Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը համոզված է, որ Գյումրին շուտով կդառնա այն քաղաքը, որտեղ մարդիկ Հայաստանի տարբեր վայրերից կգան ու իրենց հարսանիքները, կնունք-ծնունդները կտոնեն այստեղ։
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Գյումրին պատմական արժեք ու միջավայր ունեցող քաղաք է, որևէ մի քաղաք չունի այսպիսի պատմություն, ինչպիսին Գյումրին է։ Որ ասում եմ Գյումրիում Գյուրջիևի կենտրոն պիտի բացենք, պատահական չեմ ասում, սա մեծ թվով այցելուներ կբերի Գյումրի։ Հյուսիս-հարավ ճանապարհի պատրաստ լինելու դեպքում ընդամենը 40 րոպեում կարող են Երևանից հասնել Գյումրի։
Երևանում այլևս հնարավոր չէ շարժվել, որովհետև խցանումներ են, Երևան քաղաք մտնելուց մինչև կենտրոն գնալն ավելի շատ ժամանակ ես ծախսում, քան էսօրվա դրությամբ Երևանից գաս Գյումրի։ Պատկերացրեք, եթե Գյումրիում այսքան մեքենա կա, Երևանում ինչ կլինի, 70 հազար մեքենա է ներկրվել Հայաստանի Հանրապետություն, հիմա Գյումրիում 24 հազար մեքենա կա արդեն հաշվառված։ Սա աբսուրդի հասնող թիվ է, հասկանում եք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ