է՝ սփյուռքի ամենամեծ դերակատարությունը մեր քաղաքական կյանքում լինելու է մեր ազգային հիշողությունը վառ պահելը: Մենք կորցրել ենք ազգային հիշողությունը, ցավալին այն է, որ ազգային մշակույթի կրողները՝ սփյուռքահայերն են մոռացել իրենց ազգային հիշողությունը»:
Ազգային հիշողության պահպանման առիթով Հակոբ Հարությունն ասաց. «Նիկոլ Փաշինյանը գնաց Ֆրանսիա, Առաջին աշխարհամարտի ավարտի 100- ամյակի կապակցությամբ մի անգամ չասաց, որ ախր հայ զինվորները առաջին աշխարհամարտում ոչ թե տասը, հարյուր հազարներ են եղել, այլ մի քանի հարյուր հազար զինվորներ են եղել, որոնցից է հայկական լեգիոնը, որը հենց Ֆրանսիայի դրոշի տակ ձևավորվեց, որ համարվեց դաշնակից, դարձավ քաղաքական գործոն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ