Մարտի 8-ից 15-ը Լաս-Վեգասում կայանալու է մինչեւ 17 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի երկու մարզիկ: Պատանիների հավաքականի ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանը մարզչական խորհրդի հետ հունվարին կայացած Հայաստանի առաջնության արդյունքներով ընտրել է 81 կգ քաշային Գեւորգ Ղահրամանյանին եւ 89 կգ քաշային Գարիկ Կարապետյանին: Մարզչի խոսքով, նրանք երկուսն էլ կարող են հավակնել աշխարհի առաջնության մեդալի:
Պատանիների հավաքականը նոր է ավարտել ուսումնամարզական հավաքն Օլիմպավանում: Մի քանի օր հանգստանալուց հետո պատանի ծանրորդները կրկին կհավաքվեն այնտեղ, իսկ ընտրված մարզիկները մրցավայր կմեկնեն մարտի 9-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ