Գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր «Նաիրի» ԲԿ է տեղափոխվել հետազոտություններ անցնելու համար, եւ իրականությանը չեն համապատասխանում ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ նա ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:
«Երբ հետազոտությունների արդյունքները պատրաստ լինեն, պարզ կլինի՝ նա կմնա՞ հիվանդանոցում այսօր, թե ոչ: Նա, ինչպես հայտնի է, շատ հիվանդություններ ունի: Հավանական է, որ դրանք սրվել են, այդ պատճառով էլ եկել է: Մի քանի հետազոտություն ենք արել, մասնագետների խորհրդակցություն է անցել»,-տեղեկացրեց Անատոլի Գնունին:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակման համար: Վերջերս նա դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել էր: Պաշտպանները գրավի դիմաց ազատ արձակման նոր միջնորդություն են ներկայացնելու դատարան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ ShantNews-ի