Փետրվարի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է Հ. Խ.-ի եւ Ժ. Վ.-ի դատավարության առաջին նիստը: Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի կոմունալ շահագործման պետը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ իրեն վստահված զորամասի կոմունալ ծառայության պահեստում գտնվող խոշոր չափերի՝ ընդհանուր 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ զինվորական մահճակալների մետաղյա 400 հատ անկյունակներ վատնելու եղանակով, հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. ապրիլ ամսվա սկզբներին անկյունակները վաճառելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել Վանաձոր քաղաքի բնակիչ Ժ. Վ.-ի հետ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցվել:
Ժ. Վ.-ն մեղադրվում է այն բանում, որ հանդիսանալով երկաթի առքուվաճառքով զբաղվող անհատ ձեռներեց, խոստացել է նշված զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, կապիտան Հ. Խ.-ին ձեռք բերել զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստից հափշտակված խոշոր չափերով՝ 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ զինվորական մահճակալների մետաղյա 400 հատ անկյունակներ: Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելու կամ վատնելու հանցափորձը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»), Ժ. Վ.-ին՝ 38-34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելու կամ վատնելու հանցափորձին հանցակցությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»):
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ