Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ից ներկրվող 500 ապրանքատեսակների մաքսերն ավելանալու են 1-4 տոկոսով. Մելքումյանը գրավոր դիմելու է Փաշինյանին

Փետրվար 08,2019 14:44

Այսօր Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստն էր: Հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը, նաեւ նիստի ընթացքում որոշվեց գիտափորձագիտական խորհուրդ ստեղծել՝ ժամանակ առ ժամանակ փորձագետների հետ որոշ հարցեր քննարկելու համար:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասաց. «Մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ԵԱՏՄ անդամ լինելով՝ չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած լայն հնարավորությունից: Մենք հարցերը գործադիրի առաջ միշտ բարձրացնելու ենք եւ քննարկելու ենք»:

Նա տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանին հարցրեց՝ 3-5 տարի էր տրված ՀՀ-ին, որ զգայուն ապրանքների՝ 752 ապրանքների գծով մաքսատուրքերը մնան զրոյական, հիմա մաքսատուրք կա, որ 25 տոկոս է, 30 տոկոս է: Հիմա այդ ժամանակը լրացել է ու զգայուն ապրանքների գծով թանկացումներ են լինելու: Եթե երրորդ երկրներից պետք է ցածր մաքսատուրքերով ապրանքներ գային Հայաստան, հիմա չեն գալու. «Կա՞ն դեպքեր, երբ մեր հանրապետությունը ԵԱՏՄ հանձնաժողովի առջեւ հարց է բարձրացրել, որ մաքսատուրքերը իջեցնեն, հատկապես այն ապրանքների, որոնք շատ զգայուն են, կամ ունե՞նք դեպքեր, որ Բելառուսն է, օրինակ, խնդրել»:

Փոխնախարար Ալբերտ Բաբայանը պատասխանեց, որ ԱՀԿ անդամ երկրներից դիմել են ՀՀ-ին, որ բարձրացված մաքսատուրքերի արդյունքում առաջացած խնդրի հարցով նորից բանակցություններ լինեն. «Որոշ ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում այլ երկրներին, հնարավոր է քվոտաների սահմանում լինի: Այդ ապրանքները թե որոնք են, առանձին կներկայացնենք հետո»: Նա ասաց, որ 5-7 տարիների ընթացքում պետք է բարձրանային որոշ մաքսատուրքեր, մոտ 900 ապրանքատեսակի մասին է խոսքը, դրանք աստիճանաբար պետք է հասնեին ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերին, 2019-ին շարունակաբար բարձրանալու են, մոտ 500 ապրանքատեսակների մասով: Նախորդ տարվա համեմատ այդ ապրանքները բարձրանալու են 1-4 տոկոսով:

Մելքումյանը հարցրեց՝ մաքսատուրքերի բարձրացման արդյունքում առաջարկն ու պահանջարկը ի՞նչ փոփոխությունների են ենթարկվելու եւ սպառողի վրա ի՞նչ բեռ է ընկնելու, ունե՞ք վերլուծություն, թե հայրենական, տեղական արտադրությունն ինչ ռեակցիա է տալու այդ փոփոխություններին: Եթե վակուում է առաջանալու, մենք պիտի դա նախապես իմանանք, ոչ թե փաստը կատարվի, մենք սկսենք վերլուծություն անել, ի՞նչ կառաջանա մեր ապրանքային շուկայում մի քանի զգայուն ապրանքների մասով ասեք:

Ալբերտ Բաբայանը պատասխանեց, որ զգայուն ապրանքատեսակների հետ կապված որոշ քայլեր ձեռնարկել են, օրինակ, հավի մսի մաքսատուրքը 4 տոկոսով այս տարվանից բարձրանում է, քանի որ ՀՀ-ն այդ ապրանքատեսակի մասով համարվում է ինքնաբավ, մտավախություն այդտեղ չկա: Ներմուծվող բրնձի մաքսատուրքն էլ պետք է 3 տոկոսով բարձրանա, ու ԵԱՏՄ-ն Վիետնամի հետ ունի ազատ առեւտրի պայմանագիր, ունենք նաեւ քվոտա Վիետնամից առանց մաքսատուրքի այդ ապրանքատեսակը ներմուծելու մասին ու քվոտան ավելի շատ է, քան ՀՀ սպառումն է անցյալ տարի եղել:

Մելքումյանը հորդորեց, որ հանձնաժողովին նախարարությունը տեղեկացնի ապրանքատեսակների շուկայում սպասվող փոփոխությունների մասին:

Միքայել Մելքումյանը նաեւ հարցրեց՝ երրորդ երկրներից ՀՀ ներկրվող ապրանքների դեպքում Ավելացված արժեքի հարկը սահմանին չգանձելու հնարավորություն ունենք, ինչո՞ւ չենք օգտվում, եթե չի հակասում ԵԱՏՄ պայմանագրերի որեւէ դրույթին, որ տնտեսվարողները շահեն, շրջանառու միջոցի դեֆիցիտ չունենան: Խոսքը այն ապրանքատեսակների մասին է, որոնք շուկայում սոցիալական նշանակություն ունեն: Մելքումյանի խոսքով՝ «Մենք ունենք այդ հնարավորությունը, բայց չենք օգտվում: Պետք է դա հատուկ քննարկման առարկա դարձնենք կառավարության մեր գործընկերների հետ, ինչո՞ւ չենք օգտվում, մեզ հայտնի չի, ես գրավոր կդիմեմ վարչապետին: Անհասկանալի է, թե բիզնեսի համար բարերար այդ արձագանքից ինչու չենք օգտվել մինչեւ հիմա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728