«Տնտեսական հեղափոխությունն այն է, որ բոլոր մարդիկ, մեր համաքաղաքացիները, մեր ձեռնարկատերերն ունեն ազատ մտածելու, ստեղծագործելու ու գործելու հնարավորություն: Այսինքն՝ տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնեն տնտեսության մասնակիցները: Կառավարությունն այդ մեծ խաղի մեկ կազմակերպիչն ու մասնակիցն է եւ պարտավոր է անել այնպես, որ տնտեսվարող սուբյեկտների նախաձեռնությունները կյանքի կոչելու ճանապարհին որեւէ խոչընդոտ չլինի: Դա շատ կարեւոր փոփոխություն է եւ հեղափոխություն է»,-կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, տնտեսական հեղափոխության մասին իր պատկերացումները ներկայացրեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարին հարցրել էին՝ արդյոք նշված հինգ տոկոս տնտեսական աճը հեղափոխակա՞ն է, եւ ի՞նչն է այս ծրագրում հեղափոխական:
Նախարարն անդրադարձավ նաեւ կառավարության ծրագրի վերաբերյալ քննադատություններին, թե չափելիություն ու թվեր չկան, ծրագիրը բաժակաճառեր է հիշեցնում եւ այլն: Նախարարը նշեց, որ չկա որեւէ բաժակաճառ: Նախորդ ծրագրի նկատմամբ տարբերությունների վերաբերյալ էլ պարոն Խաչատրյանն ասաց. «Կարող է բովանդակային առումով շատ տարբերություններ չգտնեք, բայց շեշտադրումների տարբերություններ կգտնեք, կարեւոր է, թե ինչպիսի շեշտադրումներ է կատարում կառավարությունը եւ այդ ուղղություններով ինչ քայլեր է անում: Հավասար մրցակցությունը, շուկաներ մուտքի ազատությունը եւ գործելու ազատությունները ոչ միայն խոսք են, այլ գործ են, եւ դա պետք է խորացվի, մենք չենք կարծում, որ բոլոր հարցերը լուծված են»:
Պարոն Խաչատրյանի խոսքով. «Երկու շատ կարեւոր ցուցանիշներ կան կառավարության ծրագրում: Կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական աճի շարժիչն ու ուղղորդողը լինելու են ապրանքների եւ ծառայությունների արտահանումը: Այսօր 2018 թվականի ամփոփ ու վերջնական ցուցանիշները դեռ չկան, բայց 38 տոկոսի չափով ունենք ապրանքների եւ ծառայությունների արտահանում ՀՆԱ-ի նկատմամբ: Հայտարարվել է, որ դրանց կշիռը ՀՆԱ նկատմամբ կհասնի 43-45 տոկոսի: Դա հնարավոր է այն պայմաններում, երբ մենք յուրաքանչյուր տարի ունենանք արտահանման 8-10 տոկոս աճ: Դա բավական հավակնոտ նպատակային ցուցանիշ է»,- ասաց նախարարը:
Երկրորդ կարեւոր ցուցանիշը, որը կա կառավարության ծրագրում, նրա խոսքով, հիմնական միջոցներում ներդրումների զուտ աճն է:
Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով ներդրումներին, նշեց, որ այդ ցուցանիշը 2023 թվականին պետք է հասնի ՀՆԱ-ի 23-25 տոկոս մակարդակի, որը համաշխարհային համեմատականում կարեւոր նախապայման է, որը ապահովում է աճի կայուն հիմքեր, իսկ ներկայումս այդ մակարդակը մոտավորապես 18-19 տոկոսի սահմաններում կլինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ