«Առավոտի» հարցերին պատասխանում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ կառավարության ծրագրով տալիս ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը: Կառավարության ծրագրում տեսե՞լ եք տնտեսական հեղափոխության հիմքերը: Որո՞նք են դրանք:
– Ապակողմնորոշիչ միտք ասել չեմ կարող, չեմ տեսել այդ հիմքերը: Կառավարության ծրագիրը, ըստ էության հաճելի բառակապակցությունների մի ամբողջություն է, որը կոնկրետ մակարդակներ, տեսլականներ, խնդիրներ ու դրանց լուծման տարբերակներ չի ներկայացնում: Սա մի փաստաթուղթ է, որը թողնում է սիրողական, մակերեսային տպավորություն:
– Իշխող ուժի ներկայացուցիչները իրենց ընդդիմախոսներին հակադարձում են, որ կառավարության հնգամյա ծրագրերը սովորաբար այդպիսին են լինում, թվերը, գործնական քայլերը լինում են տարեկան բյուջեում: 2019-ի բյուջեն հաստատված է եւ հենց վարչապետն այն որակեց իներցիոն: Այսինքն` ստացվում է, որ այս տարի իներցիայո՞վ ենք ապրելու:
– «Ավանդաբար», «սովորաբար» եւ համանման բառերը հիմա ցանկալի չէ կիրառել հենց պայմանավորված այն հանգամանքով, որ անցած 25 եւ ավելի տարիներին ինչ խոցելի պահեր տեսել ենք, պայմանավորված են եղել հենց նման ոչ մասնագիտական, մակերեսային, ոչ առարկայական մոտեցումներով: Հիմա այս հեղափոխությունը կամ իշխանափոխությունը՝ ինչպես ուզում եք անվանեք, ըստ էության ոչ այլ ինչ էր, քան կոնկրետության, հստակության, հասցեականության ինստիտուտները ապահովելուն ուղղված քայլ: Բայց եթե ընդդիմախոսների մոտեցումներին շարունակում ենք պատասխանել «սովորաբար այդպես է եղել», ովքեր որ մի քիչ հասկանում են երեւույթից, կասեն այն, ինչ ես եմ ասում կամ ինչ արդեն մենք լսում ենք:
– Այն, որ կառավարությունն ու գործող իշխանությունը այսպիսի մոտեցում են որդեգրել , արդյոք հաստատում են խոսակցությունները, որ այս իշխանությունն անցումային է՝ մեկուկես-երկու տարվա կյանքով:
– Եթե այդպես էլ լինի, դրանում ոչ մի ողբերգական բան չկա: Նման իրավիճակը հավանաբար ենթադրում է կամ պահանջում է, որպեսզի այս շուտափույթությունը՝ պայմանավորված կադրային բանկի, կադրերի ընտրման հետ, կրի ժամանակավոր բնույթ, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք մոբիլիզացնել եւ կենտրոնացնել մարդկանց, ովքեր գործից բան են հասկանում: Իշխանությունում երկրի եւ պետության համար որոշում կայացնողները կազմում են 100 կամ մի քիչ ավելի մարդ, ի վերջո՝ այդ 100 մարդու փոփոխությունը բացարձակապես նշանակություն չունի:
Մենք չենք հետապնդում մի գաղափար, որ ոչ ոք ձեռք չտա այդ 100 հոգուն՝ թող իրենց համար ուտեն-խմեն ու լավ ապրեն: Առաջին հերթին իշխանությունը՝ որպես այդպիսին, պետք է մտնի ծանր գործի տակ, կրի ահավոր մեծ պատասխանատվություն, իսկ պատասխանատվության խախտման պարագայում պետք է արժանանա համարժեք պատժի: Հակառակ դեպքում լավ վիճակներ ակնկալել չենք կարող:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ