Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կցանկանայի երախտագիտություն հայտնել Սիրիայում ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու մեր կոչին»,- ասել է Շոյգուն Մոսկվայում Տոնոյանի հետ հանդիպմանը: Նա նկատել է, որ դա հատկապես կարևոր էր սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց բնականոն կյանք չեն տեսել և 5-7 տարի դպրոց չեն գնացել:
«Դա, իհարկե, զգալի ներդրում էր Սիրիայի բնականոն կյանքի վերականգնման գործում»,- ասել է Շոյգուն:
Իր հերթին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Սիրիային ցուցաբերած օժանդակության համար: «Խորին երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի՝ հատկապես պաշտպանության նախարարության և անձամբ Ձեր ցուցաբերած օժանդակության համար՝ Սիրիա մեր մարդասիրական օգնությունը կազմակերպելու գործում: Դա մեծ ներդրում է»,- ասել է Տոնոյանը:
Նա նկատել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում նպաստում են այդ երկրի հետպատերազմյան վերականգնմանը: «Եվ ես կարծում եմ, որ մեր մասնակցությունն այդ մարդասիրական գործողությանը շատ կարևոր է: Կարևոր է օգնությունը սիրիացի ժողովրդին, որի մաս է կազմում հայկական սփյուռքը»,- հավելել է Տոնոյանը:
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկւթյուն էր տարածել, ըստ որի՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ