ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում այսօր հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանը, որը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: «Կարծում եմ՝ շատ լավ թիմային աշխատանք կունենանք եւ կարդարացնենք հանրության սպասելիքները: Որոշակի փորձառություն եմ կուտակել եւ մասնագիտացել աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերում, ուստի կարծում եմ՝ կկարողանամ աշխատանքս ծառայեցնել հանձնաժողովին եւ կարեւոր օրենսդրական նախաձեռնություններին»,-դիմելով հանձնաժողովականներին՝ ասաց Հերիքնազ Տիգրանյանը:
Լրագրողների հետ զրույցում էլ նա համոզմունք հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կաշկանդված չեն գաղափարներ արտահայտել. «Չենք կարող ասել, որ նրանք նույնությամբ կրկնել են կառավարության տեսակետները: Նույնը ակնկալում եմ նաեւ այս հանձնաժողովից: Եթե կառավարության նախագծերը եւ գաղափարները չեն բխի հանրության շահերից, դրանք հանձնաժողովում աջակցություն չեն ստանա»:
Ինչ վերաբերում է նոր կառավարության արդեն իսկ հրապարակված ծրագրին, Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի որոշ առաջարկներ տեղ են գտել դրանում. «Առաջարկել ենք ոլորտային կարգավորումներ եւ հստակեցումներ, որոնք մինչ այդ նախատեսված չէին: Եթե համեմատենք, կարող ենք ասել, որ մեր առաջարկներն ընդունվել են կառավարության կողմից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ