Հայաստանի առաջատար ջրացատկորդները մրցաշրջան 2019-ի նախապատրաստությունը սկսել են օրերս: Նրանք մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանուր ֆիզպատրաստականությունը կարգի բերելուն զուգահեռ աշխատում են նաեւ նոր ցատկերի վրա: «Հիմա տղաները պարզ, այսպես ասած, ուսումնական ցատկեր են կատարում՝ աստիճանաբար բարդացնելով դրանք:
Այս տարի սինքրոն ցատկերում փորձելու ենք Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրներին: Նրանց համար «թանկ գնահատվող» նոր ցատկ եմ մշակել՝ առաջկանգ դիրքից 1,5 հետ, 3,5 պտուտակով: Վստահ եմ՝ նրանց մոտ կստացվի: Այս տարվա գլխավոր մեկնարկներն են Ունիվերսիադան, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները, որոնցից առաջ 1-2 մրցաշարի կմասնակցենք», – ասաց Հրաչյա Չանդիրյանը:
Հարցին, թե օլիմպիական վարկանիշային ի՞նչ մրցումներ կան եւ դրանցում ի՞նչ տեղեր պետք է զբաղեցնել, մարզիչը պատասխանեց. «Այս տարի միայն աշխարհի առաջնությունում է օլիմպիական ուղեգրեր խաղարկվում. սինքրոն ցատկերում՝ 1-3-րդ տեղեր, անհատականում՝ 1-12-րդ: Վարկանիշային է նաեւ եկող տարվա աշխարհի գավաթը, որտեղ սինքրոն ցատկերում պահանջվում է զբաղեցնել 1-ից 7-րդ տեղերը, անհատականում՝ 1-18-րդը»:
Հետաքրքրվեցինք նաեւ անհատական ցատկերով: «Այսօրվա դրությամբ հիմնական շեշտը դրել ենք սինքրոն ցատկերի վրա: Իսկ երբ կմոտենանք աշխարհի առաջնությանը, անհատականն էլ կուժեղացնենք: Կարծում եմ, հանդես կգանք երեք մարզիկով, որոնցից երկուսը կմասնակցեն սինքրոն ցատկերին, իսկ երրորդը, որի անունը դեռ պարզ չէ եւ զուգացատկորդներից մեկը՝ անհատականին:», – եզրափակեց մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ