Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 18-ից հերթական ուսումնամարզական հավաքը կանցկացնի օլիմպավանում: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի փոխանցմամբ, մի քանի ըմբիշներ փետրվարի 27-ից մարտի 4-ը Բուլղարիայում կմասնակցեն Պետրովի մրցաշարին, իսկ հավաքականի մի մասն էլ մարտի 3-ից 8-ը կմեկնի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն:
Հաջորդ փուլը կսկսվի Բելառուսում կազմակերպվելիք հավաքով, որտեղ մեր ընտրանին համատեղ կմարզվի մի քանի այլ երկրների հավաքականների հետ: Բելառուսից վերադառնալով Երեւան՝ հավաքականը կշարունակի մարզումները եւ ապրիլին Բուխարեստում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Դե, իսկ տարվա գլխավոր ստուգատեսը սեպտեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ