Լրահոս
Օրվա լրահոսը

100 տոկոսով ասել, որ Ալիևը հրաժարվել է խնդրի ռազմական լուծումից և կգնա բանակցային, խաղաղ գործընթաց, փաստ չէ. ադրբեջանագետ

Փետրվար 08,2019 17:23

«Ինչպես հայտնի է խոսքը ոչ թե ինչ-որ փաստաթղթի, լուծման տարբերակի, այլ բանակցությունների հետագա ընթացքը հասկանալու, փոխվստահության հնարավոր մեխանիզմները խորացնելու և հրադադարի ռեժիմի պահպանման մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման և Դավոսում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին՝ ասաց ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը: Վերջինիս խոսքով՝ այս պահին բանակցությունները լուծման ինչ-որ կոնկրետ տարբերակի մասին չեն, այլ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու, ագրեսիվ հռետորաբանությունը բացառելու և սահմանային լարվածությունը թուլացնելու համար են: Ըստ ադրբեջանագետի՝ Ադրբեջանում հունվարի 19-ի ցույցում իրականում հսկայական կոմպոնենտ էր զբաղեցնում արցախյան խնդիրը:

«Նշվում էր, որ Իլհամ Ալիևը կարծես խաբել է իրենց, այժմ պատրաստվում է ընդունել Արցախի վերադարձը բանակցային սեղան, կամ միգուցե նաև հետագայում ճանաչում շնորհել: Այս ֆոնին հաջորդեցին Ալիևի երկու ելույթները, որոնցով, ըստ իս, ներքաղաքական լսարանին ուղղված որոշ ազդակներ էր ուղարկում: Հիմնական մասը, որ նախկինում էլ տարբեր առիթներում շեշտել էր, այն է, որ 90-ականների իրենց բոլոր անհաջողությունները բարդվում են այն ժամանակվա ղեկավարություն համարվող «Ժողճակատի» վրա, ի դեպ, «Ժողճակատն» էլ հիմա փորձում է գլխավորի դեր խաղալ շարժումներում կամ բողոքի ակցիաներում: Մյուս ազդակը խնդրի վերաբերյալ կարծես թե ռազմական լուծումից չհրաժարվելն էր, որովհետև փետրվարի մեկի իր ելույթում նշում էր, որ մենք պետք է ամեն պահի պատրաստ լինենք վերադարձնել մեր հողերը: Սրանով նա ցույց էր տալիս հասարակությանը՝ ինքը չի հրաժարվել ռազմական լուծումից»,- իր խոսքում նշեց Տաթև Հայրապետյանը:

Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածի արցախյան խնդրին անդրադառնալով՝ բանախոսը նշեց, որ կառավարության ծրագրի մեջ տեղ է գտել այն, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատման մեջ: Ըստ ադրբեջանագետի՝ եթե խաղաղություն ենք ուզում ձեռք բերել, Արցախի բնակչության ձայնը՝ հանձինս Արցախի իշխանությունների ներկայացվածության, պետք է լսելի լինի. «Բաքուն բնականաբար փորձելու է ամեն ինչ անել դա կանխելու համար, բայց արդեն խնդիրը այն է, թե որքանով ենք մենք օգտագործում դիվանագիտության տարբեր ձևաչափերը, որպեսզի հասկանալի դարձնենք մեր մոտեցումը միջազգային գործընկերներին. սա ինքնանպատակ չի արվում, սա ունի հստակ խնդիր՝ եթե ուզում ենք իսկապես հասնել խաղաղության, որտեղ ներգրավված կողմերը կկարողանան իրենց ձայնը ունենալ, Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»:

Հարցին, թե Հայաստանի արտաքին քաղաքականության համար ո՞րն է ավելի ձեռնտու՝ Ադրբեջանի ընդդիմադիրների իշխանության գալը, թե ներկայիս՝ Ալիևի վարչակազմը, բանախոսը պատասխանեց, որ իր կարծիքով՝ իրականում ոչ մի այլընտրանք որպես այդպիսին չի բխում ՀՀ շահերից, իսկ Ալիևի ձեռնտու-չձեռնտու լինելը կարող է պայմանավորված լինել նրա որոշակի կանխատեսելիությամբ, որը ևս որպես այդպիսին փաստ չէ. «Նույն 2016 թ-ի ապրիլը և հիմա էլ 100 տոկոսով ասել, որ նա հրաժարվել է խնդրի ռազմական լուծումից և կգնա բանակցային, խաղաղ գործընթաց, փաստ չէ: Կարծում եմ՝ նա փորձում է պահպանել այդ հնարավորությունը թեև ակնհայտ է, որ դիվանագիտական բոլոր հարթակներով ՀՀ-ն հստակ հաղորդագրություն է հղում, որ ռազմական լուծում չի լինելու: Բանակցային ինտենսիվ գործընթացն էլ հենց դրան է ուղղված, որպեսզի խնդիրը չհասնի ռազմական ճանապարհով լուծման փորձերին»:

Տաթեւ Հայրապետյանը ոչ պաշտոնական հանդիպումների բանակցային գործընթացում գլխավոր առաջընթացը սահմանային զոհերի թվի կտրուկ անկումն է համարում, որը, ըստ իրեն, չի կարող դրական չգնահատվել:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728