ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ կառավարության ծրագիրը ձեզ գոհացրե՞լ է, որպես ընդդիմադիր, հստակ թվեր կա՞ն ու տնտեսական հեղափոխություն հնարավո՞ր է իրականացնել այդ ծրագրով, պատասխանեց, որ քննարկումների փուլում են դեռեւս. «Մենք մեր մոտեցումներն ունենք, պետք նայենք, թե ինչքանով է դա համահունչ մեր ծրագրային մոտեցումներին: Մեկ դրույթ կա՝ անցյալ տարի երկու անգամ օրենքի նախագիծ էի դրել շրջանառության մեջ, որ շրջանառության շեմը չիջնի 115-ից 58 մլն դրամ, ես նայում եմ, որ այդ 115-ը պահպանվում է: Բայց 2-3 ամիս առաջ մերժել էր, հիմա պահպանում է, լավ է, որ մենք ինչ ասել ենք, անում են»:
Հարցին՝ տնտեսական հեղափոխություն հնարավո՞ր է անել այս ծրագրով՝ նա պատասխանեց, որ կա քաղաքական կամքի հարցը, մասնագիտական խնդիրներ կան. «Բաներ կան, որ համահունչ են, բաներ կան, որ տարբեր են մեր կարծիքները: Երկրում կատարվել են գործընթացներ՝ կոռուպցիայի հաղթահարման, արհեստական մենաշնորհների հաղթահարման, որոնք իսկապես հաղթահարվել են: Բայց նաեւ միջոցառումներ կան, որ պետք է կատարվեն: Բիզնեսը, ներդրումները հաշվիչի նման չեն, որ երեկոյան հաշվիչն անջատես, առավոտյան եկան: Լուրջ խնդիրներ կան կապված դատաիրավական համակարգի ռեալ անկախացման հետ, ֆինանսական շուկայի զարգացման, վարկային տոկոսադրույքների իջեցման հետ»:
Հարցին՝ նախորդ կառավարությունների ծրագրերը քննադատում էիք՝ ասելով, որ հստակ ուղենիշներ, թվեր չկան, հիմա այս ծրագրում կա՞ն թվեր ու ուղենիշներ՝ Մելքումյանը պատասխանեց, որ թվեր կան, որ կան, թվեր էլ կան՝ չկան. «Օրինակ, ՀՆԱ-ի 5 տոկոս թիվը կա, բայց չասեք՝ շա՞տ է դա, թե՞ քիչ: Մի քանի թվեր կան»: Մեր դիտարկմանը՝ այսինքն, այնպես չի, որ բաժակաճառերի հավաքածու է, ինչպես քննադատողներն են ասում՝ Մելքումյանը պատասխանեց. «Կան թվեր, կան, որ չկան»: Մեր հարցին՝ հեղափոխության շունչը ծրագրից զգո՞ւմ եք՝ Մելքումյանը պատասխանեց. «Նայած, թե հեղափոխությունն ով ոնց է պատկերացնում: Մենք պետք է մի ճանապարհով գնանք, որ տեմպերը ՀՀ-ում արագանան, այնպիսի պայմաններ ստեղծենք, որ բիզնես անելը, ներդրումների անվտանգությունն ապահովելն իրականություն դառնա»:
Հարցին՝ աղքատության շեմի իջեցման հետ կապված առաջին արդյունքը ե՞րբ կզգան՝ Մելքումյանն ասաց, որ 2023-ին ծայրահեղ աղքատներ ընդհանրապես պետք է չլինեն:
Նախորդ կառավարության ծրագրերի հետ համեմատած՝ կա՞ տարբերություն՝ Մելքումյանը տեղին չհամարեց համեմատությունը՝ ասելով, որ «դրանք լրիվ տարբեր կառավարություններ են, էապես տարբերվում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ