«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը» հայտարարեց որպես մեդիա միավորում գործունեության դադարեցման մասին: Հայտնի դարձավ, որ ընկերության կազմում գտնվող «АTV» հեռուստաընկերությունը գնել են ԱՄՆ֊ում հեռարձակվող «Պանարմենիան TV» հեռուստաընկերության ղեկավարն ու ամերիկյան «Panarm Inc.» ընկերությունը:
Tert.am-ի հետ զրույցում ամերիկյան հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանն անդրադառնալով հայաստանյան հեռուստաընկերությունը գնելուն՝ ասաց, որ իրենց թիմին արդեն իսկ հաջողվել է ԱՄՆ-ում մեծ պահանջարկ ունեցող հեռուստաարտադրանք ստեղծել, և այժմ եկել է ժամանակը ամերիկյան շուկայից անցնելու համահայկական ընդգրկման:
– Բովանդակային փոփոխություններ նախատեսո՞ւմ եք:
-Իհարկե, մենք հեռուստաընկերության զարգացման բավականին հավակնոտ ծրագիր ենք մշակել՝ խոշոր ֆինանսական ներդրումներով և լուրջ հեռանկարներով: «АTV»-ն մոտ ապագայում իր ուրույն դերակատարումը կունենա Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում: Այսօր այդպիսի առաքելություն է իրականացնում «Պանարմենիան TV»-ն՝ կամուրջ հանդիսանալով հայ համայնքի և ԱՄՆ-ում գործող հայկական եկեղեցիների, ավանդական կուսակցությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ու հայրենակցական միությունների միջև: Մենք մեծ ուրախությամբ եթերաժամ ենք տրամադրում ազգային արժեքների և ինքնության պահպանմանն ուղղված նախաձեռնողներին ու կազմակերպություններին: «АTV»-ի ձեռքբերման փաստը կնպաստի հիշատակածս նախաձեռնությունների ընդլայնմանն ու Հայաստանի հետ կապի ամրապնդմանը: Այս ուղղությամբ կան շատ ծրագրեր, որոնց ականատեսը կլինեք առաջիկայում: Սրան զուգահեռ պատրաստվում ենք ստեղծել նոր ճանաչողական-դաստիարակչական, կրթական, մանկապատանեկան հեռուստատեսային հաղորդումներ, պատմական և ժամանակակից հեռուստանովելներ: «АTV»-ն ձեռք կբերի համաշխարհային համբավ ունեցող հանրահայտ ֆորմատներ, եվրոպական երկրներում բարձր վարկանիշ ունեցող ժամանցային շոուներ նկարահանելու իրավունք, ինչպես նաև համաշխարհային հեռուստատեսային ժամանակակից տենդենցների ու տեխնոլոգիական նորարարությունների կիրառման հնարավորություն: Այս աշխատանքներում նախատեսում ենք ներգրավել միջազգային հեռուստատեսային փորձ ունեցող հայտնի ու արհեստավարժ մասնագետների:
-Իսկ հայ մասնագետներ ներգրավելու տարբերակներ դիտարկո՞ւմ եք:
-Անշուշտ, այսուհետ «АTV»-ն ավելի բաց է լինելու տաղանդավոր և պրոֆեսիոնալ մարդկանց համար: Մենք պատրաստ ենք համագործակցել ամենատարբեր պրոդյուսերական կենտրոնների հետ, հարթակ տրամադրել հեռուստաարտադրանք ստեղծողներին՝ նպատակ ունենալով ապահովելու բազմակարծությունն ու բարձրագույն արժեքի՝ խոսքի ազատության իրավունքի իրացումը: Մենք պատրաստ ենք քննարկել, օրինակ, «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը հարթակ տրամադրելու հարցը: Մենք բաց ենք երկխոսության և պատրաստակամ հետաքրքիր գաղափարների իրացման համար պայմաններ ստեղծելու համար։ Որպես Հայաստանի քաղաքացի՝ իմ նպատակը բովանդակային ու ճաշակով հեռուստաարտադրանք ստեղծելն է՝ հավատարիմ մեր ինքնությանն ու ազգային արժեքներին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Tert.am»-ի կայքում: