Լրահոս
Օրվա լրահոսը

Կանչն ընդունված է. շտապօգնությունը կժամանի ավելի շուտ

Փետրվար 08,2019 14:09

Շուրջօրյա աշխատանք, արագ արձագանքում, վայրկյանների ընթացքում կենսական որոշում կայացնելու հմտություն, փրկվող մարդկային կյանքեր: Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերությունն աշխատում է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բուժխմբերով:

Այսօր 1-03 ծառայությունն օրական սպասարկում է շուրջ 740 կանչ: Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի արդյունքում, արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում:

«Մեր առաջնային օղակի բժիշկներին տրվել է հստակ հանձնարարական, որպեսզի կապը պոլիկլինիկա և քրոնիկ հիվանդի միջև ուժեղացվի: Եթե 10-15 օր առաջ ունեինք օրեկան 900-860 կանչ, ապա վերջին շրջանում 700 – 740 կանչ ենք սպասարկում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Ընկերության հիմնական նպատակը անհետաձգելի կանչերին արագ արձագանքելն է, սակայն հաճախակի են այն դեպքերը, երբ կանչերն ամենևին էլ շտա՛պ օգնության համար չեն: Երբեմն, ծառայության արագ արձագանքումը փոքր ինչ ուշանում է նաև նման կանչերի պատճառով:

Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու հարցում, շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ մոտեցումն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, ի դեպ, կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:

«Վարորդները ոչ թե զիջելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության, այլ հակառակը՝ չզիջելու համար»,- ընդգծել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:

Ընկերության խնդիրներն օրակարգում. Երևանի քաղաքապետարանն այսօր առողջապահության նախարարության հետ համատեղ հստակ քայլեր է ձեռնարկում:  

«Բարձրացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել և աշխատանքային պայմանները, և ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները: Ակտիվ քննարկումներ են գնում առողջապահության նախարարի հետ, որ քաղաքացիներին սպասարկող շտապբուժօգնության աշխատակիցները նույնպես պետպատվերի շրջանակներում ընդգրկվեն անվճար առողջապահական ապահովագրական ծրագրում: Մոտավորապես 540 աշխատակցի մասին է խոսքը գնում»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

 

Երկու կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ ոլորտում արդյունքներն առաջիկայում ավելի նկատելի կդառնան, շատ կարևոր է նաև քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումը ծառայության աշխատանքի նկատմամբ: Հիշե՛ք, շտապօգնության մեքենաներին զիջելը մարդկային կյանք փրկելու հարցում Ձեր մասնակցությունն է:   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728