Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, դեսպանությունն աշխատանքային քննարկումներ է անցկացնում ՌԴ համապատասխան մարմինների, մասնավորապես՝ ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսկոմնադզոր»), ինչպես նաև ոլորտի մասնագիտացված խմբերի հետ՝ ՌԴ-ի տարածքում հայաստանյան որոշ լրատվամիջոցների կայքէջերի արգելափակման հարցի առանչությամբ։
Ամփոփելով կայացած հանդիպումների արդյունքները՝ կարող ենք նշել, որ «Ռոսկոմնադզոր»-ը ներկայումս իրականացնում է դատարանի որոշումը բավարարած կայքէջերի՝ արգելափակումից դուրս բերելու գործընթացը։ Առաջիկայում կայքերը վերստին հասանելի կլինեն ՌԴ տարածքում։
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ արգելափակված հրապարակումների էջերը պատճառ են դարձել ՌԴ-ի տարածքում որոշ կայքերի հասանելիության ամբողջական սահմանափակման, ինչն արդեն պայմանավորված է կայքերի տեխնիկական առանձնահատկություններով։
Ի լրումն վերոնշյալի՝ հայտնում ենք, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվում «Ռոսկոմնադզոր»-ի հետ, և հայաստանյան այն լրատվամիջոցները, որոնց կայքերը շարունակում են արգելափակված մնալ Ռուսաստանի տարածքում, կարող են դիմել նաև ՀՀ դեսպանություն՝ հարցի կարգավորմանն ուղղված գործընթացն արագացնելու նպատակով:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանություն