ՀՅԴ Հայաստանի ԳՄ Մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունները միավորելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև որոշ պաշտոնական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ։ Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացություն`նախարարությունների միավորումը հիմնավորվում է օպտիմալացման անհրաժեշտությամբ։
Մշակույթի (նաև երիտասարդության և սպորտի) ու Կրթության և գիտության նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի քաղաքական ընկալման և նրա դերակատարության թերագնահատման մասին։
Հազարամյակներ շարունակ, հայ մշակույթը՝ հայոց լեզվի և հայ եկեղեցու հետ, եղել է մեր ինքնության հիմնական հենասյունը, ձևավորել ազգային արժեհամակարգ և այն ամենը, ինչով աշխարհը ճանաչել է մեզ։ Մշակույթին մեծ դեր է վերապահված նաև Հայաստանի քաղաքական ներկայում և հեռանկարում։ Այն համակարգաստեղծ բնույթ ունի, մրցունակ երկրի նախապայման է, ձևավորում է պետականություն գիտակցող քաղաքացի և հասարակություն, լուծում է սոցիալական խնդիրներ։
Մշակույթին բացառիկ դերակատարություն է վերապահված ազգային անվտանգության և երկրի սոցիալ-քաղաքական փոփոխությունների ներկա համատեքստում։
Ի թիվս վերոնշյալ նպատակների և խնդիրների, ՀՀ կառավարության կառուցվածքում Մշակույթի նախարարության, իբրև առանձին պետական լիազոր մարմնի և ինստիտուտի անհրաժեշտությունը պարտադիր է՝ իրագործելու մշակույթի ոլորտում
ՀՀ Սահմանադրությամբ պետության ստանձնած պարտականությունները, բարեփոխելու գործող համակարգը, ապահովելու ոլորտի գործունեության օրենսդրական երաշխիքները, գործադրելու զարգացման ծրագրեր, իրականացնելու մշակութային ժառանգության պահպանության և զարգացման, գեղարվեստական կրթության մատչելիության ծրագրեր, միջազգային մշակութային երկխոսություններում ապահովելու Հայաստանի ներկայությունը, հանրահռչակելու հայկական մշակույթը և այլն։
Հորդորում ենք ՀՀ կառավարությանը` վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառվող պատկերացումները։
Համաշխարհային քաղաքակրթական ժառանգության մեջ անուրանալի ներդրում, հազարամյակների մշակութային ժառանգություն ունեցող հայերիս համար մշակույթի լուսանցքումը հղի է անդառնալի հետևանքներով։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ Մշակույթի, երիտասարդության
և սպորտի հարցերով հանձնախումբ
08.02.2019թ.